Երեկ ԱԺ թվով 21 պատգամավորների անունից հրապարակվել է նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակ, որում պատգամավորները խնդրում են «ներում շնորհելու միջոցով ազատել Սասուն Միքայելյանին պատժի հետագա կրումից»: «Լրատվամիջոցներից տեղեկանալով Ս. Միքայելյանի առողջական ծանր վիճակի մասին, մենք եւս մտահոգված ենք նրա առողջությամբ: Մեր նախկին գործընկերոջը բուժող բժիշկ Ավետիք Մինասյանը հայտարարել է, որ «Սասուն» ջոկատի հրամանատարը լուրջ բուժման, վիրահատության կարիք ունի, եւ բանտային պայմանները նրա համար կարող են առողջական հավելյալ խնդիրներ ստեղծել: Անկախ նրանից, թե Միքայելյանն ինչ պատճառներով է կալանավորվել, մենք խնդրում ենք Ձեզ` օգտվելով ՀՀ սահմանադրության 55 հոդվածով Ձեզ վերապահված լիազորություններից, ներում շնորհելու միջոցով ազատել Ս. Միքայելյանին պատժի հետագա կրումից»,- նշված է այդ նամակում, որը ստորագրել են ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամներ Սեյրան Սարոյանը, Արմեն Մխիթարյանը, Տաճատ Վարդապետյանը, Նահապետ Գեւորգյանը, Վարդան Այվազյանը, Մարտին Սարգսյանը, Վոլոդյա Բադալյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, ԲՀԿ-ից Վարդան Բոստանջյանը, Ռուբեն Գեւորգյանը, Հրանտ Մադաթյանը, Ռուստամ Գասպարյանը, Ռոբերտ Թովմասյանը, Մելիք Մանուկյանը, Վերսանդ Հակոբյանը, ինչպես նաեւ անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Տիգրան Թորոսյանը, Մխիթար Վարագյանը, Հակոբ Հակոբյանը, Սամվել Բալասանյանը եւ Լյովա Խաչատրյանը: Սակայն երեկ կեսօրից հետո ԱԺ Հանրապետական խմբակցությունը տարածեց հաղորդագրություն, որով փորձ է արվում հերքել ՀՀԿ-ական պատգամավորների` ստորագրահավաքին միանալու փաստը: «Ըստ լրատվամիջոցների տարածած հաղորդագրության՝ ՀՀԿ խմբակցության մի քանի անդամներ ստորագրել են Սասուն Միքայելյանին ներում շնորհելու միջնորդագրի տակ: Հայտնում ենք, որ ըստ գործող օրենքների՝ նման լիազորություն չի նախատեսված: ՀՀԿ խմբակցությունը առաջնորդվում է միայն ու միայն օրենքներով: Խմբակցության անդամներին բանավոր ներկայացրել են մի բան` փորձելով մարդասիրական մոտեցումներ ձեւավորել: Այնպես որ, նույնիսկ, եթե ստորագրել են, դա չի կարող վերաբերել առաջադրված տեքստին»,- նշված է այդ պարզաբանման մեջ: Իսկ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Panorama.am-ին ասել է, թե բաց նամակում նշված պատգամավորներին խաբել են: «Ըստ պատգամավորների մոտեցումների, ոչ թե կարդացել ստորագրել են, այլ պարզապես զգացմունքներն են շարժել, ինչի հետեւանքով ստորագրությունը կատարված է: Ստորագրություն վերցնելուց նրանց ներկայացվել է ոչ թե պահանջները, այլ ներկայացվել է, որ՝ ծանր վիճակ է, ու վիրահատության համար խնդրում ենք ստորագրեք, ու մարդիկ են եղել, որ ստորագրել են: Բայց հիմնական տեքստը հետո է հրապարակվել, որտեղ ասվում է, որ վիրահատության կարիք ունի (նկատի ունի Սասուն Միքայելյանին.- Հ.Մ.), առողջական խնդիրներ ունի, խնդրում ենք ՀՀ նախագահին՝ ներում շնորհել: Բնականաբար, նրանք չպետք է գնային այդ քայլին, պետք է տեքստը կարդային, նոր ստորագրեին: Այսօր բոլոր մեր պատգամավորները ժխտում են, որ դա խաբկանք է, խաբել են իրենց»,- հայտարարել է նա: Ուշագրավ է, որ հայտարարության տեքստը չէին ստորագրել նաեւ «Ժառանգության» պատգամավորները: «Մեզ ոչ ոք չի ասել, որ նման նախաձեռնությամբ են հանդես գալիս»,- երեկ ԱԺ-ում ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` անակնկալի գալով հարցից, թե ինչպե՞ս են վերաբերվում ԱԺ 21 պատգամավորների այդ նախաձեռնությանը: Նա ասել է, որ իրենք բազմիցս են դիմել վարույթ իրականացնող մարմնին` Ս. Միքայելյանին ազատ արձակելու պահանջով: Բացի այդ, ըստ Փոստանջյանի, ներում շնորհելու համար ՀՀ նախագահը Ս. Միքայելյանից պետք է գրավոր ներման խնդրագիր ստանա: «Ազատ արձակելու համար նախագահը պետք է Ս. Միքայելյանից գրավոր խնդրանք ստանա: Սակայն կարծում ենք, որ նա քրեորեն հետապնդելի արարք չի կատարել, որ նախագահին խնդրի՝ իրեն ազատի: Նրա առողջական վիճակը շատ վատ է, ու Քրեակատարողական օրենսգրքի հիման վրա, եթե անձը գտնվում է վատառողջ վիճակում, պարտադիր պետք է նրան ազատեն,- ասել է նա` հավելելով,- Բայց եթե պետք է «խնդրել» բառով օգնել նրան, որ ազատ արձակվի, կարող եմ նաեւ խնդրել, որեւէ խնդիր չեմ տեսնում»: Երեկ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ բաց նամակի տակ ստորագրած պատգամավորներից: Իհարկե, նրանց մի մասը, ինչպես եւ կարելի էր սպասել, խորապես անհասանելի էր: ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը ամբողջությամբ կարդացել է հայտարարության տեքստը, որից հետո նոր միայն ստորագրել է այն: Հարցին, թե ԲՀԿ խմբակցության հետ համաձայնեցնելու անհրաժեշտություն չկա՞ր արդյոք, Վ. Բոստանջյանը պատասխանեց. «Դե, դա ոչ քաղաքական հարց էր, կամ գոնե ես այդպես մտածեցի»: ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ էլ, նշելով, որ բաց նամակի տեքստն իրենք ամբողջությամբ կարդացել են ստորագրելուց առաջ, ասացին, որ այս հարցով դիմենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: ՀՀԿ-ական Վոլոդյա Բադալյանը եւս մեզ հետ զրույցում նշեց, որ այդ բաց նամակի տեքստն ամբողջությամբ կարդացել է: Հարցին, թե իրեն խաբե՞լ են այս հարցում, նա պատասխանեց. «Ես էն մարդը չեմ, որին խաբեն»: Նա ասաց, որ փաստաթուղթը ստորագրելիս իրեն տեղեկացրել են, որ Ս. Միքայելյանի վիճակը ծանր է, եւ որ իր ստորագրությունը Ս. Միքայելյանին հիվանդանոց տեղափոխելու ու բուժելու թույլտվություն ստանալու համար է: «Բառացի խոսակցությունը ընդհանրապես քաղաքական որեւէ խնդրի չէր առնչվում, հարցը զուտ մարդկային վերաբերմունքի մասին էր: Եթե հարցը փոխվում է դեպի քաղաքական միջավայր, այդ դեպքում ես դեմ եմ»,- նշեց Վ. Բադալյանը: Ինչ վերաբերում է Ս. Միքայելյանին ազատ արձակելու միջոցով բուժօգնություն տրամադրելուն, ապա Վ. Բադալյանն ասաց. «Ազատ արձակելու կամ չարձակելու հետ կապված ոչ մի խնդիր չի եղել, խոսքը Ս. Միքայելյանին ընդամենը հիվանդանոց տեղափոխելու մասին էր: Կան իրավապահ մարմիններ, որոնք որոշում են կայացնում, եթե գտնեն, որ անմեղ է, թող ազատեն, բայց ես այդ իրավունքները չունեմ»,- ասաց Վ. Բադալյանը: