Քաղաքապետարա՞նն է տվյալները կեղծել, թե՞ պարետը

15/12/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում «Վախենում են զրկվել նույնիսկ դեպոյից» հրապարակմամբ ներկայացրել էինք Երեւանի վագոնային դեպոյի տարածքում ապրող փաստացի անօթեւան մարդկանց անհուսալի կենսապայմանները:

Արցախի 32 հասցեում գտնվող վագոնային դեպոյի վարչական երկու շենքերում հանգրվանած բնակիչները մեզ էին դիմել` դժգոհություն հայտնելով, որ տասնամյակներ շարունակ ապրելով այդ տարածքում, այնուամենայնիվ, երբեւէ ՀՀ իշխանությունների ուշադրությանը չեն արժանացել: Հիշեցնենք, որ տարածքի բնակիչները դեռ սովետական տարիներից սկսած աշխատել են դեպոյում եւ որպես անօթեւաններ գրանցված են եղել համապատասխան ցանկերում, ըստ որոնց` պետությունը պարտավոր էր նրանց բնակարաններ տրամադրել: Մինչ բնակարան ստանալը, սակայն, պետությունն այս քաղաքացիներին ժամանակավոր բնակության համար տրամադրել էր դեպոյի վարչական երկու մասնաշենքերը: Ինչեւէ, նոյեմբերի 17-ին մեր թերթում տպագրված հոդվածից հետո Երեւանի քաղաքապետարանն արձագանքել է այս բնակիչների դժգոհությանը եւ մասնագետ է ուղարկել դեպոյի տարածք: Օրեր առաջ մեզ կրկին ահազանգեցին Արցախի 32 հասցեում բնակվող մարդիկ եւ նախազգուշացրեցին, որ քաղաքապետարանի կողմից անօթեւանների եւ բնակարան ստացողների ցուցակը հաշվառելիս արդեն իսկ «մախինացիաներ» են տեղի ունենում: Բանն այն է, որ մեր հրապարակման հաջորդ օրն իսկ Արցախի 32 հասցե է այցելել քաղաքապետարանի մի ներկայացուցիչ` Վրեժ անունով, եւ տեղեկացրել, թե եկել է անօթեւաններին հաշվառելու։ «Կարծեմ քաղաքապետարանի Ճարտարապետական վարչությունից էր: Եկավ պարետին հարցրեց եւ երկուսով սկսեցին շրջել մեր երկու մասնաշենքերում: Ասաց, որ հաշվառում են բնակարաններ տրամադրելու համար»,- մեզ հետ զրույցում պատմեց դեպոյի վարչական շենքի բնակիչ, բազմանդամ ընտանիքի տանտիկին Անուշ Խեչումյանը: Ըստ մեր զրուցակցի` Քաղաքապետարանի ներկայացուցչի երկարատեւ շրջայցի եւ ուսումնասիրության արդյունքները պարզելուց հետո տարածքի բնակիչները չեն դադարելու ահազանգել պետական բոլոր կառույցներին, քանի որ նրանց համոզմամբ` բնակարան ստացողների ցուցակը կեղծ տվյալներ է պարունակում: Բնակիչների հավաստմամբ` դեպոյի երկու մասնաշենքերում բնակվում են ընդամենը 14-15 ընտանիքներ, մինչդեռ քաղաքապետարան է ներկայացվել 140 անձ, որոնցից շատերի անուն-ազգանունները ոչ միայն անծանոթ են դեպոյի տարածքի բնակիչներին, այլեւ` շատերը դեպոյի նախկին աշխատակիցներ են, որոնք տարիներ առաջ մեկնել են արտերկիր եւ Հայաստան վերադառնալու ցանկություն էլ չունեն: «Մենք չգիտենք` էդ ապօրինի ցուցակը մեր պարե՞տն է ներկայացրել, թե՞ քաղաքապետարանն էլ է անուններ ավելացրել հավելյալ բնակարաններ դուրս գրելու համար»,- տարակուսած պատմում էին տեղի բնակիչները: Օրինակ` Երեւանի վագոնային դեպոյի, որը ներկայումս շահագործում է «Հարավկովկասյան երկաթուղի»

ՓԲԸ-ն` անվտանգության պետ Գրիգոր Կրպեյանի կինը` Մարգարիտա Դարբինյանը, որը վարչական մասնաշենքերում հանդես է գալիս որպես պարետ, որպես անօթեւան ընտանիք` նաեւ իր ընտանիքի անդամներին է հաշվառել. «Էն դեպքում, երբ իրենք մի քանի բնակարան ունեն: Կարող եք գնալ եւ ստուգել: Մեկը գտնվում է Արցախի 22ա շենքում` 3 սենյականոց բնակարան է, իսկ մյուսը` Արցախի 6 հասցեում` փոստի ետնամասում գտնվող մանկապարտեզի շենքում: Ցուցակում այնպիսի մարդկանց անուն-ազգանուններ տեսանք, որոնք մի 10 տարի առաջ, ասենք, Ռուսաստան են տեղափոխվել, էնտեղ տուն են գնել եւ ապահով ապրում են»: Դեպոյի տարածքի բնակիչներն ահազանգում են ՀՀ իշխանություններին` հայտարարելով, որ քաղաքապետարան է ներկայացվել անօթեւանների կեղծ ցուցակ, որը կյանքի կոչելուց հետո ստվերային մեծ գումարներ են փոշիացվելու: Ա. Խեչումյանն ասում է` «Օրեր առաջ գնացի քաղաքապետարան եւ խնդրեցի ինձ թողնել Վրեժ անունով այդ մարդու մոտ: Իրեն ասացի, որ այդ 140 մարդու անունն աբսուրդ է, որովհետեւ մեր շենքերում ապրում են ընդամենը 14 ընտանիքներ: Մեր պարետը կեղծ տվյալներ է ներկայացրել, այսինքն` մարդկանց անուններ, որոնք իրականում ոչ բնակարանի կարիք ունեն, ոչ էլ` Հայաստանում են: Նա զայրացավ եւ զանգահարեց պարետին, խոստացավ ցուցակը վերանայել, բայցգ մենք չգիտենք, թե ի՞նչ սկզբունքով են հաշվառել, որովհետեւ, օրինակ` իմ բազմանդամ ընտանիքը հաշվառելիս աղջկաս եւ հարսիս անունը չեն գրանցել»: Մեկ այլ բնակիչ` Նաիրա Հովհաննիսյանն էլ, ով ծնված օրից ապրում է այդ շենքում եւ միայնակ խնամում է հիվանդ մորն ու երկու երեխաներին, վստահեցնում է, որ ցուցակում բացակայում է մոր անունը: «Երբ արդարություն ենք պահանջում` պարետը հայտարարում է` ես պրոբլեմ չունեմ, այսինքն` եթե ամուսինն անվտանգության պետ է` կարող են ուռճացված, կեղծ ցուցակ ներկայացնել, որովհետեւ թիկունք ունեն, ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունում հովանավորողներ ունեն»,- ասում է Ա. Խեչումյանը, ում բողոքների մասին տեղեկանալուն պես՝ պարետ Մարգարիտա Դարբինյանը սպառնալիքների տարափ է տեղում: Երբ Ա. Խեչումյանը խմբագրություն դիմելու իր մտադրության մասին հայտնել է Մ. Դարբինյանին` վերջինս, բացի «գործ տվողի» պիտակ կպցնելուց, հայտարարել է, որ Ա. Խեչումյանն անզոր է իր դեմ: Երեւանի վագոնային դեպոյի աշխատակից Շուրիկ Թելոյանն, ով այդ տարածքում չի ապրում, քանի որ բնակարան ունի` երկու օր առաջ վարչական մասնաշենքի սենյակ է բերել իր «ապրուստը», որպեսզի պատրանք ստեղծի, թե այդ սենյակում է ապրում եւ բնակարանի կարիք ունի. «Արցախի փողոցում, Ոստիկանության շենքի ետնամասում տուն ունի` եվրովերանորոգված, բայց երբ իմացավ, որ եկել, հաշվառել են` երկու օր առաջ բերեց վեշերը լցրեց սենյակում»: Ինչեւէ, Արցախի 32 հասցեի բնակիչներին Երեւանի քաղաքապետարանից խոստացել են մեկ ամսից տեղեկացնել բնակարան ստանալու գործընթացի մասին: Սակայն մինչ այդ, ինչպես նշեցինք, 14 ընտանիքների փոխարեն 140 անձի վերաբերյալ տվյալներ են ներկայացվել: Երեւանի քաղաքապետարանի Հասարակայնության հետ կապերի վարչություն մենք չկարողացանք կապվել, քանի որ հեռախոսազանգերին չէին պատասխանում, սակայն մենք անպայման կհետեւենք այս գործընթացին եւ կփորձենք ցուցակի կեղծ տվյալների մասին հետաքննություն անցկացնել: