Նախօրեին ԱԺ-ն 82 կողմ, 16 դեմ ձայներով ընդունեց 2010թ. պետական բյուջեի նախագիծը: Դեմ քվեարկեցին «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները:
«Մենք գտնում ենք, որ 2010 թվականի բյուջեն ռիսկային է, ապահովված չէ, չի հիմնվում սահմանադրական այն պահանջի վրա, որ ՀՀ-ն պետք է լինի սոցիալական երկիր: 2010 թվականի բյուջեն կարող է է՛լ ավելի խորացնել աղքատների եւ հարուստների միջեւ անջրպետը եւ բացարձակապես ժողովրդի կենսամակարդակի անկմանը համարժեք լուծումներ չի առաջարկում»,- երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Բացի դրանից, բոլոր մեխանիզմները, որոնք նախատեսված է կիրառել, նպաստելու են ներկրողներին, նրանց շահերի պաշտպանությանը: Տեղական արտադրողները բացարձակապես պաշտպանված չեն եւ, մանավանդ հիմա, երբ ակնկալվում է Թուրքիայի հետ սահմանի բացումը, այս ամենը շատ վտանգավոր է եւ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ»,- ասաց Վ. Հովհաննիսյանը` հավելելով, որ ՀՅԴ-ն կառավարությանն իր ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ 20 էջանոց փաստաթուղթ է պատրաստել, որը շուտով հրապարակելու է: «Միայն առաջարկներին ծանոթանալով կարելի է ասել, որ բյուջեում եկամուտների վերաբաշխումը բացարձակապես չի ենթարկվել սոցիալական արդարություն հաստատելու հրամայականին, որովհետեւ շատ ավելի կենսական ու անհետաձգելի ֆինանսավորում պահանջող խնդիրներ անտեսվեցին կառավարության կողմից: Առավելապես խմբակային տրամաբանության է ենթարկված այս բյուջեն` սեփական մեծամասնության շրջանակներում փորձել բավարարել այն կարիքները, որոնք նրանց պետք են»,- նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Հիշեցնենք, որ կառավարությունը չէր ընդունել ինչպես ՀՅԴ-ի, այնպես էլ «Ժառանգության» առաջարկությունները: Իսկ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ընդդիմության առաջարկությունները չեն ընդունվել, քանի որ ընդդիմությունը, միեւնույն է` դեմ էր քվեարկելու բյուջեի նախագծին: Նրա այս հայտարարությունը Վ. Հովհաննիսյանը խիստ մտահոգիչ համարեց: «Կարծում եմ՝ ներկայացման ձեւն ընդունելի չէր: Եվ այդ տրամաբանությունն էլ ընդունելի չէր` իմ բերած բյուջեն եթե ծափահարություններով չես ընդունում, ես էլ քո առաջարկությունները քննարկելու պատճառ չունեմ: Այս մոտեցումն ընդունելի չէ»,- նշեց Վ. Հովհաննիսյանը` հույս հայտնելով, որ «չնայած դիմադրությանը` կառավարության մեջ հետեւություններ կանեն երեկ առաջացած բանավեճից»: Նշենք նաեւ, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության այն առաջարկները, որոնք նախորդ տարի բյուջեի ընդունման ժամանակ կառավարությունը հաշվի էր առել, չեն կատարվել: «Այս տարվա իրենց մերժումը ոչ ուրախացնում է, ոչ էլ տխրեցնում մեզ, որովհետեւ անցած տարի ներառել էին մեր որոշ առաջարկներ, բայց ֆինանսավորումը այդպես էլ չեն իրականացրել, հավանաբար` կրկին քաղաքական չափորոշիչներից ելնելով»,- ասաց Ս. Սաֆարյանը: Ի դեպ, չեն կատարվել նաեւ ՀՅԴ խմբակցության` 2009թ. բյուջեում ներառված առաջարկների շուրջ 90%-ը: Այս առնչությամբ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք ուսումնասիրելու են նաեւ այս հարցը` պարզելու համար, թե արդյո՞ք սա էլ էր պայմանավորված տարվա կեսին կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալու հանգամանքով: Իսկ ԲՀԿ-ն, որը ողջ կազմով կողմ էր քվեարկել 2010թ. բյուջեի նախագծին, գոհ է նրանից, որ մասնակցել է բյուջեի կազմմանը, եւ որ իր բազմաթիվ առաջարկներ կառավարությունն ընդունել է: «Հիմնական պատճառները, որ հիմք հանդիսացան, որ մենք կողմ քվեարկենք բյուջեի նախագծին, հետեւյալն են` պաշտպանական ծախսերի ավելացումը, ԼՂ-ին հատկացվող գումարի ավելացումը, ինչը ԲՀԿ-ի համար սկզբունքային դիրքորոշում է, սոցիալական ծախսերի պահպանումը, այսինքն` հույս ունենք, որ սոցիալական որեւէ խնդիր 2010-ին չենք ունենալու»,- նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա` քաղաքական ուժերը պետք է երկխոսություն սկսեն` «հետհակաճգնաժամային իրավիճակը» հաղթահարելու համար: «Այո՛, կարծում ենք՝ 2010-ին արդեն հետհակաճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար քաղաքական կուսակցությունները պետք է նստեն երկխոսության շուրջ, ինչպես ընդունված է ողջ քաղաքակիրթ աշխարհում` գտնելու այն կարեւոր լծակները, ինչը մեզ կօգնի հաղթահարելու այս իրավիճակը: Հույս ունենք, որ 2010-ին կունենանք շատ ավելի լավ, ավելի զարգացման միտված բյուջե»,- ասաց Ն. Զոհրաբյանը: Անդրադառնալով Տ. Դավթյանի վերոնշյալ հայտարարությանը, Ն. Զոհրաբյանն ասաց. «Կարծում եմ` այն բավականաչափ ոչ կոռեկտ ձեւակերպում էր, որովհետեւ, այո, ընդդիմությունը խորհրդարանում նույնպիսի իրավունքներ ունի ներկայացնել առաջարկներ, ինչպես իշխանական կոալիցիայի ցանկացած պատգամավոր: Եվ քաղաքացին եւս իրավունք ունի ընտրելու` ընդդիմությա՞ն այս կամ այն պատգամավորին է դիմում իր առաջարկությունները ներկայացնելու համար, թե՞ իշխանական: Այնպես որ` ճիշտ կլիներ, որ կառավարության այս կամ այն անդամները մի քիչ ավելի խոհեմ լինեին իրենց ձեւակերպումներում»: