Ազգընտիրները վերջապես հաստատեցին 2010թ. պետական բյուջեն՝ ձայների 82 կողմ, 16 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Եվ իրենց պարտքը կատարած համարելով՝ փակեցին նստաշրջանն ու հանգիստ խղճով գնացին նշելու Ամանորը։
Հիշեցնենք, որ բյուջեի նախագծի վերջնական տարբերակն էականորեն տարբերվում է նախնականից թե՛ ծախսերի, եւ թե՛ եկամուտների մասով: Պետական բյուջեի նախագծով ծախսերը կլինեն 935,5 մլրդ դրամ (75 մլրդ դրամով ավելի նախնական տարբերակից), եկամուտները` 742 մլրդ դրամ (65,5 մլրդ դրամով ավելի նախնական տարբերակից): Արդյունքում դեֆիցիտի ծավալը կմեծանա մինչեւ 10,4 միլիարդ դրամի չափով` կազմելով 193,4 մլրդ դրամ: Հարկային եկամուտների մասով նախնական 533 միլիարդ դրամի փոխարեն կտրամադրվի 570 մլրդ դրամ:
16 դեմ քվեարկողները, բնականաբար, ընդդիմադիր «Ժառանգության» եւ Դաշնակցության անդամներն էին։ «Ժառանգությունը» իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ իրենց առաջարկությունները հիմնականում չեն ընդունվել: Եվ, ինչպես նշել է Ա. Բախշյանը, ԺԿ-ն, հաշվի առնելով կուտակված պարտքերը եւ անարդյունավետ ծախսերը, դեմ քվեարկեց պետական բյուջեի նախագծին:
ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, իհարկե, կողմ քվեարկեցին։ ԲՀԿ-ի տեսակետը ներկայացնող Արամ Սաֆարյանը, ըստ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության, կարեւորել է պետական բյուջեով պաշտպանության ոլորտի հատկացումների աճը եւ ԼՂ-ին տրվող ֆինանսական աջակցությունը։
ՕԵԿ-ին էլ շոյել է այն, որ իրենց «մարզերի եւ գյուղաբնակ վայրերի զարգացմանը, ճանապարհաշինությանը, դպրոցաշինությանը միտված 50-ից ավելի առաջարկները հիմնականում ընդունվել են»։ Այս մասին ասել է Հովհաննես Մարգարյանը։ Իսկ մեկ տարի առաջ, երբ քննարկվում էր 2009թ. բյուջեն, կուսակցության տեսակետը ներկայացնում էր Հեղինե Բիշարյանը` նշելով, որ «ՕԵԿ-ի` մարզերի եւ գյուղաբնակ վայրերի զարգացմանը, ճանապարհաշինությանը, դպրոցաշինությանը միտված առաջարկներն ընդգրկվել են «2009թ. պետական բյուջեի մասին» օրինագծում»։ ՕԵԿ-ը, ինչպես տեսնում եք, կայուն է՝ անգամ ձեւակերպումների ու առաջնահերթությունների հարցում։
ՀՅԴ-ն փորձել է, այսպես ասենք, ավելի կոնցեպտուալ մոտենալ հարցին՝ նշելով, որ օրենքի նախագիծը մշակվել է՝ առանց երկրի երկարաժամկետ եւ միջնաժամկետ զարգացումների հեռանկարները հաշվի առնելու: Վահան Հովհաննիսյանի կարծիքով, բյուջեն նախաձեռնողական չի, չի ապահովում ազգաբնակչության առաջնային եւ երկրորդային եկամուտների աճ, չի խրախուսում փոքր եւ միջին բիզնեսի զարգացում: Այս դեպքում էլ ամեն ինչ շատ հետաքրքիր է։ Փաստորեն ՀՅԴ-ին այսօր մտահոգում է ոչ թե միայն գալիք տարվա հեռանկարը, այլ, թե ինչ է լինելու մեր տնտեսության հետ 3, 5, 10 կամ 20 տարի հետո։ Գովելի է։ Իսկ 2008-ի նոյեմբերի վերջին, երբ ճգնաժամն արդեն ուրվագծվել էր՝ Դաշնակցությունը կողմ քվեարկեց այն բյուջեին, որը նախատեսում էր 9 տոկոսանոց տնտեսական աճ։
Ինչեւէ, անկախ նրանից՝ որքանով են հիմնավորված ու համոզիչ վերը նշված 4 խմբակցությունների դիրքորոշումները, դա, մեծ հաշվով, ոչ մի դեր չի խաղում։ Այն պարզ պատճառով, որ Հանրապետական կուսակցությունը ԱԺ-ում ունի 68 պատգամավոր։ ՀՀԿ-ն կողմ քվեարկեց բյուջեին, եւ դա բավական էր, որ փաստաթուղթը հաստատվեր։ Այլ կերպ ասած՝ Ազգային ժողովը՝ նախեւառաջ ի դեմս ՀՀԿ-ի, կրկին հավատաց Տիգրան Սարգսյանին եւ նրա կառավարությանը։ Սա նախանձելի վստահություն է։ Ինչ-որ տեղ նաեւ՝ անբացատրելի, եթե նկատի ունենանք, որ մեկ տարի առաջ Տ. Սարգսյանն ԱԺ-ում ասում էր. «Կենտրոնական բանկի հայ-գերմանական հիմնադրամին կառավարությունը տրամադրել է 17 մլրդ դրամ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման համար, եւ այդ միջոցները ՀՀ-ում ստեղծելու են հազարավոր նոր աշխատատեղեր, ինչը չափազանց կարեւոր է 2009թ. համար»: Ստեղծվեցի՞ն հազարավոր աշխատատեղեր։ Իհարկե` ոչ։ Խոշորամասշտաբ ծրագրերի մասին՝ Համահայկական բանկի ստեղծում, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցում, նոր ատոմակայանի կառուցում եւ այլն, ավելի լավ է՝ չխոսենք։ Ըստ էության, ոչինչ չի կատարվել։ Բայց Հանրապետական կուսակցությունը վստահում է կառավարությանը։
Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չի, ինչպես կարող է առաջին հայացքից թվալ։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ելույթ ունենալով բյուջեի ընդունման ժամանակ, անդրադարձավ վարչապետի այն հայտարարություններին, որ Հայաստանի տնտեսությունն ունի օլիգոպոլիկ կառուցվածք։ «Այո, մրցունակ եւ զարգացող տնտեսություն ունենալու ճանապարհին լուրջ խոչընդոտ են տնտեսական մոնոպոլիաները, եւ ես, որպես խորհրդարանի ղեկավար, բազմիցս ասել եւ հիմա էլ կրկնում եմ, որ տնտեսական դաշտում պիտի լինեն մրցակցային հավասար պայմաններ. այսինքն` պիտի գործի մեկ ընդհանուր խաղի կանոն բոլորի համար, եւ չպիտի լինեն տնտեսական դաշտի արտոնյալներ։ Այլ խոսքով՝ տնտեսական մոնոպոլիստներ։ Սակայն, որպես օրենսդիր մարմնի ղեկավար, ես ուզում եմ հարց ուղղել կառավարությանը` արդյո՞ք գործող օրենսդրությունը չի տալիս անհրաժեշտ լծակներ եւ մեխանիզմներ՝ տնտեսական դաշտի այդ կարեւոր խնդիրը լուծելու համար, եւ եթե կա լրացուցիչ գործիքի անհրաժեշտություն, արդյո՞ք խորհրդարանը որեւէ անգամ մերժել է կառավարությանն ու օրենքով չի ամրագրել այն լրացուցիչ գործիքը կամ գործիքները, որոնք անհրաժեշտ են եղել կառավարությանը` տնտեսական դաշտը կարգավորելու համար։ Վերջինը, ի դեպ, հիշեցնեմ՝ հարկային տեսուչի ինստիտուտն էր, որը խորհրդարանի կողմից ընդունվեց ձայների մեծամասնությամբ։ Իհարկե, իմ անձնական գնահատականով գործող օրենսդրությունը տալիս է անհրաժեշտ գործիքներ` տնտեսական դաշտը կանոնակարգելու համար, բայց եթե կառավարությունը գտնում է, որ իր լավ աշխատելու համար այլ գործիքներ եւս անհրաժեշտ են, ապա թող հիշեցնեն դեպք, երբ դիմել են խորհրդարանի աջակցությանը եւ մերժում են ստացել։ Ես նման դեպք չեմ հիշում»։
Հ. Աբրահամյանը, փաստորեն, ասում է՝ ինչ օրենք բերել եք, ընդունել ենք, մենք մեզնից հասանելիքը կատարել ենք։ Մնացածը՝ դուք գիտեք։ «Ինչ վերաբերում է անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներին, ապա Կառավարությունը դրանք ստացել է` մեր կողմից վավերացված միանգամից մի քանի միջազգային պայմանագրերով»,- ասել է Հ. Աբրահամյանը։ Փաստորեն՝ եթե կառավարությունը հաջորդ տարի էլ ձախողի իր ծրագիրը, ապա ոչ ոքի մեղադրել չի կարողանա։ Տ. Սարգսյանի` Հանրապետականին անդամագրվելն էլ չի օգնի։ Իսկ չձախողելը բավականին դժվար է, քանի որ կառավարության բոցաշունչ ծրագրերը կարծես ոչ ոք մտադրություն չունի մոռանալ։