«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրապարակեց այս տարվա հեռուստամարաթոնի արդյունքները: Արդեն հայտնի էր, որ հանգանակվել է 15 մլն 750 հազար ԱՄՆ դոլար: Ավելի քան երկու անգամ պակաս գումար, քան անցած տարի: 2008-ի 35 մլն դոլարանոց հանգանակությունը, ցավոք, դեռ երկար կմնա անգերազանցելի: Տարբեր պատճառներով: Բայց այս տարվա ցուցանիշը, կարծում եմ, կարեւոր է: Ոչ միայն այն պատճառով, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի օրերին հաջողվեց 15 մլն 750 հազար գումար հավաքել: Թվով 12-րդ հեռուստամարաթոնը հանգանակված գումարով երկրորդն է հիմնադրամի պատմության մեջ: Այն կայացավ բացառիկ պայմաններում: Նախագահական ընտրությունները, մարտի 1-ի դեպքերն ու հաջորդող դատավարությունները պառակտել են հայ հասարակությունը: 2009-ին հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված տեղաշարժը եւս միանշանակ ընկալում չունի: Թե ներսում, թե Սփյուռքում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը լուրջ դժգոհություններ ու դիմադրություն է ծնել: Հետեւաբար քիչ չէին այն կանխատեսումները, որ հեռուստամարաթոնը կտապալվի: Բայց պարզվեց, որ «Հայաստան համահայկական հիմնադրամ» անունը կրող կառույցն իրավամբ մեր նորօրյա պատմության ամենաարդյունավետ ազգային ձեռնարկն է: Ամենաարդյունավետ եւ ամենակենսունակ: Անգամ քաղաքական խորագույն տարաձայնությունների պարագային մենք մեր մեջ ուժ գտանք պահպանելու այս կառույցը: Ու հիմա հիմնադրամի գործադիր վարչությունը նախնական հաշվետվություն է հրապարակել: Նախորդ տարիների փորձից ելնելով՝ կարելի է ասել, որ այս հիմնադրամը հայաստանյան ֆինանսական կառույցներից ամենաթափանցիկն է: 1996թ.-ից հեռուստամարաթոններով 228,5 մլն դոլար է հանգանակվել: Արցախում ու Հայաստանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Այս տարվա գումարի մեծ մասը ծախսվելու է Շուշիում: Նախապես հայտարարված ծրագրի շուրջ գումար հավաքելու փորձն իրեն արդարացրել է: Տարիների ընթացքում հաղթահարվեց նաեւ այն սխալ պատկերացումը, որ հիմնադրամի հիմնական ստնտուն Սփյուռքն է: Սփյուռքի հանգանակությունները մի ժամանակ դիտարկվում էր՝ որպես հայրենասիրության յուրատեսակ վարձավճար: Կամ` հայրենասիրության հարկ, եթե կուզեք: Վերջին տարիներին Հայաստանի եւ Արցախի մասնաբաժինն անընդհատ աճում է: Հանգանակության կառուցվածքը դիտարկելիս նկատելի է, որ ամենամեծ գումարը հավաքվել է Ռուսաստանում: Երկուս ու կես անգամ ավելի շատ, քան ԱՄՆ-ում: Երեք անգամ ավելի մեծ գումար, քան Հայաստանում եւ Արցախում: Միայն եվրոպական երկրներում է հաջողվել ռուսաստանյան հանգանակության ծավալի գումար հավաքել: Բացարձակ թվով ու մեկ երկրի ցուցանիշով «ռուսաստանյան» ներդրումն ամենամեծն է: Ընդհանուր գումարի մեկ երրորդը: Բայց «ռուսական» մասնակցությունը պետք չէ գերագնահատել: Այն իր տրամաբանությամբ դուրս է հիմնադրամի սկզբունքներից: Հիմնադրամն ի սկզբանե համահայկական է հռչակված: Մինչդեռ ռուսաստանյան հանգանակությունը հավաքվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կայացած մոսկովյան խոշոր գործարարների ճաշկերույթի ժամանակ: Այսինքն՝ դա չի կարող համարվել ռուսահայ համայնքի մասնակցություն: Հրապարակված հաշվետվության մեջ նշվում է, որ զանգվածային մասնակցության աճ է արձանագրվել: Նախորդ տարվա 31 հազարի փոխարեն՝ այս տարի հիմնադրամն ունեցել է 50 հազար նվիրատու: Նվիրատուների քանակն աճել է հիմնականում Հայաստանում: «Հայփոստի» միջոցով գումար է փոխանցել 15 հազար հայաստանցի: Իսկ «Վիվա Սել ՄՏՍ»-ի միջոցով` 12 հազար: SMS հաղորդագրություններով 200-ական դրամ հանգանակության առաջարկը, փաստորեն, արդյունավետ էր: Հայաստանյան 1 մլն 750 հազար դոլարանոց հանգանակությունն ապահովվեց զանգվածային մասնակցությամբ: Այն միանշանակ հայաստանցիների ջերմ վերաբերմունքի արտահայտությունն է «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ: Շատ դրական է նաեւ հիմնադրամի նկատմամբ եվրոպական սփյուռքի վերաբերմունքը: Համաեվրոպական հեռուստամարաթոնը 12 հազար 400 նվիրատուի մասնակցություն է արձանագրել: Զանգվածային մասնակցության այս թվերը անհամադրելի են մոսկովյան ճաշկերույթի մասնակցության հետ: Հետեւաբար՝ Հայաստանում, Եվրոպայում հիմնադրամն ընկալվում է իրավամբ համահայկական կառույց: Սփյուռքի մյուս հատվածներին հավանաբար վիրավորել էր իշխող` Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մի քանիսի գնահատականները, ուր պնդում կար, թե հիմնադրամը կարող է գոյատեւել առանց սփյուռքահայերի մասնակցության: Երեւի սրանով կարելի է բացատրել, որ ամերիկյան մայրցամաքում ու Մերձավոր Արեւելքի երկրներում մասնակիցների թիվը համեստ է` միասին մոտ 10,5 հազար նվիրատու: Բայց անգամ այդ անխոհեմ հայտարարությունների ֆոնին հիմնադրամին հաջողվում է ոգեւորել ու համախմբել մեզ` հայերիս: Համախմբել ազգային այս կամ այն ծրագրի իրականացման շուրջ: