Կարմիր բլուր ամրոցը (Թեյշեբաինի) կառուցել է ուրարտական Ռուսա Երկրորդ թագավորը 6-րդ դարի կեսերին: Կառուցելով ամրոցը` նա այստեղ է տեղափոխել մինչուրարտական բնակավայրի ունեցվածքի մի մասը եւ Էրեբունի ամրոցի ամբողջ հարստությունը: Մշակութային անգնահատելի այս արժեքը, 25 տարուց ավելի` լցված է շինարարական եւ կենցաղային հսկայական աղբով: Որեւէ այլ ժողովուրդ, պետություն մշակութային այս ադամանդը կներկայացներ աշխարհին եւ կհպարտանար: Իսկ մենք` հայերս, այն աղբավայրի ու փողոցային «ռազբորկաների» վայրի ենք վերածել:
Էրեբունի թանգարանի (Կարմիր բլուրը թանգարանի մասնաճյուղն է) տարածքի տարիներով կուտակված աղբը հեռացնելու եւ շրջակայքը բարեկարգելու համար ֆինանսական մեծ միջոցներ են պահանջվում:
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ այլ պաշտոնատար անձինք այցելեցին Կարմիր բլուր պատմական հնավայր: Դեռ տարեսկզբին կառավարության Վերահսկողական ծառայությունը ուսումնասիրել էր հուշարձանի տարածքն ու արձանագրել, որ մի կողմից՝ շուրջ 40 հա հնավայրի մի մասը ծածկվել է շինարարական աղբով, մյուս կողմից` հարակից գերեզմանատունը զավթել է մոտ 1.5 հա տարածք: ՀՀ Գլխավոր դատախազությունն այս կապակցությամբ ժամանակին նամակ էր ուղղել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ըստ որի՝ արձանագրվել էր հողազավթման 15 դեպք, որոնցից 8 հողամասերում կառուցվել էին ինքնակամ կառույցներ, այգետնակներ, գոմեր, տեղադրվել մետաղական տնակներ:
Այս տարի Երեւանի քաղաքապետարանն, ի վերջո, հաստատել է Կարմիր բլրի պահպանական գոտին` 39.7 հա տարածքում, որի մեջ, սակայն, չի մտել գերեզմանոցի կողմից զավթված տարածքը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Էրեբունի թանգարանի նախկին տնօրեն Աշոտ Փիլիպոսյանին ազատեցին աշխատանքից` նրա փոխարեն նշանակելով ՀՀ Մշակույթի այլեւս նախկին փոխնախարար Գագիկ Գյուրջյանին: Վերջինս 2009թ. մայիսի 24-ին վարչապետ Տ. Սարգսյանի որոշմամբ` ազատվել էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից: Ընդ որում, Գյուրջյանի` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան ՊՈԱԿ տնօրեն նշանակումն անհասկանալի էր շատերի, հատկապես հուշարձանագետների եւ հնագետների համար, քանի որ նրա պաշտոնանկությունից մի քանի օր անց (մայիսի 30-ին) ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրել էր, որ 2007-2008թթ. հուշարձանների վերականգնման ծրագրի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել են 186 մլն դրամի խախտում: Իսկ Գ. Գյուրջյանը զբաղվում էր հենց մշակութային ժառանգության պահպանության հարցերով: Եվ այս մարդուն նշանակում են պատմամշակութային այս հազվագյուտ եւ եզակի մշակութային արժեք ներկայացնող թանգարանի տնօրեն: Ինչեւէ, պաշտոնական այրերի նշյալ այցը էրեբունցիների կյանքում շատ բան չփոխեց: Ավելի ճիշտ` չէր էլ կարող փոխել, որովհետեւ տեղի բնակիչների համար թանգարանի բակն ու հարակից տարածքը շարունակում է մնալ որպես, ինչպես իրենք են ասում` աղբավայր, նաեւ՝ որպես «ռազբորկաների» հավաքատեղի: Երիտասարդ էրեբունցիներ Հասմիկն ու Արմինեն մեզ հետ զրույցում նշեցին, որ թերեւս միակ ուրախալի փաստն այն էր, որ ՀՀ վարչապետի այցի նախօրեին թանգարանի ամբողջ տարածքը մաքրվել էր: Մինչդեռ այդ տարածքը տարիներ շարունակ աղբակույտերի մեջ էր թաղված: «Երեւի տարիներ առաջ էին մեկ էլ էդպես մաքրել: Ուղղակի զարմանալի ա, որ նորից տեղ-տեղ աղբ ա հավաքվել»,- ասացին աղջիկները, ովքեր սովորաբար տան անդամների ուղեկցությամբ են բարձրանում թանգարանի սարը: «Շատ վտանգավոր ա էնտեղ մենակ գնալը: Իհարկե, աղջիկների համար: Էս կողմերում ինչքան ռազբորկաներ են լինում, թանգարանի տարածքում են լուծվում»,- ասում էին էրեբունցիները` խորհուրդ տալով ընդհանրապես Էրեբունի թաղամասի հետ կապված որեւէ թեմայի չանդրադառնալ: Էրեբունու բնակիչներից ոմանք թանգարանի մասին համաձայնեցին պատմել լրագրողական ձայնագրիչն անջատելուց հետո միայն: Ըստ նրանց` կիրակի օրերին բացվող ավտոշուկայի մեքենաների շարասյունը հասնում է մինչեւ թանգարանի աստիճանների մոտ: Նաեւ պատմում էին, որ թանգարանի անմիջապես դիմաց` փողոցի աջակողմյան մասում գործող ռեստորանի հաճախորդների հարբած վեճերն էլ են շարունակվում կամ հարթվում թանգարանի այգում: Եվ սա՝ այն դեպքում, երբ Էրեբունի թանգարանը Ոստիկանության հետ պայմանագիր ունի եւ ամեն տարի 10 մլն դրամ գումար է հատկացնում` թանգարանի եւ նրա բոլոր մասնաճյուղերի պահպանության համար: «Էդ մասին մի գրի, էլի, կարող ա վնաս տան քեզ: Չգիտե՞ս, մեր ամբողջ հանրապետությունում ա էդ վիճակը: Ասա, որտե՞ղ չկան սափրագլուխներ»,- պատմում էին էրեբունցիները: Զրուցակիցներիցս ոմանք, արդեն 10 տարի է, թանգարան չեն մտել: Ոմանց համար էլ անհասկանալի է, թե ինչո՞ւ է թանգարանի մուտքը հայաստանաբնակների համար՝ 150 դրամ, իսկ սփյուռքահայերի ու օտարերկրացի զբոսաշրջիկների համար` 1000-1500 դրամ: «Մի քանի տարի առաջ ասում էին` իբր թանգարանի պատին Սուրբ Մարիամի դեմքն է պատկերված, ավելի ճիշտ` Մարիամի դեմքի մի հատվածը: Էդ ժամանակ զբոսաշրջիկներն անընդհատ գալիս-գնում էին, հետո այցերը դադարեցին»,- վերհիշեցին էրեբունցիները: Չնայած ցուրտ եղանակին, թանգարանի բակի ձախակողմյան մասում ասֆալտապատման աշխատանքներ էին ընթանում: Փորձեցինք ճշտել, թե ե՞րբ են սկսվել աշխատանքները, սակայն բավական հակասական պատասխաններ ստացանք: Բանվորների աշխատանքներին հետեւող անձը պատասխանեց, որ աշխատանքները սկսվել են ուրբաթ առավոտյան, իսկ շինաշխատանքների ղեկավարը նշեց, որ արդեն 3 ամիս է` աշխատում են, եւ արդեն ավարտել են աստիճանների նորոգումը: