Տասնյակ հազարավոր հայաստանցիների համար խաղողը մնում է եկամտի հիմնական
աղբյուրը։ Բարեբախտաբար, բերքն այս տարի վատը չէ, թեեւ պաշտոնական
վիճակագրությունը շատ ավելի մեծ թվեր է ներկայացնում, քան կա իրականում։
Պաշտոնական վիճակագրությունն, իհարկե, իր խնդիրներն ունի. եկող տարի
դարձյալ պիտի երկնիշ տնտեսական աճ նկարի, իսկ դրա համար անհրաժեշտ է «էս
գլխից» թղթի վրա խաղողի հսկայական բերք ցույց տալ։
Իսկ խաղողագործներին այդ թվերը չեն հետաքրքրում։ Նրանց իրական բերքն է
հետաքրքրում։ Եվ իհարկե՝ խոշոր ձեռնարկությունների որոշած մթերման գները։
Տասնյակ հազարավոր հայաստանցիների բարեկեցությունը, փաստորեն, ոչ միայն
խաղողի բերքից է կախված, այլեւ մի քանի գործարանատերերի «բարի կամքից»։