Երեկ ԴԱՀԿ աշխատակիցներն այցելել են Բուզանդի 83 հասցե եւ փորձել են վտարել տներից մեկի բնակիչներին: Տանտիրոջը` Նունե Բաղդասարյանին աջակցող իրավապաշտպանները ԴԱՀԿ աշխատակիցներից առաջ էին ժամանել դեպքի վայր:
Ըստ «tert.am»-ի` իրավապաշտպան Էդգար Բադեյանը նշել է, որ դատարանին իրենք հիմնավորված ներկայացրել են, որ տունն ուզում են քանդել ապօրինաբար. դատարանը, հիմք ընդունելով իրավական հիմնավորումները, հայցադիմումն ընդունել է վարույթ: «Մենք ներկայացրել ենք դատական ակտերի գրությունը, որտեղ նշված է, որ ժամը 11-ին գալու են քանդեն այս շինությունը: Խնդրել ենք, որպեսզի արգելանք դնեն ժամանակավորապես այս տան վրա եւ որեւէ գործողություն չկատարեն մինչեւ դատական ակտի կայացումը, սակայն դատարանը մերժում է մեր այդ միջնորդությունը առանց որեւէ պատճառաբանության»,- նշել է իրավապաշտպանը: Իրավապաշտպանի եւ լրագրողների զրույցից հետո ԴԱՀԿ աշխատակիցները ժամանել են դեպքի վայր եւ, առանց համապատասխան որոշումը ցույց տալու, սկսել են դուրս տանել տան գույքը: Տանտերերը եւ նրանց հարեւանները փորձել են խոչընդոտել գույքի դուրս բերումը, սակայն քաշքշուկ է սկսվել: Այդ պահին դեպքի վայր ժամանեց «Համայնք եւ իրավունք» հ/կ նախագահ Սամվել Մկրտչյանը, ով նույնպես ասել է, որ ԴԱՀԿ աշխատակիցներն ապօրինի գործողություններ են իրականացնում, սակայն այդ նույն աշխատակիցները, քաշքշելով, հրել են Ս. Մկրտչյանին: ԴԱՀԿ աշխատակիցներից մեկը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին` ասելով, որ բոլոր հարցերը պետք է ուղղել իրենց մամուլի քարտուղարին: Ավելի ուշ Բուզանդի փողոց է ժամանել նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Վերջինիս գալուց հետո ԴԱՀԿ աշխատակիցները դադարեցրել են իրենց գործողությունները: Տան սեփականատեր Նունե Բաղդասարյանն ասել է, որ իրենք որոշել են պայքարել մինչեւ վերջ, եւ եթե Հայաստանում իրենց չլսեն, ապա դիմելու են Եվրոպական դատարան: Ի դեպ, ԴԱՀԿ աշխատակիցները դրանից հետո ներխուժել են հարեւան տուն, որտեղից հարկադրաբար դուրս են հանել այդ տան բնակիչներին: Տան սեփականատիրուհին ուշագնաց է եղել, եւ ստիպված դեպքի վայր են ժամանել Շտապօգնության աշխատակիցները: Սեփականատերը նշել է, որ իրենք պահանջում են արդար փոխհատուցում եւ չեն ցանկանում դուրս գալ տանից մինչեւ դատարանի որոշումը:
Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից երեկ «panorama»-ին տեղեկանք ենք ուղարկել, համաձայն որի` «Բուզանդի 83 հասցեի նկատմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ տարածքի ձեռք բերող է ճանաչվել Ա/Ձ Հայկ Բեգլարյանը»: «Նշյալ հասցեում բնակվող Արմեն, Արսեն, Կիմա Աբրահամյաններին եւ Վիոլետա Սահակյանին սեփականության իրավունքով պատկանում էր 65.59 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն եւ 78 քմ մակերեսով հողամաս, որն անկախ լիցենզավորված գնահատող կազմակերպության կողմից գնահատվել էր 36035250 ՀՀ դրամ: Սակայն նշենք, որ Աբրահամյաններն ունեին եւս մոտ 60 քմ ինքնակամ կառույց, որը համաձայն գերակա հանրային շահ ճանաչվելու մասին ՀՀ օրենքի` ենթակա չէ փոխհատուցման. Աբրահամյաններին տրված սեփականության վկայականը տրված է 2001թ. մայիսի 15-ից հետո, ուստի համաձայն «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթեր չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի, նրանց ինքնակամ կառույցը ենթակա չէ օրինականացման»: