Աղքատները կշատանան
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով մինչեւ 2010թ. կաղքատանան Եվրոպայի եւ Միջին Ասիայի 10.6 միլիոն բնակիչներ։ Եվս 23 միլիոնը կհայտնվեն չքավորության շեմին։ Նման կանխատեսում է արել Համաշխարհային բանկը, որը ճշգրտել է իր նախորդ զեկույցը՝ աղքատների ընդհանուր թիվը 119.3 միլիոնից հասցնելով 153.6 միլիոն մարդու։
Ինչպես նշել է ՀԲ աղքատության կրճատման գծով տարածաշրջանային տնօրեն Լուկա Բարբոնեն, Եվրոպայի եւ Միջին Ասիայի բնակիչների 20%-ը նորից ստիպված են լինելու հաղթահարել եկամուտների անբավարարության հետ կապված դժվարությունները։ Նրանց մեծ մասը ոչ մեծ ընկերությունների աշխատակիցներ են, որոնք նախկինում օգտվում էին վարկավորման եւ շինարարության բումից։ Ամենից շատ, ըստ ՀԲ գնահատականի, կտուժեն Մոլդովայի, Տաջիկստանի, Ղրղըզստանի եւ Հայաստանի ընտանիքները, քանի որ զգալիորեն կպակասի էմիգրանտների կողմից տուն ուղարկվող տրանսֆերտների ծավալը։ Աս ընտանիքների համար առաջին հերթին վտանգ են ներկայացնում վարկավորման ճգնաժամը, պարենային ապրանքների գնաճը եւ գործազրկության բարձր մակարդակը։
Տնտեսությունը կաճի 4%-ով
Ամերիկյան Merrill Lynch բանկը հրապարակել է իր կանխատեսումները հաջորդ տարվա համար։ Դրանց համաձայն՝ համաշխարհային տնտեսությունը 2010 թ. կգրանցի շուրջ 4% աճ: Բանկի վերլուծաբանների գնահատմամբ` առաջիկա ամիսների ընթացքում կգրանցվի սպառողական եկամուտների եւ վարկավորման ծավալների զգալի աճ՝ պայմանավորված համաշխարհային շուկայում նկատվող դրական միտումներով: Հրապարակված կանխատեսումների համաձայն, առաջիկա մեկ տարվա ընթացքում տնտեսական աճի առավել բարձր տեմպեր կգրանցվեն Չինաստանում եւ Հնդկաստանում: Այս երկրներում ՀՆԱ-ի աճը 2010թ. կկազմի, համապատասխանաբար, 10% եւ 7%, իսկ կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում ԱՄՆ-ում կգրանցվի ՀՆԱ-ի 3% աճ, եվրագոտու երկրներում` 2%, Ճապոնիայում` շուրջ 3%: Merrill Lynch բանկի վերլուծաբանների կարծիքով, 2010թ. ընթացքում զգալի աճ կգրանցվի աշխարհի խոշոր ֆոնդային բորսաներում եւ առավելապես՝ ասիական շուկաներում: Ինչ վերաբերում է բանկային համակարգին, ապա վերլուծաբանները կանխատեսում են գնաճային սպասումներ, ինչով էլ պայմանավորված՝ առաջատար երկրների կենտրոնական բանկերը կբարձրացնեն հաշվարկային տոկոսադրույքները։
Carlsberg-ը հրաժարվեց Ուկրաինայից
Գարեջրի արտադրությամբ զբաղվող Carlsberg ընկերությունը հրաժարվել է Խարկովում գործարան կառուցելու իր մտադրությունից։ Ինչպես գրում է «ԽՏՎՎպՐրՈվՑ-ձՍՐՈՌվՈ» թերթը, ներդրումներից հրաժարվելը Carlsberg-ը բացատրել է ճգնաժամով, որի պատճառով գարեջրի սպառումը Ուկրաինայում սկսել է կրճատվել։ Գործարանի կառուցումից հրաժարվելու որոշումը կայացվել է դեռ նոյեմբերին, սակայն ընկերությունն այդ մասին չէր հայտարարում։ Անգամ երկու օր առաջ Խարկովում տեղի ունեցած ներդրումային ֆորումի ընթացքում խոսք էր գնում, որ դանիացիները գործարանի կառուցման համար կներդնեն 30-40 միլիոն դոլար։
Ուկրաինայում արտադրական հզորությունները մեծացնելու մասին Carlsberg-ը առաջին անգամ հայտարարել է 2008թ. ամռանը։ Այն ժամանակ նաեւ նշվում էր, որ գործարանի հզորությունը կկազմի տարեկան 1 միլիոն հեկտոլիտր։
Գործարանից հրաժարվելու պատճառաբանությունը համոզիչ է թվում։ 2009թ. առաջին 9 ամիսների տվյալներով՝ Ուկրաինայում գարեջրի սպառումը կրճատվել է 14%-ով։ Միեւնույն ժամանակ, պահանջարկի նվազման պայմաններում գարեջրագործները ստիպված են բարձրացնել արտադրանքի գինը՝ ակցիզային հարկի բարձրացման պատճառով։
Նշենք, որ Carlsberg-ը Ուկրաինայում գործող «հսՈՉցՑՌփ-Carlsberg Group» ընկերության սեփականատերն է, որն իր մեծությամբ երկրի երրորդ գարեջուր արտադրողն է։ 2008թ. «հսՈՉցՑՌփ-Carlsberg Group»-ին բաժին էր ընկնում գարեջրի ուկրաինական շուկայի 23.5%-ը։ Ընկերության գործարանները տեղակայված են Կիեւում, Զապորոժիեում եւ Լվովում։ Ի դեպ, «հսՈՉցՑՌփ-Carlsberg Group»-ը շշալցնում է ոչ միայն ավանդական Carlsberg, Holsten, հսՈՉցՑՌփ, ըՈսՑՌՍՈ գարեջրեր, այլ նաեւ Pepsi եւ 7up զովացուցիչ ըմպելիքներ։
Արաբ մենեջերների բախտը բերել է
Ռուսաստանյան թոփ-մենեջերներն իրենց եկամուտներով զբաղեցնում են աշխարհում 20-րդ տեղը՝ հաշվի առնելով գնողունակությունը։ Այդ մասին նշվում է Hay Group ընկերության «Global Management Pay report» զեկույցում։ Այսպիսով, ռուս մենեջերները զգալիորեն նահանջել են եւ դուրս թռել ամենաբարձր վարձատրվող ղեկավարների տասնյակից։ 2008թ., Hay Group-ի տվյալներով, նրանք զբաղեցնում էին 9-րդ հորիզոնականը, իսկ 2007-ին՝ 4-րդ։ Hay Group-ի հետազոտությունն անցկացվել է աշխարհի 56 երկրների 200 գործատուների շրջանում։ Hay Group-ի խորհրդատու Իրինա Չեռնոզուբովայի խոսքերով, Ռուսաստանի ղեկավար աշխատողների եկամուտները 2009թ. կրճատվել են 4-5 տոկոսով։ Ընդ որում, այդ ցուցակում Ռուսաստանը կարող էր շատ ավելի ցածր հորիզոնականում հայտնվել, եթե հաշվի չառնվեր գների՝ համեմատաբար ցածր մակարդակը եւ ֆիզիկական անձանց եկամուտների հարկման ոչ բարձր դրույքաչափերը։ Հարցման մասնակիցները նշում են, որ Hay Group-ն իր վարկանիշային ցուցակը կազմելիս հիմնվել է այս տարվա ամռանը ստացված տվյալների վրա։ Հենց այդ ժամանակահատվածում էլ ռուսական մենեջերների աշխատավարձերը զգալիորեն կրճատվել էին՝ հասնելով նվազագույնին։
Ավելացնենք, որ զեկույցի համաձայն, ամենից բարձր վարձատրվում են Քաթարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի եւ Բահրեյնի թոփ-մենեջերները։ Իսկ Հնդկաստանի, Բուլղարիայի, Վիետնամի, Ինդոնեզիայի եւ Մալազիայի ընկերությունների ղեկավարները տեղ են զբաղեցրել ցուցակի վերջին հորիզոնականներում։
Խնայբանկի շահույթը կաճի
Ռուսաստանի խոշորագույն վարկային հաստատությունը՝ Խնայբանկը, ակնկալում է, որ 2010թ. ընկերության շահույթը կկազմի նվազագույնը 100 միլիարդ ռուբլի։ Նման հայտարարություն է արել բանկի վարչության փոխնախագահ Անտոն Կարամզինը։ Վերջինիս խոսքերով, 2009թ. վերջին Խնայբանկի զուտ շահույթը կտատանվի 15 միլիարդ ռուբլու սահմաններում։ Այսպիսով, ըստ Կարամզինի, հաջորդ տարի բանկի շահույթը կաճի 7 անգամ՝ վերադառնալով մինչճգնաժամային մակարդակին։
2008թ. բանկն ունեցել է 113 միլիարդ ռուբլու շահույթ։ Մինչդեռ այս տարվա երրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 4.2 միլիարդ, իսկ առաջին 9 ամիսների համար՝ 10.3 միլիարդ ռուբլի։
Ռեկորդային գին՝ Ռեմբրանդտի նկարի համար
Եթե ճգնաժամը միլիոնավոր մարդկանց կանգնեցրել է գոյատեւման խնդրի առաջ, ապա գերհարուստների դեպքում կարծես ոչ մի բան չի պատահել։ Նրանք շարունակում են արվեստի ստեղծագործությունների վրա այնպիսի գումարներ ծախսել, որոնցով հնարավոր կլիներ մեկ ամիս կերակրել միջին մեծության քաղաքի բոլոր թոշակառուներին եւ գործազուրկներին։ Այսպես, Ռեմբրանդտի «Տղամարդու դիմանկարը» (1658թ.) նկարը Լոնդոնի Christieգs աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով` 20,2 մլն ֆունտ ստեռլինգով (33 մլն դոլար): Ինչպես տեղեկացնում է «ԹպրՑՌ»-ն, չնայած փորձագետները կանխատեսել էին մինչեւ 25 մլն ֆունտ ստեռլինգ, վաճառքից ստացված գումարը գերազանցել է անգամ նախկին ռեկորդը (2000թ. դեկտեմբերին` «Լեդիի դիմանկարի» (1632թ.) վաճառքի ժամանակ):
Աղբյուրի փոխանցմամբ, նկարի նոր սեփականատեր է դարձել գեղանկարչության ոմն անանուն սիրահար, ով նկարը գնել է հեռախոսով: Մեծահարուստները միլիոններ են վճարում ոչ միայն արվեստի ստեղծագործությունների համար, այլեւ հայտնի մարդկանց իրերի։ Հանրահայտ դերասանուհի Օդրի Հեփբըրնի զգեստների, աքսեսուարների եւ նամակների հավաքածուն վաճառվել է լոնդոնյան աճուրդից 268,3 հազ. ֆունտով. հաղորդում է Guardian-ը։ Kerry Taylor եւ Sotheby’s աճուրդի տների կազմակերպիչների տեղեկատվությամբ՝ այդ գինը ավելի քան կրկնակի գերազանցել է 100 հազ. ֆունտի գումարը, որը նախատեսում էին ստանալ։ Աճուրդին ցուցադրվել էր 40 նմուշ՝ Հեփբըրնին պատկանող գլխարկներ, գոտիներ, հազվագյուտ նամակներ, որտեղ նա նկարագրում է իր առաջին քայլերը կինոյի բնագավառում, ինչպես նաեւ՝ 36 երեկոյան զգեստներ։
Ծախսել են 16 միլիարդ
Ըստ ամենայնի, ճգնաժամը չի կարողացել ամերիկացիներից խլել իրենց կոչումը՝ «սպառողների հասարակություն»։ Նրանք արդեն սկսել են տոնական գնումները, եւ այն էլ ինչպիսի՜ ակտիվությամբ։ Այսպես, comScore-ի տվյալներով, ամերիկացիներն արդեն հասցրել են միայն էլեկտրոնային եղանակով գնումների վրա ծախսել 16 միլիարդ դոլար։ Արդյունքում, ինտերնետ-խանութների եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3%-ով։ Միայն նոյեմբերի 30-ին, կամ, այսպես կոչված, «կիբեռ-երկուշաբթի» օրը օն-լայն առեւտրականները վաստակել են 887 միլիոն դոլար։ Չնայած, դրանից հետո վաճառքի ծավալները զգալի չափով կրճատվել են։ Ընդ որում, ինտերնետը սկսել է մեծապես ազդել նաեւ սպառողների ճաշակի եւ ընտրության վրա։ ComScore-ի անցկացրած հարցման արդյունքներով, սպառողների 28%-ը հաստատել է, որ իրենց նախատոնական գնումների ընտրության վրա ազդել է սոցիալական ցանցերից եւ նման այլ ռեսուրսներից ստացած ինֆորմացիան։ 13 տոկոսին օգնել են կողմնորոշվել գնորդների թողած մեկնաբանությունները՝ ինչպես ինտերնետ-խանութների կայքէջերում, այնպես էլ այլ տեղեկատվական կայքերում։ 11 տոկոսը հաշվի է առել միայն փորձագետների կարծիքը։ 7 տոկոսի ընտրության վրա էլ ազդել են Facebook-ում իրենց ծանոթների խորհուրդները։
Օրական 4 միլիոն դոլարի SMS եւ MMS
Ռուսաստանի բջջային օպերատորները 2009թ. երրորդ եռամսյակի ընթացքում միայն SMS եւ MMS ծառայությունների մատուցումից վաստակել են 404 միլիոն դոլար։ Այս մասին գրել է «Կոմերսանտ»-ը՝ մեջբերելով «ACM-Consulting» վերլուծական ընկերության տվյալները։
Այսպիսով, ռուսաստանցիները բջջային հաղորդագրություններ ուղարկելու վրա օրական ծախսում են 4.44 միլիոն դոլար։ VAS ծառայությունների (ներառում է SMS, MMS հաղորդագրությունները, տվյալների փոխանցումը, կոնտենտի վաճառքը) շուկան երրորդ եռամսյակում աճել է 14 տոկոսով՝ գերազանցելով 1 միլիարդ դոլարը։ Դա նշանակում է, որ շուկան գործնականում վերադարձել է մինչճգնաժամային մակարդակին. 2008թ. երրորդ եռամսյակում օպերատորները VAS ծառայություններից ստացել էին 1.006 միլիարդ դոլարի հասույթ։ «ACM-Consulting»-ը պարզաբանում է, որ ճգնաժամի պայմաններում լրացուցիչ ծառայություններից ստացված հասույթի նվազումը պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, որ մարդիկ սկսել են խնայել հաղորդագրությունների վրա, այլ՝ դոլարի արժեւորմամբ։ Իսկ 2009թ. երրորդ եռամսյակում նկատվել է հակառակ միտումը՝ ռուբլին սկսել է ամրապնդվել դոլարի նկատմամբ։ VAS ծառայությունների ոլորտում ամենամեծ հասույթը ունեցել է MTC-ը՝ երկրի խոշորագույն բջջային օպերատորը։ MTC-ին բաժին է ընկնում այս շուկայի 33 տոկոսը։ Երկրորդ տեղում՝ 31 տոկոսով, «Մեգաֆոն»-ն է, իսկ երրորդ տեղը զբաղեցնում է «Վիմպելկոմ»-ը՝ 26 տոկոս։ Մնացած բոլոր օպերատորներին բաժին է ընկնում VAS շուկայի 10%-ը։