«Ոսկե եղեգ» պետական գրական մրցանակի դափնեկիր Լեւոն Խեչոյանը երեկ բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որով գրողն իր մտահոգությունն է հայտնում քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակի կապակցությամբ: «Իմանալով, որ Արցախյան ազատամարտի լավագույն հրամանատար, Մարտական երկրորդ աստիճանի խաչի ասպետ, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջությունը միանգամից վատթարացել է, իմ մտահոգությունն եմ հայտնում եւ պահանջում եմ ազատ արձակել մի մարդու` ով (իմ աչքով եմ տեսել) հակառակորդի տարածքների վրա անձրեւի նման իր եւ ջոկատի արյունն է թափել։ Մտնելով նրանց գյուղերն ու ավանները, որ տեղակայված էին նվաճող, ընտիր զինված քաջարի զինվորներով, ջոկատի տղաներին սովորեցրել է` ոգու բարձրարժեքությամբ խորտակել նրանց։ Նմանօրինակ հայրենասիրությունն է` եկող սերունդների համար հպարտ, պինդ ողնաշարով ապրելու կարգախոսը ստեղծում… Չի կարելի առօրյա բարեհաջողության պատճառով գալիքի մարդու մեջ հերոսական անցյալով Սասուն Միքայելյանի տեսակը խաթարել… Ուստի, նախ հարկավոր է ազատ արձակել մի մարդու, որ հայրենիքի առաջ մեծ եւ անուրանալի ծառայություններ ունի, հետո նոր` հիվանդի` ում կյանքը վտանգված է, եւ ով առաջնահերթ բուժօգնության եւ խնամքի կարիք ունի»,- ասված է նամակում։