Լինե՞լ, թե՞ շարունակել չլինել

12/12/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Երբ մայրաքաղաքի կենտրոնական դպրոցներից մեկի տնօրենը դասամիջոցին ուսուցչանոցում հագուստի վաճառք է կազմակերպում, մեկ այլ տնօրեն ծնողներին հորդորում է շտապել եւ ռեպետիտորներ վարձել անգամ 1-ին դասարանի աշակերտների համար, երբ մեր եւ ոչ մի դպրոցի շրջանավարտ` առանց կրկնուսույցների, դասախոսների մոտ պարապելու` բուհ ընդունվել չի կարող, ծնողների համար այնքան էլ հեշտ չէ հաղթահարել անվստահությունն ու երեխաներին դպրոց ուղարկել: Մոտ երկու տարի առաջ «Այբ» կրթական հիմնադրամն առաջարկեց դպրոցական հանգույցի մի մոդել, որը, աշխատելու դեպքում, կարող է հեղափոխություն անել կրթական համակարգում: Եվ ոչ միայն: Այդ մասին առավել մանրամասն կարող է խոսել կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը:

– «Այբ» կրթական հանգույցի մասին, արդեն մոտ երկու տարի է` խոսվում է: Հետաքրքիր է` ինչո՞ւ են հասարակական քննարկումները նոր սկսվել:

– Ծրագիրն իր ընդգրկմամբ համազգային նշանակություն ունի եւ լուրջ մշակման փուլ է անցել: 21-րդ դարի հայկական դպրոցի մոդելի ստեղծումը մարդկանց նեղ խմբի մտահղացում չէ, այլ հասարակության մեջ խորապես հասունացած պահանջ: Այդ ճանապարհին աշխատել ենք Հայաստանի եւ Սփյուռքի մասնագետների հետ, հռչակավոր գիտնականների եւ ճարտարապետների հետ` Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտից եւ Հարվարդի համալսարանից, եւ այս ամենի արդյունքում մշակել ենք ծրագիրը: Եվ հիմա, արդեն լուրջ աշխատանք կատարած, դա հանձնում ենք հանրությանը, որպեսզի հանրությունը մասնակից դառնա եւ այս նախաձեռնությունը դարձնի իրենը:

– Դուք արդեն հանդիպել եք լրատվամիջոցների ղեկավարներին, ճարտարապետներին, գործարարներին: Ունե՞ք ռեզյումե` որքանո՞վ են նրանք հետաքրքրված ծրագրով:

– Միանշանակ բոլորն էլ ողջունում են եւ կարեւորում են նման դպրոցի ստեղծման գաղափարը: Մտավախություններից մեկը կապված է ուղեղների արտահոսքի հետ: Սակայն պետք է գիտակցենք, որ լավ կրթությունը դրսից կբերի այն հայերին, ովքեր այսօր ընտանիքներով դրսում են ապրում, քանի որ այստեղ իրենց երեխաները պատշաճ կրթություն ստանալ չեն կարող: Դա կարող է նաեւ Սփյուռքի երեխաներին այստեղ կրթություն ստանալու հնարավորություն տալ: Տեսեք, Թաիլանդի դպրոցում 3 տարի առաջ 7 հայ էր սովորում, այսօր արդեն` 50: Եվ բավականին թանկ վճարելով` մարդիկ պատրաստ են երեխաներին ուղարկել Թաիլանդ` սովորելու: Այնինչ, եթե նման պայմաններ լինեին այստեղ, նրանք մեծ սիրով այստեղ կստանային այդ կրթությունը:

– Ձեր կայքում նշված է, որ ՀՀ նախագահը հավանություն է տվել ծրագրին, որ Թբիլիսյան խճուղու վրա ծրագիրն իրականացնելու նպատակով պետությունը պետք է հատկացնի 6,5 հա հող, արդեն կա կրթահամալիրի մակետը, սակայն շինարարությունը չի սկսվում: Դժվար է հավատալ, որ պատճառը միայն ֆինանսական ճգնաժամն է:

– Դեռ անցած տարվա հուլիսին` ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո, պատրաստ էինք միջազգային մրցույթ հայտարարել, մշակված էր ժամանակացույցը: Աշխատանքի դանդաղեցման հիմնական խնդիրը հողի հարցի վերջնական լուծումն է: Երկրի ղեկավարությունը տվել է իր համաձայնությունը: Սակայն չինովնիկական քաշքշուկի պատճառով հողհատկացման վերջնական լուծումը դեռեւս չկա: Քայլերի դանդաղեցումը բերեց նաեւ նրան, որ ֆինանսական ճգնաժամը ավելի շուտ եկավ, քան սկսեցինք դպրոցի ծրագիրը: Սակայն մեր բարերարները, կորցրած լինելով զգալի միջոցներ, զարմանալի համառությամբ կանգնած են այս ծրագրի ետեւում: Եթե ամեն ինչ ժամանակին կատարվեր, այդ մարդկանց համար անհամեմատ ավելի հեշտ կլիներ ներդրում կատարել, ծրագիրը ավելի արագ կիրականացվեր, ինչից նախեւառաջ կշահեր ժողովուրդը: Մենք շարունակում ենք հավատալ, որ խնդիրը շուտով կլուծվի:

– Եթե Ձեր լավատեսությունն արդարանա, եւ հողը տրամադրվի հենց կրթական այս ծրագրի իրականացմանը եւ ոչ, ասենք, որեւէ օլիգարխի` խաղատուն կամ ռեստորան կառուցելու նպատակով, շինարարական աշխատանքները ե՞րբ կսկսվեն:

– Եթե գրաֆիկով գնանք, սկզբից կկառուցենք ավագ դպրոցը, հետո միջին եւ կրտսեր դպրոցները: Ավագ դպրոցի շինարարությունը կտեւի մոտ երկու տարի, մեկ տարի էլ կխլեն նախագծման եւ հաստատումների հարցերը: Երեք տարի հետո հնարավոր կլինի ավագ դպրոցում ունենալ աշակերտներ:

– Ուսումը վճարովի՞ է լինելու, եւ ինչպե՞ս է կատարվելու աշակերտների ընդունելությունը:

– Երեխաները կընտրվեն մրցութային կարգով: Դպրոցն, անշուշտ, լինելու է վճարովի, սակայն դպրոցը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, եւ որեւէ մեկը դրանից շահաբաժին չի ստանալու: Որակյալ կրթություն ապահովելու համար ֆինանսական ռեսուրսները պարտադիր են: Այլ հարց է` ով է վճարում կրթության համար: Մենք առանձնացնում ենք երեխայի ընդունելությունը եւ ծնողների վճարունակությունը: Երեխային ընտրում է հանձնաժողովը, որը հիմնվում է զուտ նրա կարողությունների վրա, ապա նոր ֆինանսական աջակցության հանձնաժողովը կքննարկի երեխայի ծնողների վճարունակ լինել-չլինելը: Եթե ծնողները վճարունակ են՝ վճարում են, եթե ոչ՝ «Այբ» կրթական հիմնադրամի խնդիրն է` գտնել մարդկանց, բարերարների, որպեսզի կոնկրետ այդ երեխան ստանա կրթաթոշակ: Հարվարդի կամ Ստենֆորդի համալսարաններում կրթություն ստանալը շատ թանկ է, սակայն այդ համալսարաններն առեւտրային կազմակերպություններ չեն: Այնտեղ շատ դժվար է ընդունվել, բայց ընդունվելուց հետո, եթե ֆինանսական խնդիրներ ունես, կան բազմաթիվ ֆինանսավորման աղբյուրներ:

– Ուսուցիչների մասին հիմնադրամի կայքում նշված էր, թե նրանք պետք է ուսուցանելուն զուգահեռ` սովորեն: Նման ուսուցիչների հնարավոր չէ գտնել անգամ օրը ցերեկով` ճրագով:

– Արդար չէ ասել, թե լավ ուսուցիչներ չկան: Խնդիրն այն է`որտեղի՞ց գտնել այդ անհատներին եւ ինչպե՞ս հրապուրել նրանց, որպեսզի դպրոցում դասավանդեն: Մենք վերապատրաստման կուրսեր ենք կազմակերպում ուսուցիչների համար, այդ թվում` մարզերում, եւ հիմնական շեշտը ոչ թե դպրոցական ծրագրին համապատասխան ուսուցիչների վերապատրաստումն է, այլ իրենց գործի նվիրյալների:

– Երեխաները դպրոցում պետք է ստանան բարձրակարգ կրթություն, ավարտելուց հետո պետք է հայտնվեն այն իրականության մեջ, որից փախել էին Ձեր դպրոցում: Կա՛մ սթրեսի ենթարկվելով` պետք է ուսումը շարունակեն մեր բուհերից որեւէ մեկում, կա՛մ, ինչն ավելի հավանական է, Հայաստանից հեռանան:

– Տեսեք, մենք կարող ենք տալ անորակ կրթություն, այդ դեպքում նա երկրից չի հեռանա, քանի որ աշխարհում ինքը պետք չի լինի: Մյուս տարբերակն այն է, որ մեզ պետք են մարդիկ, ովքեր աշխարհի ցանկացած կետում իրենց պետքական կզգան: Նրանք կարող են եւ հեռանալ, բայց, ի վերջո, խնդիրը մարդկանց երկրում բռնի պահելու մեջ չէ` անորակ կրթություն տալու եւ նրանց բարդույթավորելու միջոցով: Պետք է ոչ թե պայքարել ուղեղների արտահոսքի դեմ, այլ կանոնակարգել այն: Խնդիրն արժեքային համակարգի ձեւավորման մեջ է, ինչը կրթված, գիտելիք ունեցող մարդուն կստիպի գիտակցաբար մնալ իր երկրում կամ դրսում ուսում ստանալուց հետո վերադառնալ: Եթե երեխան դրսի որեւէ համալսարանում կայանալուց հետո տեսնի, որ մարդիկ, պետությունը կանգնում են իր մեջքին, հավատացեք, որ նա եւս իրեն պարտավորված կզգա նույնը անել իրենից հետո եկողների համար: Կրթություն ասելով` չենք առանձնացնում դաստիարակությունը: Մենք ոչ թե կրթում ենք մարդուն, որ նա պատրաստ լինի թեստեր լրացնել եւ հայտնվել աշխարհի լավագույն համալսարաններում, այլ կրթում ենք մարդուն, ով իրեն պատասխանատու կզգա իր երկրի համար, ով իրեն հայ կզգա: