– Ընդդիմությունը պնդում է, որ եթե անգամ մասնակցի սահմանադրական
բարեփոխումների վերաբերյալ ԱԺ քննարկումներին, միեւնույն է` ժողովրդին կոչ
է անելու «Ո՛չ» ասել իշխանությունների ներկայացրած տարբերակին:
Իշխանությունները հակազդելու որեւէ միջոց ձեռնարկելո՞ւ են:
– Չեմ ուզում խոսել ո՛չ կոալիցիայի, եւ ո՛չ էլ իշխանությունների անունից:
Իմ կարծիքով, երկու խնդիր կա այստեղ: Առաջին` ընդդիմության նման
դիրքորոշումը որքանո՞վ է համարժեք իրավիճակին ու փաստաթղթին: Երկրորդ`
ի՞նչ պետք է անեն հետագայում: Համարժեքության առումով, կարծում եմ,
ընդդիմությունն իրեն դնում է բավականին անհասկանալի իրավիճակում: Երբ
նրանք խոսում են երկրում մի շարք խնդիրներ լուծելու մասին` հասկանալի է,
սկսած ազատ եւ արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտությունից,
վերջացրած ժողովրդավարության արմատացմամբ, բայց երբ գործը գալիս է արդեն
կոնկրետ քայլերին, ընդդիմությունն ուղղակի, մեղմ ասած, տարրական
հակասությունների մեջ է ընկնում: Այդ խնդիրները հենց այնպես կամ որեւէ
մեկի կամքով չեն կարող լուծվել: Դրանց լուծման համար ամենակարեւոր
խնդիրներից են սահմանադրական երաշխիքների բացակայությունն ու
սահմանադրական կաշկանդումների առկայությունը: Համոզված եմ, որ
բացարձակապես հնարավոր չէ նման խնդիրներ լուծել` առանց էական
սահմանադրական փոփոխությունների: Հետեւաբար, եթե իրենք իսկապես անկեղծորեն
այդ նպատակներն են հետապնդում, ապա հենց իրենք պետք է առաջին ջատագովը
լինեին այդ փոփոխությունների: Եվ, անկախ իշխանությունների նկատմամբ իրենց
ունեցած վերաբերմունքից, իրենք պետք է կողմնակիցը լինեին սահմանադրական
փոփոխությունների ու հասարակությանն էլ կոչ անեին մասնակցել եւ «կողմ»
լինել դրան` այդ եւ այլ խնդիրներ լուծելու համար: Հակառակ դեպքում` ամեն
ինչ մնալու է այնպես, ինչպես կա: Ավելին` եթե առաջիկա 2-3 տարվա ընթացքում
Հայաստանում լուրջ փոփոխություններ տեղի չունենան եւ առաջին հերթին՝
սահմանադրական փոփոխություններ, ապա Հայաստանին սպառնում է բավականին վատ
հեռանկար առաջիկա առնվազն 1-2 տասնամյակի համար: Այնպես որ` որեւէ
հիմնավորում չկա, թե ինչու պետք է «դեմ» լինել այս նախագծին: Միայն այն
պատճառով, որ իշխանություններն են այդ փոփոխությունների առաջարկողները`
անհեթեթ մոտեցում է: Հատկապես իրավական այնպիսի փաստաթղթի նկատմամբ, որը
երկրի ապագայի հետ կապված բացառիկ նշանակություն ունի: Պահանջել, որ նախ՝
պատժվեն ընտրություններում խախտումներ թույլ տվողները, հետո՝ լուծեն մի
շարք հարցեր, սա կա՛մ միամտության արդյունք է, կա՛մ քաղաքական տարրական
շահարկման:
– Ինչո՞ւ, արդարացի պահանջ չէ՞:
– Արդարացի պահանջները պետք է ճիշտ լուծումներ ունենան: Այդ լուծումները
հնարավոր են միայն սահմանադրական արմատական փոփոխությունների արդյունքում:
Չպատկերացնել, չհասկանալ սա, նշանակում է՝ պարզապես տարրական գիտելիքներ
չունենալ, ուրիշ ոչինչ: Որեւէ խնդիր լուծելու ցանկությունը միայն, այդ
թվում` նաեւ արդարացի, միշտ դատապարտված է մնալու որպես ցանկություն, եւ
վերջ, դրանով ամեն ինչ ավարտվում է: Ընդդիմության մի մասը որպես
այլընտրանք առաջարկում է հեղափոխությունը: Պետք է հասկանալ` ինչի՞ համար է
արվում դա: Հեղափոխությունը միայն իշխանության փոփոխություն է տալիս`
նորից նույն հիմնախնդիրները թողնելով երկրի առջեւ: Դրան գումարելով նաեւ
1-2 նոր խնդիրներ` անկայունություն, անորոշություն: Բայց սրանից հետո
նորից նույն հիմնախնդիրները պետք է լուծել: Ընդ որում` այն երկրները,
որտեղ հեղափոխություններ եղան, լուրջ խնդիրներ ունեն Սահմանադրության
վերաբերյալ: Եվ եթե հեղափոխություն պետք է անենք սահմանադրական
փոփոխություններ անելու համար, միգուցե ավելի խելացի է միանգամից անել այդ
փոփոխությունները, դրանից մեկ տարի հետո անցկացնել նորմալ խորհրդարանական
ընտրություններ ու նույն մեխանիզմով՝ նախագահական ընտրություններ: Ի
վերջո, հասարակության մեջ շատ չնչին մասին է միայն հետաքրքրում, թե
պաշտոնյաներն ինչ անուն-ազգանուն ունեն: Կարեւոր է, թե պաշտոնյաներն ինչ
խնդիրներ են լուծում, եւ ինչպես են լուծվում իրենց խնդիրները:
– Ընդդիմությունը հեղափոխության անհրաժեշտությունը պատճառաբանում է
նրանով, որ այն կօգնի, որպեսզի իշխանությունները չվերարտադրվեն: Նաեւ դա է
նրանց փաստարկը, թե ինչու չեն մասնակցելու առաջիկա ՏԻՄ ընտրություններին:
Ասացիք, թե սահմանադրական փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի լուծել
ընդդիմության` ընտրակեղծարարներին պատասխանատվության ենթարկելու պահանջը:
Չէ՞ որ գործող Սահմանադրությունն ու համապատասխան օրենքները սահմանում են
նման պատժամիջոցներ: Հետեւաբար` ի՞նչ երաշխիք, որ նոր սահմանադրության
պարագայում այն կգործի:
– Բացի ուղղակի լավագույն ցանկություններից, փաստաթղթերը պետք է
մեխանիզմներ պարունակեն: ՀՀ Սահմանադրությունն ունի լուրջ կաշկանդումներ
անկախ եւ անաչառ դատական համակարգ ձեւավորելու հարցում: Հետեւաբար`
ակնկալել, թե նման սահմանադրության պարագայում նման համակարգ կստեղծվի, ու
դատարաններն էլ կընդունեն վճիռներ, որոնք կբխեն արդարությունից`
միամտություն է: Հակակշիռների ու զսպումների խեղված համակարգը, որը
գոյություն ունի գործող Սահմանադրությունում, ակնհայտորեն հնարավորություն
չի տալիս ունենալու քաղաքական համակարգ, որտեղ քաղաքական ուժերն ունենան
լիարժեք դերակատարություն: Եթե այս հիմքերը չվերացվեն՝ ոչինչ հնարավոր չէ
անել, մնացածը գեղեցիկ հայտարարություններ են: Գիտության մի ճյուղ, որը
կոչվում է քաղաքագիտություն, ընդհանրապես հեռու է եւ՛ քաղաքական ասպարեզի
մարդկանցից, եւ՛ գիտությունից ընդհանրապես: Եվ մարդիկ տարրական
ճշմարտություններ չգիտեն: Միգուցե իրենց մեղքը չէ, որ չգիտեն, բայց
մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ լուրջ դերակատարության ակնկալիք ունեն`
հատկապես մեր ժամանակներում, չեն կարող տարրական այդ ճշմարտություններից
անտեղյակ լինել: Ամենաշատը կարող է լինել այն, որ այս կամ այն քաղաքական
ուժի փոխարեն՝ իշխանությունում կլինի մեկ այլ ուժ կամ այս կամ այն
պաշտոնյայի փոխարեն՝ մեկ այլ անուն-ազգանունով պաշտոնյա: Համոզված եմ, որ
նախորդ իշխանությունները, գոնե այդ իշխանությունների մեջ լուրջ
դերակատարում ունեցողները, ավելի պակաս ցանկություն չունեին Հայաստանը
տեսնելու բարգավաճ, արժանապատիվ կյանքով ապրող, հզոր, քան այսօրվա կամ
հետագա իշխանությունները: Իսկ եթե մեխանիզմներն այնպիսին են, որոնք թույլ
են տալիս վերարտադրվել, ապա անկախ անուն-ազգանունից` իշխանությունները
վերարտադրվելու են: Եթե վաղը իշխանափոխություն լինի ու նույն
սահմանադրությունը մնա, համոզված եմ, նույն բանը, փոքր շեղումներով, տեղի
է ունենալու նաեւ նոր իշխանությունների ժամանակ: Հայաստանն ունի լավագույն
ցուցանիշները տնտեսության զարգացման առումով, բայց ժողովրդավարության
տեսակետից` լուրջ թերություններ ունի: Վերջին շրջանում նույնիսկ որոշակի
հետընթաց է արձանագրել: Եթե առաջիկա 1-2 տարում այդ հարցում մենք լուրջ
զարգացում չարձանագրենք, ապա վտանգվելու են նաեւ տնտեսության մեջ այս
ձեռքբերումները: Անկախ ամեն ինչից, այսօր Հայաստանի զարգացման համար
ամենալուրջ խոչընդոտը սահմանադրության մեջ առկա կաշկանդումն է:
– Հակաժողովրդավարական գործողությունների համար հիմնականում մեղադրվել
են իշխանությունները, իրենք չե՞ն գիտակցում նման վտանգի առկայությունը:
– Այդպես էլ պետք է լինի: Ցանկացած երկրում ժողովրդավարության հետ կապված
մեղադրանքներն ուղղվում են իշխանություններին: Սակայն միայն
իշխանություններին ուղղված մեղադրանքները ոչ միայն անպտուղ են, այլեւ`
վտանգավոր, չնայած` շատ հաճախ արդարացի են, բայց պատճառները պետք է որոնել
ոչ թե իշխանությունների ցանկության բացակայության մեջ, այլ` առաջին
հերթին՝ սահմանադրական երաշխիքների եւ հասարակության մեջ առկա իրավիճակի
մեջ:
– Ասացիք, որ եթե չլինեն սահմանադրական փոփոխություններ, ապա
հեղափոխության պարագայում անգամ իշխանությունները կվերարտադրվեն: 1998թ.
գործող սահմանադրությամբ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, ի՞նչ
եք կարծում` գործող իշխանությունը նախկին իշխանությունների
վերարտադրությո՞ւնն է:
– Իշխանության մեջ արմատական փոփոխություն Հայաստանում, համոզված եմ, տեղի
չի ունեցել: Եթե հիմա իշխանության մեջ տարբեր պաշտոններում առկա անձանց
համեմատենք նախորդ իշխանության մեջ եղած անձանց հետ, մեծ համընկնում
կտեսնենք: 1998թ. տեղի է ունեցել բոլորովին այլ բան: Կար ԼՂՀ հիմնահարցը,
եւ, կարծում եմ, ճիշտ էր, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ
շիտակ ներկայացրեց իր տեսակետն այդ հարցում: Նախագահը հեռացավ, տեղի
ունեցան նոր ընտրություններ, եւ արմատական փոփոխություն դրանով
իշխանության մեջ չկատարվեց: Մեկ այլ խնդիր էլ կար, որը պակաս կարեւոր չէր,
քան ԼՂՀ խնդիրը: Կար ճգնաժամ, որն առաջացել էր 1996թ. նախագահական
ընտրություններից հետո ու դեռեւս չէր հաղթահարվել: Այսինքն` ՀՀ-ում
ժողովրդավարության հետ կապված հիմնախնդիրը եւս կարեւոր ազդեցություն
ունեցավ 1998թ., պայմանականորեն ասած, իշխանափոխության համար: Այսօր մեզ
մոտ 1998թ. իրավիճակը չկա: Տարբեր շահարկումներ կան, որոնք հիմնված են
բանակցությունների գաղտնիության վրա: Համոզված եմ, ոչ առաջին նախագահը, ոչ
էլ մի շարք մարդիկ, ովքեր այն ժամանակ իշխանության մեջ էին, որեւէ
ցանկություն չունեին ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու կամ էլ Հայաստանը
հզոր չտեսնելու հետ կապված: Բայց իրենց առաջարկած լուծումը սխալ էր: Իսկ
ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա, ցավոք, Հայաստանում չլուծվեց
եւ պատճառները, համոզված եմ, առաջին հերթին թաքնված են սահմանադրության
մեջ առկա կաշկանդումների մեջ: Ի դեպ, ԼՂՀ հիմնախնդիրն ու
ժողովրդավարությունը միմյանց հետ կապված են: ԼՂՀ հարցի լուծումն
ամենաուղղակի ձեւով, որքան էլ զարմանալի հնչի որոշ մարդկանց կամ խմբերի
համար, կապված է սահմանադրական փոփոխությունների հետ: ԼՂՀ ապագա անկախ,
միջազգայնորեն ընդունված կարգավիճակը հնարավոր է միայն այն պարագայում,
եթե մենք կարողանանք ցույց տալ, որ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն ժողովրդավարության
մակարդակում որակապես տարբերվում են Ադրբեջանից: Սա այն հարթությունն է,
որտեղ որակական տարբերությունները լինելու են վճռորոշ գործոնները
ղարաբաղյան խնդրում մեզ համար նպաստավոր լուծում ունենալու համար:
Հետեւաբար, մարդիկ իսկապես պետք է իրենց հաշիվ տան. եւ՛ Հայաստանի
ապագայի, եւ՛ ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված սահմանադրական փոփոխություններն
ունեն բացառիկ նշանակություն՝ որպես ժողովրդավարական զարգացումների
երաշխիք եւ հիմք: