Եվ այսպես՝ կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհը բացահայտված է։ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջարկել է ստեղծել հակակոռուպցիոն պայքարի ընթացքին հետեւող հատուկ հանձնաժողով` բաղկացած հանրությանը հայտնի մարդկանցից: Հետեւելով իշխանությունների գործելաոճին՝ ամենեւին չենք զարմանա, եթե մի քանի ամիս հետո որոշեն ստեղծել մեկ այլ հանձնաժողով՝ հանրությանը ոչ այնքան հայտնի մարդկանցից, վերը նշված հանձնաժողովի աշխատանքը վերահսկելու համար։ Հետո, եթե կոռուպցիան շարունակի շնչել, էլի մեկ ուրիշը՝ նախորդ բոլորին ստուգելու համար։ Եվ այսպես շարունակ՝ իսկը Զադորնովի հայտնի մանրապատումի նման։ Հոգ չէ, որ փորձով ապացուցվել է նման կառույցների «բուտաֆորիկ» դերը ներկայիս հայ իրականության մեջ։ Հանրային խորհուրդը լավագույն օրինակն է։Իրականում՝ գաղափարը վատը չէ. հասարակությունը պետք է հսկի, թե իր հաշվին ապրող պետական համակարգն ինչպե՞ս է պայքարում կոռուպցիայի դեմ։ Սակայն հենց այստեղ թաքնված է ամենամեծ աբսուրդը։ Ստացվում է՝ հասարակությունը պետք է պայքարի մի երեւույթի դեմ, ինչի հիմնական մեղավորը, ըստ Տ. Սարգսյանի, հենց ինքն է։ «Հասարակությունն ագրեսիվ չի պայքարում կոռուպցիոն երեւույթների դեմ: Հասարակությունը հանդուրժող է կոռուպցիայի հանդեպ»,- ասել է վարչապետը։ Ոչ ոք չի կարող առարկել. հայերը հանդուրժող են՝ եւ ոչ միայն կոռուպցիայի հարցում։ Մյուս կողմից՝ հետաքրքիր կլիներ պատկերացնել, թե որտե՞ղ եւ ի՞նչ կարգավիճակում ելույթ ունենալիս կլինեին ՀՀ նախկին ու ներկա հարյուրավոր պաշտոնյաներ, եթե հասարակությունն այդքան հանդուրժող չլիներ։