Հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցը Հայաստանի Սահմանադրական դատարանը քննարկելու է հունվարի 12-ին: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՍԴ մամուլի քարտուղարը: Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները Սահմանադրական դատարան է ներկայացրել նոյեմբերի 19-ին: Ըստ Սահմանադրության, մինչեւ խորհրդարանի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը ՍԴ-ն որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը երկրի հիմնական օրենքին: Հիշեցնենք, որ արձանագրություններն ուսումնասիրող դատավորը Վլադիմիր Հովհաննիսյանն է, եւ հենց նա էլ քննարկման ժամանակ կներկայացնի փաստաթղթերը: Ի դեպ, հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի վավերացմանն են ներկայացվել հոկտեմբերի վերջին: