– Ադրբեջանի նախագահը պարբերաբար ռազմաշունչ հայտարարություններ է անում: Դրան զուգահեռ` Ադրբեջանում ակտիվանում են իսլամական շարժումները: Ռազմատենչ հռետորաբանությունն ու իսլամի դերի ակտիվացումն Ադրբեջանում աղերսներ ունե՞ն:
– Կարծում եմ` ոչ: Կամ` դեռեւս ոչ: Ընդհանրապես, իսլամն ունի հասարակությանը համախմբելու ներուժ: 2006-ին Ադրբեջանի շեյխ ուլ-իսլամը հայտարարեց, որ պատրաստ է «գրավյալ» տարածքների վերադարձի համար ջիհադ` սրբազան պատերազմ, հայտարարել, սակայն դա հասարակական արձագանք չունեցավ:
– ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին հանրապետություններում տեղի ունեցան կրոնի վերարժեւորման գործընթացներ։ Այդ թվում եւ՝ Ադրբեջանում:
– Ադրբեջանը շիադավան պետություն է, երկրի իսլամադավան բնակչության շուրջ 70%-ը շիաներ են, 30%-ը` հիմնականում էթնիկ փոքրամասնություններ, սուննիներ: Անկախացումից հետո իսլամական վերածնունդն Ադրբեջանում ավելի շատ դրսեւորվեց էթնիկության համատեքստում, իսլամը վերարժեւորվեց` որպես ադրբեջանական ինքնության կարեւոր, սակայն ոչ առաջնային բաղադրիչ: Ադրբեջանցիների մեծ մասն իրեն համարում է մուսուլման, չնայած, շատ դեպքերում, իսլամի ոչ համապարփակ իմացությանը կամ գրեթե չիմացությանը:
– Կրոնական հարցերում ադրբեջանական իշխանությունների մոտեցումներում ակնհայտ են կոշտ շեշտադրումներ: Հայտնի են դեպքեր, երբ ճնշումներ են իրականացվել այն մարդկանց նկատմամբ, ովքեր ունեն երկար, անխնամ մորուք։
– Վերջին շրջանում Ադրբեջանի խորհրդարանը որոշ օրենքներում փոփոխություններ է կատարել` սահմանափակումներ մտցնելով իսլամին վերաբերող առանձին գործընթացներում: Ըստ այդմ` կրոնական անձանց չի թույլատրվում քաղաքական գործունեությամբ զբաղվել, արգելվում է հիջաբով կրթական հաստատություններ մուտք գործել, պաշտոնական փաստաթղթերի համար գլխաշորով նկարվել, որի հետեւանքով 16 տարին լրացած աղջիկներից շատերը չեն կարողանում անձնագիր ստանալ: Իշխանություններն արգելել են նաեւ մզկիթի շուրջն աղոթելը: Բացի այդ, արտերկրում աստվածաբանական կրթություն ստացած անձանց չի թույլատրվում իսլամական կրոնական արարողություններ վարելը: Այդպիսով, իշխանությունները փորձում են օրենքի ուժով կասեցնել Ադրբեջանի համար ոչ ավանդական կրոնական ուղղությունների քարոզիչների եւ որոշակիորեն ընդդիմադիր հոգեւորականների գործունեությունը, որոնցից շատերը, ժամանակին, նաեւ պետության աջակցությամբ, կրոնական կրթություն են ստացել իսլամական աշխարհի տարբեր աստվածաբանական կենտրոններում: Իսկ միայն վերջերս Բաքվում քանդվեցին եւ փակվեցին որոշ մզկիթներ։
– Ինչո՞վ են պայմանավորված նման խստությունները: Ի՞նչ կարգի վտանգ է տեսնում պետությունն իսլամից։
– Պետությունը նախեւառաջ ցանկանում է զսպել իսլամական ծայրահեղականության տարածումը, նաեւ հասարակության կրոնականացումը, փորձում է թուլացնել իսլամի նշանակության մեծացումը հասարակական-քաղաքական կյանքում՝ կանխելու աշխարհիկ ինստիտուտներին եւ ազգային անվտանգությանը սպառնացող հնարավոր վտանգները։ Անկախացումից ի վեր` իշխանությունները պարբերաբար ճնշումներ են իրականացրել կրոնաքաղաքական կառույցների, Ադրբեջանում հաստատված իսլամական ոչ ավանդական կամ պաշտոնական իսլամից դուրս գործող ուղղությունների, իսլամամետ ակտիվիստների նկատմամբ: Իսլամի հետ կապված իրողություններում իշխանությունների համար բարդ խնդիր է ոչ միայն ներքին, այլեւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելը: Լինելով Իրանին, Թուրքիային, Ռուսաստանի կազմում գտնվող Դաղստանին (որտեղ ամուր հիմքեր ունեն իսլամի ծայրահեղական ուղղությունները) հարեւան, նաեւ գտնվելով արաբական աշխարհի հարեւանությամբ, Ադրբեջանը թիրախ դարձավ արտաքին իսլամական ազդեցության համար։ 1990-ականներից Ադրբեջան սկսեցին ներթափանցել կրոնական քարոզիչներ Իրանից, Թուրքիայից, արաբական երկրներից, ի հայտ եկան միջազգային իսլամական մի շարք արմատական շարժումների մասնաճյուղեր, որոնք տարբեր ժամանակներում իշխանությունների կողմից հիմնականում չեզոքացվել են։ Պետք է նշեմ նաեւ, որ չնայած նշված իրողություններին, Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են իսլամի մոբիլիզացիոն ներուժը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։
– Հետաքրքիր է, ի՞նչ դեր ունի այսօր իսլամն Ադրբեջանի հասարակական կյանքում:
– Բավական էական, շատերն իսլամի մեջ գտնում են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Վերջին շրջանում կրոնականացվածությունն այլեւս բնորոշ է դարձել հասարակության առանձին շերտերի։ Ասվածի ապացույցն են հիջաբ կրող աղջիկների եւ կանանց, իսլամական գործառույթ իրականացնող հավատացյալների, իսլամական ուխտագնացության մեկնել ցանկացողների հարաճուն թիվը: Ընդհանրապես, իսլամիզմն Ադրբեջանում ձգտում է զբաղեցնել այն բացը, որը գոյացել է քաղաքական միաբեւեռ համակարգի, նաեւ քաղաքական դաշտից դուրս մղված ռուսամետ եւ արեւմտամետ ընդդիմության հետեւանքով։
– Այսինքն` իսլամի դերի աճը ուղիղ համեմատական է պետական համակարգի բացերի՞ն։
– Իսլամի դերի աճը հիմնականում կապված է Ադրբեջանում խոսքի ազատության բացակայության, սոցիալ-տնտեսական խնդիրների, ավանդական բարոյական արժեքների որոշակի անկման, աշխարհիկ արեւմտյան արժեքների նկատմամբ հիասթափության հետ, իսկ կրոնական ազատությունների հարցում իրականացվող սահմանափակումները շատ դեպքերում հակառակ նշանակությունն են ունենում: Մարդիկ չեն վստահում ո՛չ իշխանություններին, ո՛չ պաշտոնական իսլամի ներկայացուցիչներին` ի դեմս Կովկասի մուսուլմանների վարչության եւ նրա ղեկավարի` Փաշազադեի: Բնականաբար, ձգտում կա համախմբվել որոշ իմամների շուրջ, հաճախել առանձին մզկիթներ, որտեղ իսլամի տեսանկյունից փորձ է արվում մեկնաբանել սոցիալ-քաղաքական, բարոյական եւ էթիկական խնդիրներ եւ առաջարկել դրանց լուծումները: Արդյունքում, թե՛ շիա եւ թե՛ սուննի շրջանակներում տարածում են ստացել որոշակիորեն արմատական տրամադրություններ, ձեւավորվել են առանձին կրոնական համայնքներ:
– Ադրբեջանում որոշ շրջանակներում ներկայումս բավական ժողովրդականություն է վայելում իսլամի արմատական ուղղություններից մեկը` վահաբական հոսանքը, որը շատ դեպքերում ասոցիացվում է բռնության հետ:
– Վահաբականությունը կամ, ավելի ճիշտ կլինի ասել` սուննի իսլամի սալաֆիական ուղղությունը, որը կոչ է անում վերադառնալ վաղ իսլամի ակունքներին, ադրբեջանական իրականության մեջ գաղափարական առումով նոր երեւույթ է, ներթափանցել է 1990-ականների սկզբներին: Կարեւոր հանգամանքներից մեկն այն է, որ շարժման կողմնակիցների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, որոնք շատ լավ գիտեն, թե ինչ բան է իսլամը։ Նրանք իրենց վահաբի չեն անվանում, այլ՝ «ճշմարիտ իսլամի» կողմնակիցներ: Վահաբականության կենտրոնը 1997-ին քուվեյթական հիմնադրամներից մեկի աջակցությամբ Բաքվի կենտրոնում կառուցված Աբու Բաքր մզկիթն է։ Ի տարբերություն ադրբեջանական մզկիթների, որոնք տեղավորում են՝ 300, Աբու Բաքրը տեղավորում է 5000-7000 հավատացյալների։ Այն Ադրբեջանի կրոնական մշակույթի մեջ մեծացրեց ուրբաթօրյա կրոնական քարոզի՝ խուտբայի նշանակությունը, որի ինստիտուտն Ադրբեջանում լայն տարածում չուներ: Բավական կարճ ժամանակում, չնայած սուննիական ուղղվածությանը, շարժումը կարողացավ ճանաչում ձեռք բերել, որի հարցում կարեւոր նշանակություն ունեցավ մզկիթի երիտասարդ իմամ Համեթ Սուլեյմանովի խարիզմատիկ անձը: Աբու Բաքր համայնքի անդամներն աչքի են ընկնում հավաքական ինքնության գիտակցությամբ, ինչը դրսեւորվում է նաեւ նրանց արտաքին կերպարի մեջ: Գիտակցելով վահաբականությունից եկող վտանգները` իշխանություններն անցած տարի, անվտանգության շարժառիթներով, փակեցին մզկիթը, սակայն դա հավատացյալներին չի խանգարում, որպեսզի նրանք հավաքվեն տներում կամ իմամի տանը։ Այդ շարժումն Ադրբեջանում ներկա փուլում ավելի շատ սոցիալ-կրոնական շեշտադրումներ ունի։
– Երբ խոսվում է Իսլամական կոնֆերանս կազմակերպության` միշտ ադրբեջանանպաստ քաղաքականության մասին, նշվում է, որ նման մոտեցման հիմքում բացառապես իսլամական համերաշխության սկզբունքն է: Այս առումով հետաքրքիր է, թե ինչպես են արձագանքում Ադրբեջանում կրոնական նման սահմանափակումների քաղաքականությանը իսլամական աշխարհում:
– Մտավախությունը, թե Ադրբեջանի հեղինակությունը միջազգային իսլամական շրջանակներում կարող է վտանգվել, կա նաեւ Ադրբեջանում: Բայց ես դրան հակված չեմ: Այսօր կան շատ պետություններ, որոնք պայքարում են կրոնական ծայրահեղականության դեմ, Ադրբեջանը` նույնպես: Կրոնական խնդիրները ներքին հարցեր են եւ ոչ մի երկիր կամ կազմակերպություն, եթե նպատակ չունի այդ խնդիրներն օգտագործել որպես միջոց այլ պետության դեմ ճնշումներ իրականացնելու կամ ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար, չի ցանկանա միջամտել` դա համարելով երկրի ներքին խնդիրը:
– Որքանո՞վ է ադրբեջանական հասարակությունն արձագանքում միջազգային իսլամական գործընթացներին:
– 2006-ից ի վեր միջազգային իսլամական գործոնը սկսեց որոշակի դեր խաղալ Ադրբեջանում։ Հասարակության որոշ շրջանակներ սկսեցին բավական հիվանդագին ձեւով արձագանքել այն իրողություններին, որոնք կապված էին իսլամի եւ Արեւմուտք-Արեւելք հակասությունների հետ։ Ադրբեջանում ձեւավորվեց հակաարեւմտյան եւ մասնավորապես՝ նախադեպը չունեցող հակաիսրայելական հռետորականություն: 2006-ին Ադրբեջանում կազմակերպվեցին բողոքի ակցիաներ ընդդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների։ 2006թ. ձմռանը Բաքվի մերձակայքում գտնվող եւ շիական տրամադրություններով հայտնի Նարդարան բնակավայրում առաջին անգամ այրվեցին ԱՄՆ-ի, Իսրայելի, Դանիայի, նաեւ` Հայաստանի եւ Շվեյցարիայի դրոշները։ Փետրվարի 11-ին «Յենի խաբար» քիչ հայտնի թերթը քրիստոնեական թեմաներով ծաղրանկարներ հրապարակեց, իսկ 2006-ի ապրիլին հրեական կազմակերպությունները սպառնալից նամակներ ստացան տեղացի իսլամականներից։ 2006թ. ամռանը բողոքի ակցիաներ կազմակերպվեցին ընդդեմ Լիբանանում «Հիզբալլահի», իսկ 2008թ. դեկտեմբերին` ընդդեմ Ղազայում Իսրայելի ռազմական գործողությունների: Փաստորեն, Ադրբեջանում մի կողմից` մեծանում է իսլամի ազդեցությունը հասարակական գիտակցության մեջ, մյուս կողմից` շոշափելի է միջազգային իսլամական գործոնի ազդեցությունն Ադրբեջանի հասարակական գործընթացներում։
– Արդյո՞ք հակաարեւմտյան հռետորականությունն ունի հակաքրիստոնեական շեշտադրումներ:
– Իհարկե, ունի: Հակաքրիստոնեական քարոզչությամբ են արտահայտվում նաեւ հակահայկական տրամադրությունները: Շատերն Ադրբեջանում համոզված են, որ Լեռնային Ղարաբաղի հարցում քրիստոնյա պետություններն աջակցում են Հայաստանին, ինչն իր հերթին նպաստում է հակաքրիստոնեական կամ հակագլոբալիստական քարոզչության տարածմանը: