«Գիտելիքահենք» ասուլիսների պատմությունից

15/12/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Բանավե՞ճ, թե՞ դասախոսություն։ ՀՀ ԱԺ պատգամավորների՝ ՀԴՅ-ական Արծվիկ Մինասյանի եւ ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանի երեկվա բանավեճին ներկա լրագրողներից շատերը հենց այս հարցի պատասխանն էին փորձում գտնել։ Բանն այն է, որ Գ. Մինասյանը, ըստ երեւույթին, «Հայելի» ակումբ եկել էր ոչ միայն լրագրողներին հուզող հարցերին պատասխանելու, այլեւ՝ նրանց գիտելիքները համալրելու համար։

Իր կարծիքով: Եվ հենց այդ ազնիվ մղումով էլ հորդորում էր լրագրողներից մեկին՝ խոսելու ընթացքում չընդհատել հարցերով, այլ լսել։ Որովհետեւ. «Եթե ինձ չլսեք, ձեր գիտելիքները կմնան այն նույն մակարդակի վրա, որն ունեք»։

Սեփական գիտելիքների կատարելության եւ ներկաների գիտելիքների պակասը ի սկզբանե որպես ելակետ ընդունելով՝ Գ. Մինասյանը փորձում էր հակադարձել այն մեղադրանքներին, որ բյուջեն ընդունելիս իշխանությունները ընդդիմության կարծիքը հաշվի չեն առել։ Պատգամավորը նախ կոչ արեց թուղթ եւ մատիտ վերցնել եւ թվաբանության միջոցով պարզել, թե տոկոսային առումով՝ ում առաջարկները որքանով են հաշվի առնվել։ Եվ հավաստիացնելով, որ այդ հարաբերակցությունը նույնն է՝ Գ. Մինասյանն ավելացրեց. «Այլ կերպ չէր կարող, քանի որ այն իշխանությունը, որը հավուր պատշաճի չի գնահատում ու ուսումնասիրում ընդդիմության առաջարկները, եւ հնարավորության դեպքում չի ընդառաջում դրանց, ապա հաճախ հանդիպում է խնդիրների»։ Ա. Մինասյանը, բնականաբար, չհամաձայնեց՝ նշելով, որ. «Հանրային փողերի բաշխման գործում նրանք (իշխանությունները.- Բ.Թ.) կարեւորում են իրենց որոշումները եւ ամենեւին չեն արժեւորում ընդդիմության տեսակետը»։ Այս դիտարկմանն ի պատասխան՝ Գ. Մինասյանը կրկնեց, որ իրենք ընդունում են ընդդիմության առաջարկները՝ իհարկե, հաշվի առնելով, թե դրանք որքանով են համահունչ տնտեսական քաղաքականությանը։ Ի վերջո, բանավիճողները ընդհանուր հայտարարի եկան այն հարցում, որ ընդունված առաջարկությունների քանակը մեծ պրոբլեմ չէ, եւ որ կարելի է կենտրոնանալ ավելի լուրջ խնդիրների վրա։

Բուն թեմային՝ տնտեսությանն ու տնտեսական քաղաքականությանն անցնելով՝ Ա. Մինասյանը նշեց, որ այն, ինչ 2009թ. ՀՀ կառավարությունը ձեռնարկեց, երկիրը սոցիալ-տնտեսական առումով ետ է շպրտել մի քանի տարով: Ըստ դաշնակցական պատգամավորի, բյուջեով կանխատեսվող 1,2 տոկոս տնտեսական աճը հիմնվում է տրանսֆերտների եւ միջազգային պահանջարկի աճի վրա, ինչը խոսում է անլուրջ մոտեցման մասին։ «Չկա երկրի տնտեսության առողջացման կոնկրետ ծրագիր: ՀՀ Կառավարության հակաճգնաժամային ծրագիր ասվածն իրականության մեջ ոչ այլ ինչ է, եթե ոչ կառավարության անգործության ծածկադմփոց: Կառավարությունն իրականացնում է ոչ թե նախաձեռնողական, այլ հարմարվողական, կենսամակարդակի է՛լ ավելի վատթարացման քաղաքականություն»,- նշեց նա: Ինչ վերաբերում է իշխանությունների այն հայտարարություններին, թե 2010թ. նպաստները, աշխատավարձերը, կենսաթոշակները չեն նվազելու, ապա, ըստ Արծվիկ Մինասյանի, իրականում թվերն այլ բան են հուշում՝ եթե դիտարկենք 2010թ. սպասվող գնաճի մակարդակը։

Գ. Մինասյանը, բնականաբար, սկսեց արդարացնել կառավարությանը։ Խոսելով բանկային համակարգի կայունության եւ այլ երեւույթների մասին՝ նա պարբերաբար նշում էր, որ չի կարելի չնկատել առաջընթացը։ Ու այնպես ստացվեց, որ կառավարությունը անսխալական է, իսկ ձախողումների մեղավորը՝ միայն եւ միայն ճգնաժամն է։ Ըստ Գ. Մինասյանի՝ կառավարությունը գործել է աննախադեպ ճգնաժամային իրավիճակում, որը անգամ կայուն երկրներին է մի քանի տարով հետ գցել (հիշեցնենք, որ Գ. Մինասյանն ինքը ժամանակին ճգնաժամը լուրջ չէր ընդունում)։ «Իսկ անգամ այս պայմաններում 2009-ի սկզբին 12 տոկոսով աշխատավարձ բարձրացավ»,- որպես դրական քայլ՝ նշեց պատգամավորը։ Նա խորհուրդ տվեց մեր ցուցանիշները՝ օրինակ, բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցությունը, համեմատել Եվրամիության հետ եւ պարզել, որ մեզ մոտ էլ՝ ԵՄ-ի նման, այդ հարաբերակցությունը չի գերազանցում 6%-ը։ Գ. Մինասյանը նաեւ կոչ արեց նայել 2010թ. բյուջեն, որտեղ գրված է, որ շինարարությունը նվազելու է, իսկ արդյունաբերության տեսակարար կշիռը՝ մեծանալու։ Նշենք, որ բյուջեի ուղերձում իսկապես նշված է. «Արդյունաբերական քաղաքականությունը նպատակաուղղված կլինի Հայաստանի` որպես արդյունաբերական երկրի կարգավիճակի ձեռք բերմանը, տնտեսական աճի կառուցվածքում արդյունաբերության տեսակարար կշռի ավելացմանըգ»։ Սակայն, եթե միայն գրելով հնարավոր լիներ Հայաստանը դարձնել ինդուստրիալ երկիր, ապա նույն կերպ՝ այս տարի պետք է 18%-անոց անկման փոխարեն ունենայինք 9.2% տնտեսական աճ։

Գ. Մինասյանի համար նաեւ անհասկանալի էր՝ ինչպե՞ս կարելի է չնկատել, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը աճել է 0.6 տոկոսային կետով՝ այս տարվա 17.1%-ից հասնելով 17.7%-ի (ըստ 2010թ. բյուջեի)։ Մեր այն դիտարկմանը, թե հարաբերակցությունը մեծանում է ՀՆԱ-ի կրճատման հաշվին, Գ. Մինասյանը չհամաձայնեց՝ կրկին խորհուրդ տալով դիմել թվաբանության օգնությանը։ Պարզվեց՝ ինչ-որ բան խառնում ենք՝ համարիչ-հայտարարը շփոթում ենք կոտորակի հետ, եւ այլն։ Անկեղծ ասած՝ պատասխանից բան չհասկացանք, քանի որ, ինչպես ընթերցողները գիտեն, մենք տնտեսական թեմաներից այնքան հեռու ենք, որքան Հայաստանը՝ ֆինանսական կենտրոն դառնալու հեռանկարից։ Այնուամենայնիվ, 5-րդ դասարանի մաթեմատիկայի դասագիրքը աչքի անցկացնելուց, վերհիշելուց հետո՝ համարձակվեցինք մի թեթեւ հաշվարկ կատարել։

Նախ՝ 17.7% հարաբերակցության մասին խոսելը դեռ շուտ է. դեռ հարցականի տակ է՝ 2010թ. այդ ցուցանիշը կապահովվի՞, թե՞ ոչ։ Երկրորդ՝ ավելի արդարացի կլիներ 17.7%-ը համեմատել ոչ թե 17.1%-ի հետ, այլ՝ 17.4%-ի հետ, քանի որ 2009թ. բյուջեով նախատեսված էր հենց այդ հարաբերակցությունը։

Եվ վերջապես՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճի մասին։

Ինչպես տեսնում եք աղյուսակում, 2009թ. նախատեսված է եղել հարկեր/ՀՆԱ-ի 17.4 տոկոսանոց հարաբերակցություն (թեեւ փաստացի կլինի 17.1%), իսկ հաջորդ տարի՝ 17.7։ Ինչի՞ հաշվին է եղել այս աճը։ Այն պարզ պատճառով, որ ՀՆԱ-ի (հայտարարի) կրճատումը 1.3%-ով ավելի մեծ է եղել, քան հարկերի (համարիչի) կրճատումը։ Իսկ 5-րդ դասարանի թվաբանությունը հուշում է, որ եթե հայտարարն ավելի շատ է փոքրանում, քան համարիչը, կոտորակի արժեքը մեծանում է՝ պարծենալու տեղ թողնելով պատասխանատուներին։ Այլ կերպ ասած, եթե «տակի թիվը» ավելի շատ է փոքրանում, ապա կոտորակն աճում է։ «Տակի թիվը», հիշեցնենք, Հայաստանի համախառն ներքին արդյունքն է։

Իսկ ընդհանրապես, «թիվ կռվացնելը» ճիշտ բան չէ, եւ միայն հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճով պարծենալը՝ նույնպես։ Օրինակ, եթե կառավարությունը որոշեր ամեն գնով պահպանել հարկային եկամուտների չափը, ապա հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը կմեծանար, իսկ տնտեսությունը շունչը կփչեր։ Բարեբախտաբար, կառավարությունն այդ քայլին չգնաց։

Իսկ ցուցանիշներն այսօր մեծ հաշվով ժողովրդին չեն հետաքրքրում։ Դրանք միայն վարկ տրամադրող միջազգային կազմակերպություններին ցույց տալու համար են։ Եվ անկախ այս ամենից՝ կառավարությանը մի հարցում հաստատ կարելի է նախանձել։ Լավատեսության։ Չնայած ձախողումներին, դժվարություններին, տնտեսական անկմանը, հարկերի կրճատմանը, տրանսֆերտների եւ ներդրումների նվազմանը՝ կառավարությունը չի հրաժարվել իր «տիեզերական ծրագրերից»։ «Բիզնես միջավայրի «գերազանցության կենտրոն» համազգային նախագծի շրջանակներում կշարունակվեն աշխատանքները Հայաստանը տարածաշրջանում գործարար եւ ներդրումային միջավայրի «գերազանցության կենտրոն» դարձնելու ուղղությամբ»,- նշված է 2010թ. բյուջեի ուղերձում։ Որքան էլ դաժան հնչի, մնում է հուսալ, որ ֆինանսական ճգնաժամը նոր ալիքով կհարվածի աշխարհին, որպեսզի «գերազանցության կենտրոն» չդառնալու դեպքում խայտառակ չլինենք եւ արդարանալու տեղ ունենանք։ Չնայած, այդ մասին թող մտածեն թվաբանության սիրահար հանրապետականներն ու նույնքան հանրապետական կառավարության անդամները: