Պարբերաբար գալիս են ժամանակներ, երբ արվեստին տրվում է արտաարվեստային կարգավիճակ: Այսինքն` պարտադրվում է, որ արվեստը լինի կամ իշխանական, պալատական կցորդ, կամ էլ ընդհատակում սկիզբ առնող եւ հենց ընդհատակում էլ սպառվող մի երեւույթ: Եվ այդպիսով «վերեւի» եւ «ներքեւի» արվեստի տարածքները զրկվում են միմյանց հետ հատվելու հնարավորությունից, եւ երկուսն էլ միաժամանակ կորցնում են հասարակության վրա որեւէ ներգործություն ունենալու շանսը: Սովորաբար դա տեղի է ունենում խառը եւ մռայլ ժամանակներում, երբ իշխող սիստեմը ոչ թե զարգանում է, այլ տեղում արգելակելով` պաշտպանվում է: Եվ պաշտպանվում է հենց արվեստի գործիքներով` վրձնով, գրչով, կինոժապավենով, պարով ու երգով: Իզուր չէ հնարված «Արվեստը զենք է» կարգախոսը, որի ստեղծողները միգուցե չեն էլ ընկալել, որ հնարել են մերօրյա ամենացայտուն ու գործնական պարադոքսներից մեկը` հասարակությանը հավատացնելով, որ արվեստը զենքի տեսակ է (ռումբ կամ նռնակ) այնպես, ինչպես զենքի տեսակ է բիզնեսը, կրթությունը, քաղաքականությունը: Եվ այդ զենքերի նշանակետերը պարբերաբար փոխվում են: Կարող են «կրակել», բայց կարող են նաեւ ինքնապաշտպանող վահանի դեր խաղալ: Համենայնդեպս, արվեստի գոյությունը մեր իշխանությունները տեսնում են հենց նման վահաններ ստեղծելու մեջ: Խոսքը նույնիսկ տարբեր քարոզարշավների մեջ արվեստի մարդկանց ներգրավելու (նրանց պարացնելու, երգեցնելու ու ասմունքի դրդելու) մասին չէ, երեւույթը շատ ավելի խորն է սողոսկել ու շատ ավելի մտահոգիչ է, քան թվում է առաջին հայացքից: Կարծես չգրված օրենքի համաձայն` արվեստը հիմա ոչ թե խոսակցություն է բացում, այլ փակում է խոսակցությունը, հապճեպ դնում է յուղոտ ու փնթի մի վերջակետ:
Վերջին երկու տարիներն ապացուցեցին, որ արվեստը իշխանության համար երկկողմանի զենք է դարձել: Մի կողմից՝ այն ուղղված է հենց արվեստի մարդկանց (գործում է շատ հստակ մեխանիզմով), իսկ մյուս կողմից՝ դարձել է պաշտպանիչ զրահ այն մարդկանց համար, որոնք ներքուստ միշտ պաշտպանվելու, իրենք իրենց արդարացնելու պահանջ են ունենում: Հայրենական հասարակության հետ հիմա առավել շատ խնդիրներ ունեն ոստիկանները, դատական ատյանների ներկայացուցիչները, այսինքն՝ այն մարդիկ, որոնց գործը կապված է հասարակության անդորրի եւ արդարության ապահովման հետ: Եվ քանի որ հիմա այդ անդորրը չկա, պետք է մի բան մոգոնել` հասարակության եւ սեփական աչքերում փոքր-ինչ բարձրանալու համար: Եվ որպես հայտնություն՝ ծագում է ամենափրկիչ միտքը` ոստիկաններին, դատավորներին ու դատախազներին կարող է փրկել արվեստը: Արդարություն ապահովողները թերեւս երկար մտորելուց հետո հասկացան, որ թատրոնը, երաժշտությունը, կինոն բարդ ոլորտներ են: Եվ ուրեմն ի՞նչ պետք է անել: Ուրեմն, պետք է նկարել: Եվ գրեթե բոլորը զանգվածային կերպով ու նախանձելի համառությամբ մուտք գործեցին կերպարային արվեստ: Առաջին ծիծեռնակը դարձավ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով շուքով ներկայացրեց իր ֆոտոցուցահանդեսը` ցուցադրելով իր լուսանկարած նուրբ ծաղիկները, ծաղկող դաշտերն ու անբիծ բնությունը: Այդ միջոցառումը միգուցե անարձագանք մնար, եթե նրա օրինակին չշտապեին հետեւել այլ ուժային կառույցների (իսկ մեզ մոտ դատարանը հենց որպես ուժային կառույց է ընկալվում) ներկայացուցիչները: Սկսեցին իրենց նկարները ցուցադրել նաեւ ոստիկանները, որոնք արդեն բացեիբաց ազդարարեցին. արվեստը մենք որպես յուրատեսակ քավարան ենք ընկալում, որտեղ հնարավոր է «մաքրվել» նախկին մեղքերից ու արդեն մաքրագործված` սեփական ուժային գործը շարունակել: Մի քանի օր առաջ բացված ոստիկան-նկարիչների ցուցահանդեսի մեկնարկը տալու պահին հնչեց հետեւյալ միտքը. «Ուզում ենք ցույց տալ, որ ոստիկանը նույնպես նուրբ ու զգայուն հոգի ունի: Եվ արվեստի միջոցով ոստիկանը կարողանում է հասկանալ եւ ճանաչել մարդուն: Բացի այդ, արվեստի միջոցով բարիանում ես, ձգտում ես վեհին, ազնիվին: Նկարելով` մի տեսակ մաքրվում ես, կիսվում, այն հոգու հանգստություն է»: Առաջին հայացքից միամիտ ու բարի մղումներ ենթադրող այդ խոսքերը լսելիս, ակամա միտք է ծագում` եթե քննիչներին, դատավորներին, ոստիկաններին արվեստը օգնում է մաքրվել ու մարդուն հասկանալ, ապա ինչո՞ւ են նրանք ցուցադրում իրենց գործերը: Թող նկարեն գաղտնի ու թաքուն պահելով իրենց հոգեվերլուծությունները, գան աշխատանքի արդեն ազնվացած ու մարդ էակին ճանաչած: Բայց արի ու տես, որ նպատակը ոչ թե մարդն է կամ արվեստը, նպատակը արվեստը վահան դարձնելն է: Եթե վրձինը, ներկերն ու ֆոտոխցիկը կարող են օգնել առանձին վերցրած ոստիկանին՝ հասկանալ մարդուն, ապա՝ այն դեպքում, երբ ցույց կտան թեժ, միգուցե` տհաճ ու սարսափելի դրվագների պատկերները, որոնց ականատեսը ոստիկանը եղել է աշխատանքի բերումով եւ հիմա շշուկով ասում է` տես, սա է իմ աշխատանքը, ես այն ցուցադրում եմ, որպեսզի ազատվեմ ցավ պատճառող իմ իմացությունից (այստեղ կարեւորը «իմ» բառն է, այլ ոչ թե սիստեմայի պարտադրանքը): Իսկ եթե ոստիկանի ձեռքը պատկերում է միայն գեղեցկությունը` թիթեռները, ծաղիկները, մրգերը, աղջնակների ժպիտները, ապա ցանկացած հոգեբույժ կասի, որ դա փախուստ է իրականությունից, որ այդ կերպ մարդը փորձում է թաքնվել արվեստի ետեւում: Իսկ այդ ճանապարհը տանում է դեպի ինքնախաբեություն, դեպի աղետ: Ո՞ւմ է պետք ինքն իրեն խաբող դատավորը կամ քննիչը: Հաստատ ոչ մեկին:
Արվեստը թաքստոց չէ, ոչ էլ առավելեւս` քավարան: Արվեստը պարզապես լեզու է, որով հաղորդակցվում են մարդիկ: Եվ մեր օրերում արվեստի լեզուն ավելի ու ավելի կեղծ է հնչում, նույնիսկ հիստերիկ ջղաձգության նմանվում: Ի՞նչ եք ուզում ապացուցել` արվեստը շինծու ուղերձներով լցնելով: Որ ոստիկանը մա՞րդ է: ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ցուցահանդեսի բացմանն ասաց. «Ոստիկանն էլ պետք է տեսնի գեղեցիկը, վեհը ու բարի հոգի ունենա»: Եթե հիմք ընդունենք այդ բառերը, կստացվի, որ Ոստիկանության նպատակը ոստիկանների հոգին բարիացնելն է: Եվ ուրեմն, եկեք տարեկան հարյուր նման ցուցահանդեսներ կազմակերպենք, որպեսզի ոստիկանները բարիանան, իսկ մենք էլ ընդունենք, որ արվեստը բարիացման դեղատոմսն է տալիս ու լրիվ կտրվում է իրական կյանքի ընթացքից: Հարց է ծագում. իսկ մեզ պե՞տք են բարի ոստիկանները, թե՞, այնուամենայնիվ, լավ կլինի, որ ոստիկաններն ավելի կրթված լինեն: Միգուցե բարիացման գործը կարելի է սկսել ոստիկաններին պարտադրելով արվեստի պատմության դասընթացների մասնակցել: ՀՀ գլխավոր ոստիկանը իրապես փայլուն միտք հայտնեց, որը որոշակի սպառնացող հնչերանգներ ուներ. նա ասաց. «Ոստիկանությունը միշտ լինելու է արվեստի կողքին, քանի որ մենք ինքներս ենք ստեղծում այն»: Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են, ինչպես նաեւ իզուր են հարցերը (իսկ ի՞նչ կլինի, եթե Ոստիկանությունը որոշի լինել նաեւ գիտության կողքին, կամ ինչպե՞ս անենք, որ ոստիկանները արվեստից հեռու լինեն): Հայաստանցիներին հիմա առաջարկվում է ընդամենը խոհեմ ընդունել, որ այսուհետ արվեստը «կողքեր» ունի: Եվ կարեւորը հենց այդ կողմնակի անձերն ու ուղիներն են, որոնք առատորեն բուսնում են որպես արվեստային տեխնոլոգիաներ` ոչնչացնելով արվեստն ու փորձելով պաշտպանել ուժային շերտերը` թաքցնելով նրանց արվեստի նուրբ շղարշի տակ: Համենայնդեպս իշխանությամբ օժտված մարդիկ համոզված են, որ արվեստը նուրբ ու մշուշոտ բան է: Եվ խաղալով օտար դաշտում, նրանք նույնիսկ չեն տիրապետում արվեստի խաղի կանոններին` հաշվի չառնելով, որ արվեստը կարող է վրեժ լուծել: Եվ օրերից մի օր ինքն էլ կհավատա, որ Հայաստանում զենք լինել ու չկրակել չի ստացվում: