Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը նախօրեին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որտեղ նաեւ խոսել է ՀՀ բնակչության թվաքանակի, զինված ուժերի համալրման եւ սահմանային միջադեպերի մասին: Երեկ, սակայն, ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքել է այդ լուրերը: «Իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ Հայաստանն ունի մարդկային ռեսուրսի պակաս եւ չի կարողանում կազմավորել անհրաժեշտ ստորաբաժանումները:
Այս առնչությամբ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է. աշնանային զորակոչն ընթանում է ըստ ժամանակացույցի, եւ արդեն ավելի քան 70 տոկոսով իրականացվել է զորքերի համալրումը»,- տեղեկացնում են ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՊՆ-ից հերքում են նաեւ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետ Է. Սաբիրօղլուի այն հայտարարությունը, թե հայկական կողմը երկու անգամ ավելի կորուստներ է կրել, քան ադրբեջանականը: Ըստ նրա հրապարակած տվյալների, վերջին երեք ամիսների ընթացքում` Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով, վիրավորվել են երկու հայ զինծառայողներ: «Առավել քան անհասկանալի է, թե Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ինչպես է հանգել այսպիսի եզրակացության, եթե չի հրապարակել ոչ հայկական եւ ոչ էլ ադրբեջանական կողմի զոհերի եւ վիրավորների թիվը: Այս առնչությամբ իրենց տարակուսանքն են հայտնել հենց ադրբեջանական լրատվամիջոցները: Ուշագրավ է այն փաստը, որ սաբիրօղլուական այս ինքնախաբեությունը հրապարակվել է միայն ռուսերեն լեզվով, հետեւաբար՝ կրում է քարոզչական բնույթ եւ առավելապես նախատեսված է իր հայրենակիցների համար: Հարկ ենք համարում նաեւ հիշեցնել, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած տեղեկությունները Ադրբեջանի նախագահ Ալիեւի ս.թ. նոյեմբերի 17-ի ելույթում արծարծված «ուղենիշ» տեսակետների կրկնությունն են: Մեկ անգամ եւս ընդգծում ենք, որ ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերն ունեն մարտական բարձր պատրաստություն եւ անհրաժեշտ սպառազինություն՝ ցանկացած ոտնձգության արժանի հարված հասցնելու համար»,- ասված է վարչության տարածած հաղորդագրության մեջ: