Մեկնաբանել է

12/12/2009

Tert.am ինտերնետային թերթը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանից մեկնաբանություն էր խնդրել վերջին ասուլիսներից մեկում Ռ. Հայրապետյանի կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ, ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ արված որոշ սուր արտահայտությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ փոխադարձ այդ սուր արտահայտությունները գործարար պատգամավորների միջեւ սկսվեցին Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղից հետո: «Եթե հիշում եք` դա տեղի ունեցավ մեր հավաքականի հանդիպումից հետո իմ տված ասուլիսի ժամանակ: Դուք պետք է պատկերացնեք, թե ինչ է նշանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի համար հավաքականի պարտությունը: Ես նյարդային վիճակում էի: Իմ խոսքն այդ օրը գուցե պետք եղածից ավելի էմոցիոնալ ստացվեց: Այո, չեմ ժխտում, որ ես իմ կոալիցիոն գործընկերոջ նկատմամբ թույլ եմ տվել սխալ արտահայտություններ եւ որոշ անտեղի գնահատականներ: Հավաստիացնում եմ, որ ես Գագիկ Ծառուկյանին անձնական վիրավորանք հասցնելու նպատակ չեմ ունեցել, թեեւ կարող էր այդպիսի տպավորություն ստեղծվել: Անդամ լինելով Հայաստանի Հանրապետական կուսակցության, որ կոալիցիայի մեջ է «Բարգավաճ Հայաստանի» հետ, ես նաեւ անհարմար վիճակի մեջ եմ դրել իմ կուսակիցներին, որի համար ցավում եմ եւ ակնկալում գործընկերներիս ներողամտությունը»,- մեկնաբանել է Ռ. Հայրապետյանը: