Բյուջեն ծախսվում է ՀՀԿ-ի հայեցողությամբ

10/12/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Օրեր առաջ ներկայացրել էինք, որ ՀՀ կառավարությունն ընդունել է բյուջեին վերաբերող միայն քաղաքական կոալիցիայի մաս կազմող խմբակցությունների առաջարկությունները:

Խորհրդարանական ընդդիմության`«ժառանգություն» խմբակցության մոտ 60 առաջարկներից ընդամենը մեկն է ընդունվել: Ավելի դաժան են վարվել «Դաշնակցության» նկատմամբ: Չի ընդունվել նրանց 24 առաջարկներից եւ ոչ մեկը: Փոխարենը կառավարությունը բավական առատաձեռն է եղել «Հանրապետական» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նկատմամբ: 2010թ. բյուջեով 2,5 մլրդ դրամ է հատկացվելու իշխող կուսակցության առաջարկները ֆինանսավորելու համար, 2,1 մլրդ դրամ էլ հատկացրել է ԲՀԿ-ի առաջարկների իրականացման համար: ՕԵԿ-ի առաջարկներին բաժին է հասել ընդամենը 400 մլն դրամ: Համենայնդեպս, այս թվերն են ՀՀ կառավարության ներկայացրած առաջարկությունների ամփոփաթերթիկում: Ճիշտ է, թե՛ այս կուսակցությունը, թե՛ «Ժառանգությունը» առաջարկել էին գումարներ հատկացնել նաեւ խորհրդային ավանդների վերադարձի համար, եւ դա ընդունված է համարվել, բայց կառավարությունը անկախ այդ առաջարկներից` նշյալ գումարը հատկացնելու էր: Այնուամենայնիվ, այս թվերից ակնհայտ է, որ կառավարությունը բյուջեի գումարները ծախսում է իշխող կուսակցության ղեկավարության հայեցողությամբ: Երեկ փորձեցինք ԱԺ Ֆինանսաբյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանից ճշտել, թե ինչո՞ւ է կառավարությունը նման խտրական վերաբերմունք դրսեւորել խորհրդարանական խմբակցությունների նկատմամբ եւ պատգամավորների առաջարկությունների մասով հատկացրած մոտ 5 մլրդ դրամի ուղիղ կեսը հատկացրել է միայն ՀՀԿ-ի առաջարկությունների լուծմանը: Հիշեցնենք, որ բյուջեի մասին օրենքի նախագծերի համար հենց Գ. Մինասյանի գլխավորած հանձնաժողովն է համարվում գլխադասային: «Ինչո՞ւ եք առաջարկությունները դիտարկում կուսակցական պատկանելությամբ: Եթե շարունակեք այդպես դիտարկել, ոչինչ չեք հասկանա: Համոզված եմ, որ պատճառը բնավ կուսակցական պատկանելությունը չէ: Ես ավելի քան համոզված եմ, որ կառավարությունն ունի այդ առաջարկները հիմնավորող փաստաթղթեր եւ առաջնահերթության աստիճանի հետ կապված տեսակետներ: Ընդդիմության առաջարկները չի ընդունվել հավանաբար այն պատճառով, որ դրանք հիմնավորված չեն եղել»,- պատասխանեց Գ.Մինասյանը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ իրենց առաջարկությունների մասով հատկացումները շատ քիչ են կոալիցիոն գործընկերների համեմատ: Տիկին Բիշարյանն ասաց, որ կառավարությունը գրեթե ամբողջությամբ ընդունել է իրենց առաջարկները, թեեւ վերոնշյալ ամփոփաթերթիկը դա չէր ապացուցում: Նա ավանդների վերադարձի համար հատկացված գումարն էլ համարեց իրենց առաջարկության արդյունքը: Հիշեցնենք, որ այս հարցը ՕԵԿ-ի քարոզչության հիմնական զենքերից է: Այս կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն ու մյուս անդամները հնարավոր բոլոր առիթներով հայտարարում են, որ իրենց գործունեության շնորհիվ է, որ ավանդները վերադարձվում են:

Ավելացնենք, որ պատգամավորների կողմից ներկայացված առաջարկությունները մասամբ է կարելի առաջարկություն համարել, որովհետեւ դրանք անկախ կամ ինքնուրույն ընտրված տարբերակներ չեն: Կառավարությունն, արդեն 2 տարի է` դպրոցների, մշակութային, սպորտային, առողջապահական հիմնարկների, ջրագծերի ու ճանապարհների վերանորոգման ինչ-որ ցանկ է ներկայացնում եւ խմբակցություններին ստիպում իրենց առաջարկությունները ձեւավորել դրա շրջանակում: Այսինքն՝ խորհրդարանական եւ ոչ մի ուժ չի կարող իր ընտրած օբյեկտի վերանորոգման համար առաջարկ ներկայացնել: Եվ ստացվում է, որ թե՛ ընդդիմադիր, թե՛ կոալիցիոն գործընկերների առաջարկությունները ձեւավորվում են կառավարության ցանկի շրջանակում: Այսինքն՝ դրանք իրականում ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի կամ մյուս խմբակցությունների առաջարկությունները չեն, դրանք կառավարության առաջարկություններն են: «Բացատրում են, թե քանի որ դժվար տարի է, պետք է ավարտել նախորդ տարվա սկսած աշխատանքները կոնկրետ դպրոցների անվանումներով: Մենք արտահայտեցինք մեր դժգոհությունը եւ հրաժարվեցինք առաջարկներ ներկայացնելուց: Համարեցինք, որ մոտեցումն անարդար է ոչ միայն նրա համար, որ կառավարությունը պարտավոր է ավարտին հասցնել սկսած աշխատանքները, այլեւ պարտավոր է հավատարիմ լինել իր հայտարարած` կրթական, մշակութային, ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող քաղաքականությանը: Եվ վարչապետը մի կողմից` հայտարարություն է անում սոցիալական արդարության, ենթակառուցվածքներում ներդրումներ անելու մասին, մյուս կողմից` ներկայացնում է նման դիրքորոշում, որ նոր նախաձեռնությունները հնարավոր չէ իրացնել»,- դժգոհում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ի դեպ, անցած տարի, երբ ՀՅԴ-ն կոալիցիայի մաս էր կազմում, կառավարությունն ընդունել էր նրանց առաջարկների մեծ մասը, որոնք ենթադրում էին մոտ 600 մլն դրամի հատկացումներ: Այս տարի, երբ ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից, հայտնաբերել է, որ իրենց առաջարկների 90 տոկոսի իրականացումը կասեցվել է: «Կարող են ասել, թե պատահական ընտրություն է կատարվել: Բայց եթե այդ ընտրությունը վերաբերում է այն ցանկին, որտեղ մեր առաջարկություններն են եղել, ապա կարծում եմ, որ դա արդեն պատահականություն չէ»,- ասում է Ա. Մինասյանը:

Ի դեպ, չեն ընդունվել նաեւ անկախ` ավելի ճիշտ՝ խմբակցություններից դուրս գտնվող պատգամավորների առաջարկները: Օրինակ` Տաուշի մարզից պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանի 77 առաջարկություններից եւ ոչ մեկը չի ընդունվել: Դրանք վերաբերում էին նրա ընտրատարածքի դպրոցների, ջրագծերի կամ ճանապարհների վերանորոգմանը: Հիշեցնենք, որ գարնանը ՀՀԿ-ն մի քանի անկախ պատգամավորների հետ միասին իրենց խմբակցությանը միանալու մասին չստորագրված դիմումի ձեւ էր տվել նաեւ Հ. Հակոբյանին: Վերջինս դեռ չի ստորագրել այդ դիմումը, եւ ՀՀԿ-ն հիմա վրեժխնդիր է լինում այս պատգամավորից, իսկ արդյունքում տուժում են տաուշցիները: Փաստորեն, Հ. Հակոբյանը չի կարող իր ընտրողների շահերը պաշտպանել, որովհետեւ ՀՀԿ-ն պետական բյուջեի ծախսերը քաղաքականացրել եւ սեփականացրել է: Փոխարենը՝ ՀՀԿ կուսակցության առաջարկով այս տարի 70 մլրդ գումար է հատկացվել Գրողների միության շենքի վերանորոգմանը: Նախագահական ընտրություններից առաջ էլ այս միությանը հատկացվեց մոտ 200 մլն դրամ: Եվ միության նախագահ Լեւոն Անանյանը պաշտպանեց Ս. Սարգսյանին: Իսկ թե ի՞նչն է վերանորոգվելու այս տարի, ինչպես ընդունված մյուս բոլոր առաջարկությունների դեպքում, այս շենքի դեպքում էլ չի նշվում: Առջեւում, սակայն, նորից խորհրդարանական ընտրություններ կան, եւ իշխող կուսակցությունը ողջ պետական ապարատն ու ծախսերը կենտրոնացնում է այդ ուղղությամբ: