Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Ադամաթուզը (բանան) շատ օգտակար է առողջությանը
Մեր փողոցներում շատ հաճախ կարելի է հանդիպել ադամաթզի թափած կեղեւների: Մինչդեռ քչերը գիտեն, որ ըստ որոշ հետազոտությունների՝ պարզվել է, որ այս պտղի կեղեւն ավելի շատ օգտակար նյութեր է պարունակում, քան միջուկը: Այնպես որ, ավելի լավ է հետեւել Կենտրոնական Աֆրիկայի բնակիչների օրինակին: Նրանք բանանի կեղեւը չեն թափում, այլ չորացնում են ստվերոտ ու քամոտ վայրում (ոչ մի դեպքում` արեւի տակ կամ առավել եւս ջեռոցում), այն էլ այն կեղեւը, որի վրա չկան սեւ կետիկներ: Այնուհետեւ այդ չորացած կեղեւները աղում են՝ դարձնելով փոշի, փակում են ապակե տարայի մեջ ու պահում մութ եւ սառը տեղում: Այս փոշին օգտագործում են որպե պրոֆիլակտիկ միջոց աղիքային խարամների դեմ: Այն հատկապես արդյունավետ միջոց է աստրիցաների ու գլիստերի դեմ: Ընդունում են այս փոշին դանակի ծայրով օրվա մեջ 5 անգամ` անպայման ուտելուց առաջ: Այն հատկապես շատ լավ միջոց է երեխաների համար: Շատ կարեւոր է իմանալ, որ բանանի կեղեւը չի առաջացնում ոչ մի թունավորում կամ այլ բարդություններ: Բացի աֆրիկացիներից, բանանի կեղեւի հակագլիստային նշանակությունը հաստատում են նաեւ չինացիները:
Այն երկրներում, որտեղ բանան է աճում, կեղեւն օգտագործվում է նաեւ որպես միջոց միջատների կծելու դեմ: Կեղեւի ներսի մասը դնելով կծած մասի վրա` կանխում են այտուցն ու գրգռվածությունը: Իսկ Հարավային Ամերիկայում բանանի կեղեւն օգտագործում են` որպես կապտուկներն անցկացնող միջոց: Հյուսիսամերիկյան բժիշկներն էլ խորհուրդ են տալիս բանանի կեղեւն օգտագործել որպես գորտնուկները բուժող միջոց: Դրա համար անհրաժեշտ է հասած բանանի կեղեւը կտրել 2-3սմ չափով, ներսի կողմից քսել սխտորի հյութ ու հենց այդ մասով դնել մաշկի անհրաժեշտ հատվածի վրա ու կապել: Այս պրոցեդուրան պետք է կրկնել այնքան ժամանակ, մինչեւ գորտնուկի թաղանթի կոշտացած մասը կանհետանա, հետո էլ՝ գորտնուկը: Եվ հետո ամեն անգամ պետք է կտրել կեղեւի նոր կտոր: Պետք է նաեւ նշել, որ կապտուկների, գորտուկների եւ այլ բաների դեպքում օգնում է հասած բանանի կեղեւը, երբ հայտնվել են սեւ-սեւ բծեր:
Բանանի կեղեւը շատ լավ է ոտքի կրունկի ճաքերին: Այն բուժելու նպատակով անհանգստացնող մասերի վրա դնում են կեղեւն ու ոտքին հագցնում պոլիէթիլենի տոպրակ հետո գուլպա: Առավոտյան պետք է հանել այս ինքնատիպ կոմպրեսն ու ոտքերը ցայել ջրով: Իսկ ոտքերի ճաքից ընդհանրապես ազատվելու համար կարելի է այս կոմպրեսը կրկնել 5-6 անգամ:
Բանանի կեղեւը կարող է օգնության հասնել նաեւ աչքերի ուժեղ ցավին, օրինակ` գազաէլեկտրաեռակցողներին: Բանանի կեղեւն աչքերին դնելով՝ կզգաք ցավի ու բորբոքված վիճակի հանգստացում:
Բանանը համարվում է բարձրարժեք սնունդ աղեստամոքսային խանգարումների, աղիքաբորբի, հաստ աղիքի բորբոքումների եւ այլ հիվանդություններով տառապողների համար: Այն օգտակար է նաեւ բերանի խոռոչի բորբոքումների դեպքում, ինչպես նաեւ՝ ստամոքսային խանգարումների ժամանակ` հատկապես` երեխաների համար: Առաջարկվում է նաեւ գերլարման, լյարդի ու սրտային հիվանդությունների դեպքում: Բանանի հյութն իսկական սպեղանի է ստամոքսի ու աղիների արյունահոսության ժամանակ: Բանանի ծառի բնից ստացված հյութն օգտագործվում է դիզենտերիայի, խոլերայի դեպքում, իսկ երբեմն էլ կարող է նաեւ ընդհանուր նյարդային լարվածությունը հանգստացնողի դեր կատարել: Բանանը հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնություն ունեցողներին: