Քաջ Նազարների երթը շարունակվում է

15/12/2009

Երեխայի կրթության հարցը եղել եւ մնում է ամեն մի հայ ընտանիքի կարեւորագույն խնդիրը: Իմ մանկավարժական գործունեության երեսունամյա ճանապարհին ինձ համար ուղենիշ է եղել կիրթ եւ զարգացած մարդ «կերտելը»: Այդ ազգանվեր գործում խոչընդոտներ երբեւէ չեմ ունեցել: Սակայն եկան նոր ժամանակներ, ապա` նորագույն ժամանակներ։ Կարծես թե ամեն բան արվում է տհասների սերունդ մեծացնելու համար։ Երկու ճանապարհ կար` լռել եւ կուրորեն կատարել այն, ինչ մեզանից պահանջում են, եւ աշխատանք ունենալ կամ էլ ըմբոստանալ եւ անվերջ կռիվների, հետապնդումների մեջ հայտնվել։

Ես չդավաճանեցի իմ սկզբունքներին։ Հիմա, ինչպես ասում են, վաստակած հանգստի եմ անցել։ Գուցե նաեւ դա է պատճառը, որ այսօր կարող եմ ազատորեն բարձրաձայնել այն, ինչը մտահոգում է ինձ հատկապես վերջին չորս տարիների ընթացքում, երբ տարրական դպրոցը հիմնահատակ քանդելու ազգադավ քաղաքականություն է տարվում: Թոշակառու եմ, սակայն անկարող եղա դպրոցից կտրվել. լավատեղյակ եմ այդ բնագավառում այսօր կատարվող ամեն ինչին:

1990-ական թվականներին Ֆրանսիայում դիտեցի Նարեկ Դուրյանի բեմադրած «Քաջ Նազար» ներկայացումը (եթե չեմ սխալվում, հենց այդպես էլ կոչվում էր): Զարմանալի նմանություն եմ տեսնում մեծն Նազարի եւ տարրական դպրոցի մայրենիի դասագրքերի հեղինակային խմբի միջեւ (խմբի ղեկավարը Կրթության ազգային ինստիտուտի նախադպրոցական եւ տարրական կրթության բաժնի վարիչ Կարինե Թորոսյանն է): Սրանց թուրն էլ եւ՛ աջ է կտրում, եւ՛ ձախ. թիկունքներում Կրթության եւ գիտության նախարարությունն է կանգնած: Կարինե Թորոսյանը կարող է վախեցնել դպրոցների տնօրեններին, մեթոդմիավորման նախագահներին, էլ չեմ խոսում խեղճ ու կրակ դասվարների մասին։ Նա կգա դասալսումների կամ ստուգումների եւ, Նազարի խոսքերով ասած` «Սրա գլուխը կկտրի, նրա գլուխը կկտրիգ»: Հենց վերջերս այդպիսի մի արշավանք նա կազմակերպել է Երեւանի ամենահայտնի դպրոցներից մեկի ուսուցիչների դեմ։

Երեք տարի առաջ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ժամանակ երբ մտահոգություն էինք հայտնում, որ իրենց առաջարկած նոր պահանջներին հետեւելու դեպքում, երեխաներն անգրագետ են մնում, Կ. Թորոսյանն իր շքախմբով պատասխանում էր. «Վեց տարեկանները մեղք են. ով ինչքան կարողանում է, թող այնքան սովորի: Ի՞նչ պարտադիր է, որ բոլորը գրել-կարդալ սովորեն»: Ինչպե՞ս դարձյալ չհիշեմ Նազարին. երբ նրան հայտնում են, որ իրենց զորքը մեծ կորուստներ է կրել, եւ ժողովրդից մի 35.000 մարդ է մնացել, Նազար թագավորը պատասխանում է. «35.000-ն ինձ լրիվ հերիք է»: Այո՛, ի՞նչ պարտադիր է, որ հայ մանուկները գրագետ լինեն, լավ գրքերով սովորեն, բարի ու ազնիվ մարդիկ լինեն: Գրագետներն անգրագետներին խանգարում ենգ Սա է դառը եւ միաժամանակ դաժան ճշմարտությունը:

Առաջին եւ երկրորդ դասարանների դասագրքերի նյութերի կեսը հեղինակել է Վասը։ Հիմա պիտի զարմանաք ու ասեք` ո՞վ է այդ Վասը, որի անճաշակ ու դատարկ նյութերը (այս դեպքում ստեղծագործություն բառն անհարկի եմ համարում գործածել) հայ երեխաները պարտավոր են սովորել: Ո՞վ է որոշելգ Ողբա՜մ զքեզ, հա՛յ ժողովուրդգ

Երրորդ դասարանցու համար «շատ հարմար» նյութեր են, օրինակ, «Կարկուտը», «Սարը»գ Արդյոք դասագրքի հեղինակները զգացե՞լ են, որ այս անբովանդակ նյութերը տեղ են գտել այնպիսի անունների կողքին, ինչպիսիք են Եզոպոսը, Ռաբլեն: Ինչո՞ւ է այնպես ստացվել, որ մանկական գրականության գլուխգործոցները` «Ալիսը հայելու աշխարհում», «Կառլսոնը, որ ապրում էր տանիքում», «Վինի Թուխը եւ բոլոր-բոլորը» եւ այլն, կարծես հատուկ ներկայացված են այնպիսի խղճուկ հատվածներով, որ երեխայի մեջ ընդմիշտ կոտրեն այդ գրքերը երբեւէ կարդալու ցանկությունըգ

Որպես մայր, քրիստոնյա եւ երեսուն տարվա մանկավարժ` չեմ կարող հանդուրժել, որ դասագրքում լինի հայ հոգեւորականին անվանարկող այսպիսի ասույթ` «Մոր մի օրհնանքը յոթ տերտերի անեծք կքանդի»: Որտե՞ղ տեսան այդ հոգեւորականին: Այստեղ երեւի խոսում է խորհրդային թունդ աթեիստական դաստիարակությունը:

Դասագրքերը թերթելիս տպավորություն ես ստանում, որ կազմողները որպես ելակետ են ունեցել ոչ թե գոնե միջին մակարդակ ունեցող երեխային, այլ մտավոր հետամնացի, որի հետ երեք տարի շարունակ պետք է խոսել ոչ թե լեզվական ճշգրիտ սահմանումներով, այլ ինքնաշեն ու հորինովի ձեւակերպումներով, անհամ խաղ-առաջադրանքներով, որոնցով իբր թե ապահովվում են խաղային մոտեցումն ու մատչելիությունը:

Երեք տարվա մեջ այդ երեխաները բոլորովին չզարգացա՞ն, չհասունացա՞ն, որ «Նկարելուկ», «Հյուրախաղ», «Ո՞ր բառերն են ընկեր» եւ նման առաջադրանքները գոնե երրորդ դասարանում 8-9 տարեկան երեխային հասանելի լեզվական նորմալ, ճշգրիտ ձեւակերպում ստանան: Հնարավոր չէ, քանի որ ամեն մարդ չի կարող զուգակցել գիտականության եւ մատչելիության սկզբունքները: Ահա դրա համար էլ ընտրվել է լեզվական նյութը մատուցելու այս անհեթեթ եղանակը:

Խնայողաբար չի օգտագործված դասագրքի էջը. երրորդ դասարանի դասագրքում մեկ հոմանիշ գտնելու հանձնարարությունը զբաղեցնում է կես էջ: Թվում է` դասագրքերը գրելիս շատ են շտապել հեղինակները. իրար հետեւից այդքան գիրք ու օժանդակ նյութեր, տետրերգ.

Ո՞ւր են գնում պետական գումարները: Համապատասխան մարմիններին երբեւէ հուզե՞լ է, թե պետության կողմից հատկացված գումարներն ի՛նչ դասագրքերի եւ ուսումնաօժանդակ ձեռնարկների վրա են ծախսվում (ավելի ճիշտ` մսխվում): Թե՞ այս դեպքում անվերապահորեն «վստահում են» ամենակարող վարիչ Կարինե Թորոսյանինգ Ե՞րբ պիտի լրջորեն զբաղվեն այս հարցով։ Այդ ի՞նչ զորավոր ուժ է հովանավորում թոշակառու այս պաշտոնյային։

Քաջ Նազարների երթը շարունակվում է: Այս տարի կազմեցին տարրական դպրոցի վերջին` չորրորդ դասարանի դասագիրքը: Ժամանակն է միջին դպրոցին անցնելու եւ այստեղ էլ ավերելու: Բարի ե՞րթգ

Կարծում եմ՝ հարցիս, անորակ դասագրքերի հեղինակներից բացի, կարձագանքեն նաեւ ՀՀ Կրթության նախարարության ղեկավարները։ Սա, համոզված եմ, միայն իմ հարցը չէ։

Վերգինե ՔԵՇԻՇՅԱՆ