«Գեղամյանը քավորս չէ»

27/08/2005

Վերջին օրերին Աջափնյակի բնակիչներից ահազանգեր ենք ստացել, թե
մարզահամերգային համալիրը սեփականաշնորհելուց հետո «ԲԱՄՕ» ընկերությունը
պատրաստվում է գնել Համալիրի դիմացի մի քանի բնակելի շենքեր՝ հյուրանոց
կառուցելու նպատակով: Այս կապակցությամբ «ԲԱՄՕ»-ի նախագահ Մուրադ
Մուրադյանն ասաց. «Դա կարճ խելքի տեր մարդկանց դատողություն է: Նման
գաղափար երբեք չի եղել: Ինչո՞ւ բնակելի շենք գնել, եթե կարելի է հող գնել,
նոր հյուրանոց կառուցել: Անշարժ գույքի վաճառքով զբաղվող ցանկացած
կազմակերպություն ցանկացած պահի 1-1,5 մլն դոլարով 10-15 հողակտոր
կառաջարկի քաղաքի կենտրոնում կամ Մոնումենտում»: Նշենք, որ Մ. Մուրադյանի
բիզնես-ծրագրերը մարզահամերգային համալիրով չեն սահմանափակվում: «Մենք
ցանկանում ենք Հայաստանում բիզնես զարգացնել, այդ թվում՝ նաեւ
հյուրանոցային: Պարզապես մարզահամերգային համալիրը մեր առաջնահերթությունն
է եւ առայժմ կենտրոնացած ենք դրա վրա»:

Ի դեպ, մեր նախորդ համարում տպագրած հարցազրույցից հետո, որտեղ Մուրադ
Մուրադյանն ասել էր, թե ինքն անձամբ չի ճանաչում Արտաշես Գեղամյանին, մի
քանի ընթերցողներ զանգահարեցին՝ ասելով, որ դա չի համապատասխանում
իրականությանը, եւ Գեղամյանն ու Մուրադյանն անգամ բարեկամներ են՝
քավոր-սանիկային հարաբերություններ ունեն: Ի պատասխան այս տեղեկությանը
Մուրադ Մուրադյանը նախ ծիծաղեց, ապա հայտարարեց. «Ես առաջին անգամ եմ նման
բան լսում: Արտաշես Գեղամյանը մեծ քաղաքական գործիչ է, ես նույնիսկ նրա
ելույթները բազմաթիվ անգամ լսել եմ, հարգում եմ նրան որպես գործչի, որը
փաստերով է խոսում: Բայց երդվում եմ, ես Արտաշես Գեղամյանին անձնապես չեմ
ճանաչում: Իմ եղբայրն է նրան ճանաչում, հարում է նրա ղեկավարած
կուսակցությանը: Ինչ վերաբերում է քավոր-սանիկ լինելուն, ուզո՞ւմ եք,
քավորիս անունն ասեմ»: