Երգի մրցույթները սկսվեցին

15/12/2009

Երեկ Լոս Անջելեսի «Նոկիա» համերգային դահլիճում տեղի ունեցավ «Armenian Music Award» երաժշտական մրցանակաբաշխությունը, որին նախորդել էին բազմաթիվ խոչընդոտներ ու խճճված ինտրիգներ: Նախ՝ այն մի քանի անգամ հետաձգվել էր (սկզբում նախատեսվում էր այն անցկացնել մայիսին, հետո սեպտեմբերին), իսկ հետագայում մի քանի կազմակերպիչներ հասցրեցին փոխվել: Երբ պարզ դարձավ մրցանակաբաշխության հստակ օրը, խնդիրներ ծագեցին ամերիկահայ համայնքում, քանի որ, ինչպես հայտնի է, լուրջ հակագովազդային ակցիա ձեռնարկեց «Արմենիա» հեռուստաընկերությունը, որի ղեկավար Բագրատ Սարգսյանը հենց նույն օրը՝ դեկտեմբերի 13-ին, որոշեց «32 ատամցիների» ու «7.5» շոուները ազդագրել: Դա կարող էր ուղղակի տապալել երաժշտական մրցանակաբաշխությունը, քանի որ ամերիկահայերը զվարճալի այդ շոուները շատ են սիրում, ու ակնհայտորեն կգերադասեին ոչ թե երաժշտական մրցույթը դիտելու, այլ կատակներ լսելու համար գումար ծախսել: Ամերիկայում հայ հանդիսատեսը գրեթե կայուն զանգվածից է բաղկացած, որին չէր ստացվի «կիսել»: Ամերիկահայ շոու-բիզնեսի ոլորտում ընդհանրապես շատ թեժ մրցակցություն ծավալվեց, գործի դրվեցին նաեւ «աստղեր» փախցնելու, «աստղերին» կաշառելու ու վախեցնելու գործոնները: Որոշ երգիչների առջեւ պայմաններ դրվեցին` կամ մեզ հետ ես, կամ «օդդ» կփակենք: Ի դեպ` «օդ փակողների» դերում էին տարբեր հայաստանյան հեռուստաընկերությունները:

Իսկ «Armenian Music Award»-ի կազմակերպիչները թեեւ հասցրել էին շատ «աստղեր» կորցնել, սակայն չէին պատրաստվում «զիջել» իրենց հանդիսատեսին: Զգալով, որ «Նոկիա» դահլիճի 8 հազարանոց տեղերը ընդամենը 30%-ով են լցվում, նրանք հակահարված պատրաստեցին ու հրավիրեցին համահայկական ֆենոմենին` Շառլ Ազնավուրին, որի մասնակցությունը ոչ միայն փայլ հաղորդեց մրցանակաբաշխությանը, այլեւ զգալի կոմերցիոն հաջողություն ազդարարեց: Երեկ «Նոկիա» դահլիճը լեփ-լեցուն է եղել: Ի դեպ` այդ նույն դահլիճում ընդամենը մեկ օր առաջ տեղի էր ունեցել Սթիվի Ուանդերի համերգը: Իսկ արդեն հաջորդ օրը «լավագույն համահայկական երգիչ» ճանաչվեց Արմենչիկը, իսկ «լավագույն համահայկական երգչուհին» դարձավ Սիլվան: Արժե՞ր այդքան ջանք, ուժեր, նյարդեր ու գումարներ ծախսել այդ լավագույններին իրարից փախցնելով` ընտրելու համար: Երեւի, այո, քանի որ շոու-բիզնեսը մեր կյանքի հիմնասյունն է: Եվ եթե չլինեն Արմենչիկը, Արմանչիկը, Սիլվիկն ու Քրիստիկը, չենք լինի նաեւ մենք: Եվ հունվարի 1-ին հեռուստացույցով նայելու բան չենք ունենա:

Իսկ շատ շուտով մեզ տարբեր երգի մրցույթների իսկական հեղեղ է սպասվում: Եվ «աստղերն» էլ դեգերելու են մեծ ու փոքր բեմերով` մեծ ու փոքր մրցանակներ ստանալով: