Նախագահի հանձնարարականը կորե՞լ է

10/12/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ ԱՄՆ-ում սպասում են առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետում այս արձանագրությունների վավերացմանը: Ըստ մեր տեղեկությունների՝ նույնը ասվել է նաեւ Էրդողանի հետ զրույցի ժամանակ»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հիշեցնենք, որ Էրդողանը Օբամայի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե՝ այո՛, հայ-թուրքական արձանագրությունների տեքստում նախապայմաններ չկան, սակայն որպեսզի Թուրքիայի խորհրդարանը դրանք քվեարկությամբ վավերացնի, որոշակի պայմաններ են անհրաժեշտ, այն է` առաջընթաց ԼՂ հարցի կարգավորման գործընթացում: Անդրադառնալով Էրդողանի այս հայտարարությանը` Է. Նալբանդյանը երեկ ասաց, որ եթե Թուրքիան փորձի խոսել նախապայմանների լեզվով, ապա կկրի գործընթացի ձախողման ողջ պատասխանատվությունը: «ՀՀ նախագահը եւ արտգործնախարարը բազմիցս հայտարարել են, որ արձանագրությունները Թուրքիայի կողմից պետք է ստորագրվեն առանց նախապայմանների: Սակայն բազմիցս պնդումներ են եղել, որ նախապայմաններ եղել են ի սկզբանե` եւ՛ բանակցությունների ժամանակ, եւ՛ արձանագրությունների ստորագրման պահին: Այս անգամ նույնիսկ Էրդողանն ասաց, որ նախապայմաններ չեն եղել, անգամ ստորագրման ժամանակ: Ինքն ասում է, որ թուրքական խորհրդարանը կարող է նախապայման ունենալ վավերացման համար: Եթե մենք վերադառնանք նախապայմանների լեզվին, ապա կվերադառնանք այն փակ շրջանակին, որի մեջ գտնվում էինք այս գործընթացը սկսելուց առաջ: Եվ այն ժամանակ այն կողմը, որը կանի այդպիսի փորձեր, կվերցնի իր վրա ամբողջ պատասխանատվությունը` համապատասխան հետեւանքներով: Սա, կարծում եմ, որ գիտակցում են նաեւ թուրքերը: Եվ սա միայն ՀՀ-ի կարծիքն ու դիրքորոշումը չէ, սա կարծիքն է ամբողջ միջազգային հանրության»,- հայտարարեց Է. Նալբանդյանը: Նա անդրադարձավ նաեւ ՀՅԴ խմբակցության կողմից ԱԳ նախարարությանն ուղղված հարցապնդումներին, որոնք վերաբերում էին հայ-թուրքական արձանագրությունների ընթացակարգերին եւ «Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքին» դրանց համապատասխանությանը: Բանն այն է, որ արձանագրությունների պարագայում չեն պահպանվել վերոնշյալ օրենքով նախատեսված ընդհանուր ընթացակարգերը: Դա ԱԳՆ-ն բացատրել է նրանով, որ «նախագահի մոտ կայացած փակ խորհրդակցության ընթացքում ՀՀ նախագահի կողմից տրվել է հանձնարարական արձանագրությունների կնքման գործընթացն իրականացնել «Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի» 18-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով, հետեւաբար հարցապնդման մեջ ներառված ընթացակարգերը պահպանելու անհրաժեշտություն չի եղել»: Սակայն հիշատակված օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ նախագահի հանձնարարականը պետք է լինի գրավոր: Մինչդեռ այդ գրավոր հանձնարարականի պատճենը ՀՅԴ խմբակցությունը թեեւ խնդրել է, բայց չի ստացել: Չկա նաեւ այդ փակ խորհրդակցության արձանագրությունը: «Բնականաբար, համապատասխան արձանագրություն պետք է լինի, եւ եթե այդ կարիքը կա, միգուցե հնարավորություն կլինի մենք ճշտենք` ինչպես կարող ենք մենք տեղյակ պահել Ձեզ այդ արձանագրության մասին»,- ասաց Է. Նալբանդյանը` պատասխանելով այն հարցին, թե որտեղ է նախագահի հանձնարարականն ու փակ նիստի արձանագրությունը: Եվ քանի որ հարցապնդման մեջ նշված այլ տեղեկանքներ ու արձանագրություններ եւս ԱԳՆ-ն չէր տրամադրել, ՀՅԴ խմբակցությունը ԱԳՆ պատասխանը համարեց ոչ լիարժեք: Այնուհետեւ ՀՅԴ խմբակցությունը առաջարկեց ԱԺ-ում քվեարկության դնել մի որոշման նախագիծ, որով առաջարկվում է Կառավարությանը 10-օրյա ժամկետում լրացնել հարցապնդումների պատասխանները եւ յուրաքանչյուր պատասխանի վերաբերյալ առկայության դեպքում ներկայացնել դրա համար հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները: Որոշման նախագիծը ԱԺ նախագահի որոշմամբ կքվեարկվի այսօր կեսօրին: Ամեն դեպքում ակնհայտ է, որ ԱԳՆ-ն հայ-թուրքական արձանագրությունների ընթացակարգերի առումով չի պահպանել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթավորմանը վերաբերող տարրական պահանջները, թեեւ դա առանձնապես մեծ դժվարություն չէր ներկայացնում իրենից: