Ֆատնասմագորիա Ստալինի, Չերչիլի եւ վրացական կոնյակի մասին

12/12/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հայկական կոնյակը լավն է: Բարձր է գնահատված ամենուր, ներառյալ՝ իր ծննդավայր Ֆրանսիայում: Միջազգային մասնագետների միասնական կարծիքով՝ գոյություն ունի երկու տեսակ կոնյակ` ֆրանսիական եւ հայկական: Մնացած բոլոր կոնյակները միասին կազմում են երրորդ տեսակը: Եվ, ինչպես ամեն մի ակնառու երեւույթի կամ առարկայի, այնպես էլ հայկական կոնյակի շուրջ եւս պտտվում են իսկական, բայց ավելի հաճախ, մտացածին պատմություններ: Դրանցից մեկում խոսվում է այն մասին, որ 1943թ., Թեհրանում հակահիտլերյան կոալիցիայի երեք մեծ տերությունների ղեկավարների կոնֆերանսի օրերին, իբր, Ստալինը Չերչիլին հյուրասիրում է հայկական «Դվին» կոնյակ, եւ վերջինս այնքան է հավանում այն, որ դրանից հետո մինչեւ կյանքի վերջը օրական խմում է մեկ շիշ «Դվին»: Ազգային հպարտությունը շոյող այս լեգենդով ոգեւորվողներին պետք է հիասթափեցնեմ: Թեհրանի կոնֆերանսի վերաբերյալ գրականությունում նման դիպված, դժբախտաբար, չի հիշատակվում: Ո՛չ Ստալինի թարգմանիչ Վալենտին Բերեժկովի գրքերում, ո՛չ էլ Չերչիլի հուշերում: Սա լեգենդի լիրիկական մասն է, որը, սակայն, ամենեւին էլ չի նսեմացնում մեր ազնվագույն ըմպելիքի արժանիքները: Իսկ որ Չերչիլը, իրոք, օգտագործել է մեր մյուս մարկային կոնյակներից տարբերվող եւ 50 աստիճան պարունակող «Դվին» կոնյակը` պատմական փաստ է: Երբ եւ ինչպես է Անգլիայի պրեմիերը համտեսել ու հավանել այն` դժվար է ասել: Վերջին հաշվով, էականը դա չէ: Այսօր էլ Երեւանում ապրում են մարդիկ, ովքեր անցյալ դարի 60-ականների սկզբներին, զբաղեցնելով բարձր տնտեսական պաշտոններ, միութենական «Սոյուզպլոդոիմպորտ» կազմակերպությանը պարբերաբար առաքել են կոնյակ «Դվին»` Չերչիլին փոխանցելու համար:

…Եվ այսպես, մեր բարեկամ վրացիները, հավանաբար՝ քաջատեղյակ լինելով այս ամենին, 70 տարի անց հայկական լեգենդի հենքի վրա ստեղծել են վրացական լեգենդ-շոու` նույն միզանսցենով եւ նույն հերոսներով: Եթե իրերն անվանելու լինենք իրենց անուններով, ստացվել է էժանագին պլագիատ` գրագողություն: Խոսքը վերաբերում է այսօր Նյու Յորքում հեռուստատեսությամբ եւ մամուլում լայնորեն գովազդվող վրացական «Ենիսելի» եւ «Գռամնի» կոնյակներին: Հիմա փորձեմ ձեզ փոխանցել այդ ներկայացումը, եթե կարողանամ: Ուրեմն, այստեղ դուք կգտնեք փաստերի այնպիսի աղավաղումներ, այնպիսի գրոտեսկային շարահյուսություն, որ հանրահայտ գերմանացի բարոնի հեքիաթները դրանց համեմատությամբ մանկապարտեզի երեխայի թոթովանք կարող են թվալ: Խեղճ ֆրանսիացիներ, խեղճ Շուստով Նիկոլայ Լվովիչ` հայկական կոնյակի նախահայր, խեղճ լուսահոգի Մարգար Սեդրակովիչ Մարգարյան` սոցիալիստական աշխատանքի հերոս, տասնյակ մարկային կոնյակների հեղինակ: Քուռի ափերում ստեղծված եւ Նյու Յորք հասած գովազդի հնչյունների ներքո դուք, հավանաբար, պտտվում եք ձեր առանցքի շուրջը:

Հայտնի է, որ կոնյակը որպես այդպիսին՝ ծնունդ է առել 1836 թ. Ֆրանսիայի Շարանտա դեպարտամենտի կենտրոն Կոնյակ քաղաքում: Իսկ խորհրդային տարիներին վրացիները հայտարարեցին, որ իրենց կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1885 թ. Սարաջեւի (կարող եք կարդալ՝ Սարաջյանի) կողմից: Մոռանալով իրենց իսկ հայտարարած տարեթիվը, «Ենիսելիի» եւ «Գռամնիի» պրոպագանդիստները վրացական կոնյակի արտադրության սկիզբը տանում են գրեթե մեկ դար հետ, երբ նման խմիչք` բնության մեջ դեռեւս գոյություն իսկ չի ունեցել: Հետո մենք տեղեկանում ենք, որ տարիներ շարունակ Կրեմլը խմել է միայն վրացական կոնյակ: Այդ այն դեպքում, երբ պետական արարողակարգի խորհրդային դիվանագետները մեծ համարում չունեին «Սամտրեստի» արտադրած կոնյակի նկատմամբ:

Սակայն գովազդի մեխը Ստալին-Չերչիլ պասաժն է: Կրկին Թեհրան, ընթրիք խորհրդային դեսպանությունում, կոնյակ, բայց այս անգամ` տարբեր տեսակի: Քեռի Ջոն, նույն ինքը` Ստալինը, Չերչիլին հյուրասիրում է ֆրանսիական կոնյակ, հախճապակե, առանց պիտակի շշից: Անգլիացու ռեակցիան զրոյական է: Հետո նրան նույն կերպ հրամցնում են վրացական կոնյակ: Չերչիլի դեմքը պայծառանում է.

– Սա իսկական ֆրանսիական կոնյակ է,- նկատում է նա:

Ստալինը խորամանկ ժպտում է բեղի տակ:

– Ոչ, դա վրացական կոնյակ է:

Եթե ընթերցողը թույլ տա, կարտահայտվեմ երեւանյան սլենգով: Չերչիլը այդ խոսքի վրա «խփնվում է»: Հետո ուշքի գալով՝ խնդրում է, որ Ստալինը իրեն մշտապես ուղարկի այդ հրաշք խմիչքից: Խնդրանքը, բնականաբար, կատարվում է: Հետո կոնյակի պրոպագանդիստներն անում են խորը քաղաքական եզրահանգում: Մոռանալով Սոսոյի բարի ժպիտի մասին ասվածը, նրանք այն փայլուն միտքն են հայտնում, որ Չերչիլը ակամայից փրկել է վրաց կոնյակագործների կյանքը: Նշում են, որ եթե չլիներ նրան կոնյակ ուղարկելու խնդիրը, ժողովուրդների հայրը բոլորին աքսորելու էր Սիբիր, եւ այլեւս չէր լինելու վրացական կոնյակը: Եվ վերջինը, որը ուղեղի կատարյալ սալտո-մորտալե է, եթե, իհարկե, այն լուրջ է ասված: Պարզվում է, որ Իոսիֆը հենց այնպես չի տվել Ուինստոնին համտեսելու իր ազգային խմիչքը: Նա դաժան խաղ է խաղացել միամիտ անգլիացու գլխին: Մի խոսքով, Չերչիլին «քաշել» է: Բռնապետը նրան նստեցրել է վրացական կոնյակի ասեղի վրա, եւ այնքան պինդ ու խորը, որ Ուինստոնը մոռանալով իր սիրելի Կլեմանտինային էլ, հետպատերազմյան Ալբիոնի բազմաթիվ հոգսերն էլ, ամեն-ամեն բան, անընդհատ խմել է վրացական կոնյակ: Եվ զարհուրելին այն է, որ նրան մշտապես հետապնդել է այն կպչուն միտքը, թե կոնյակը կարող է թունավոր լինել: Մտածել է, բայց չի հրաժարվել խմելուց, անզոր է գտնվել: Չի կարողացել մարդը, եւ վերջ, վայ մե: Կատարյալ մազոխիզմ:

…Այս ամենին կարելի էր եւ չանդրադառնալ: Վերջին հաշվով, Աստված մեր հարեւանների հետ: Հաշվենք, որ նրանք պատահաբար, առաջին անգամն են խառնել մերը եւ իրենցը: Եթե կօգնի, թող ծախեն իրենց կոնյակը: Ինձ հետաքրքրողը մեր պարագան է: Իսկ ի՞նչ է արվում, կամ ամեն ինչ արվո՞ւմ է արդյոք, որ, ընդհանրապես, հայկական ապրանքները մտնեն միջազգային շուկա: Դժբախտաբար, այդ ապրանքներից քչերն են մրցունակ: Սակայն կոնյակը բոլորովին այլ է: Սա եւ մեր մյուս արտադրանքները, ինչպես Օդեսայում են ասում, տարբեր բաներ են: Այն ազգային հարստություն է, որին աշխարհը, մեծ հաշվով, ծանոթ չէ: Ափսոս, ոչ միայն մեզ, այլ՝ աշխարհի համար, որը զրկված է այդ հաճույքից: Խորհրդային տարիներին վերոհիշյալ «Սոյուզպլոդոիմպորտը», ունենալով մենաշնորհային իրավունք, արտասահմանում կոնյակի վաճառքից կոպեկներ էր բաժին հանում Հայաստանին: Հիմա ո՞վ է զբաղվում այդ գործով: Ըստ ամենայնի, արտաքին առեւտրի նախարարության բացակայության պայմաններում այն պետք է որ անցնի ԱԳՆ-ին, որը, բացի քաղաքականություն կերտելուց, կոչված է նաեւ զարգացնելու առեւտրական կապերն ու տնտեսական համագործակցությունը արտասահմանյան երկրների հետ: Զուգահեռաբար Արտգործնախարարությունը պարտավոր է հաշվետու լինել հարկատուի առաջ, առանց որի նա չի կարող պահել իր ուռճացած ապարատը եւ դեսպանությունների լայն ցանցը: Ընդ որում, պետական որեւէ գաղտնիք այստեղ չկա: Ո՞ւմ, ի՞նչ ենք ծախում եւ ինչքա՞ն ենք ծախում: Ի՞նչ դեր է խաղում այդ գործում արտաքին գերատեսչությունը, որքանո՞վ է նա օգնում հայկական բիզնեսմենին եւ արտադրողին դրսում: Խոսքը սրա մասին է: Մենք յուրաքանչյուր քայլում հղում ենք կատարում Միացյալ Նահանգների փորձին: Եթե այս դեպքում էլ նույնը անելու լինենք, ապա չմոռանանք նշել, որ ամերիկյան դիվանագիտության գերակայություններից մեկը մասնավոր բիզնեսի ապահովումն է արտասահմանում: Իսկ Հայաստանում մարդիկ, պարզապես, հոգնել են դիվանագիտական հերթական հաղթանակների տարփողումից եւ ապակողմնորոշիչ մշուշապատ հայտարարություններից: Խոսեք նրանց հետ կոնկրետ լեզվով, կոնկրետ գործերից:

Նյու Յորք-Երեւան
11 դեկտեմբերի 2009թ.