Այսօր Սահմանադրական դատարանը լսելու է «Ա1+»-ի հայցը: Այդ կապակցությամբ երեկ «Մելտեքս» ընկերության` «Ա1+»-ի ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը տարածել են հայտարարություն, որում ասված է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2008թ. հունիսի 17-ին որոշել է, որ ՀՀ իշխանությունները խախտել են «Մելտեքս» ընկերության (Ա1+) ազատ արտահայտվելու իրավունքը, քանի որ հեռուստահեռարձակման արտոնագրի համար անցկացված յոթ մրցույթներն անցկացվել են Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներով: Վճռից անմիջապես հետո գործը փոխանցվեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին, որն էլ մինչեւ այժմ իրականացնում է ՀՀ իշխանությունների կողմից վճռի կատարման վերահսկողությունը: ՀՀ իշխանությունները մինչեւ այժմ զեկուցել են Նախարարների կոմիտեին, որ իրականացրել են մի շարք միջոցառումներ վճռի կատարման ուղղությամբ. վճարվել է Եվրոպական դատարանի վճռով սահմանված փոխհատուցումը, վճիռը թարգմանվել եւ հրապարակվել է, օրենսդրության մեջ կատարվել են փոփոխություններ մրցույթների անցկացման կարգի վերաբերյալ: 2009թ. սեպտեմբերին ՀՀ իշխանությունները զեկուցել են, որ որպես խախտված իրավունքների վերականգնման միջոց, 2010թ. հուլիսին անցկացվելու է նոր մրցույթ: Ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, Եվրոպական դատարանի վճռով սահմանված խախտված իրավունքների վերականգնման լավագույն միջոցը գործի վերաբացումն է ազգային մակարդակում` նախկին դատական որոշումների վերանայումը: Այս նպատակով Ընկերությունը 2008թ. դեկտեմբերին դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան գործը վերաբացելու դիմումով` հիմնվելով Եվրոպական դատարանի վճիռը որպես «նոր հանգամանք» սկզբունքի վրա: 2009թ. փետրվարին Վճռաբեկ դատարանը դիմումն ընդունել է վարույթ, քննել եւ այնուհետեւ մերժել ընդունելիության մասին հարցը` պատճառաբանելով, որ Ընկերության դիմումով բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք չեն բխում Եվրոպական դատարանի վճռից, եւ որպես այդպիսին՝ Եվրոպական դատարանի վճիռը չի կարող հանդիսանալ նոր հանգամանք: Իր դիմումով Ընկերությունը պահանջել էր ճանաչել իր իրավունքների խախտման փաստը (այն, ինչ արել էր Եվրոպական դատարանը), անվավեր համարել ՀՌԱՀ վիճահարույց որոշումները եւ անցկացնել նոր մրցույթ: Գործի վերաբացման դիմումը մերժվել էր ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204/28 հոդվածի 1-ին մասի համաձայն: Սույն թվի սեպտեմբեր ամսին Ընկերությունը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` վիճարկելով վերը նշված դրույթի սահմանադրականության հարցը: Սահմանադրական դատարանը, դիմումը միացնելով մեկ այլ նմանատիպ պահանջով բերված դիմումի հետ, համարել է այն ընդունելի եւ դատաքննության օր նշանակել սույն թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին: Դատաքննությունն անցկացվելու է գրավոր: Ընկերությունը պնդում է, որ նշված օրենսդրական դրույթը զրկում է ՀՀ քաղաքացիներին արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից եւ միջազգային ատյաններում իրենց խախտված իրավունքներն արդյունավետ կերպով վիճարկելու հնարավորությունից` ՀՀ Սահմանադրության 18 եւ 19 հոդվածների հիմքերով: Գործի վերաբացում ըստ էության տեղի չի ունեցել: Դա նշանակում է, որ Եվրոպական դատարանի վճիռը իրավական հետեւանք չի առաջացրել Ընկերության համար: Ընկերությունը գտնում է, որ եթե Եվրոպական դատարանի վճիռը համարվում է «նոր հանգամանք» ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի հիմքով, ապա այն պետք է հանգեցնի վարույթի վերաբացմանը եւ նախկինում կայացված որոշումների վերանայմանը: Եթե Եվրոպական դատարանը որոշել է, որ ՀՀ իշխանությունները սխալ են կիրառել Կոնվենցիայի 10-րդ հոդվածը, դա ինքնին նշանակում է, որ ՀՌԱՀ-ի որոշումները 2003-2004թթ. դատական ստուգման ենթարկելիս ՀՀ դատարանները սխալ են մեկնաբանել եւ կիրառել Կոնվենցիայի 10-րդ հոդվածը: Մինչդեռ, վերը նշված դրույթը թույլ է տալիս ազգային դատարաններին մերժել Եվրոպական դատարանի որոշումները, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները որպես նոր հանգամանք դիտելը: Հետեւաբար, ոչ միայն «Ա1+» հեռուստաընկերության վճռի, այլ նաեւ Եվրոպական դատարանի վճիռների, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների կատարման պրակտիկան ՀՀ-ում վտանգված է»: