Թուրքիան ողջունում է Հայկական ճամփորդական գործակալությունների մասնակցությունը Թուրքիայի զբոսաշրջության տոնավաճառին, ինչը կլինի Հայաստանի ներկայացուցիչների առաջին մասնակցությունը Թուրքիայում կազմակերպված տոնավաճառներին: Ըստ «Today’s Zaman»-ի` ճամփորդական գործակալների հայկական ասոցիացիան առաջին անգամ կմասնակցի Թուրքիայի զբոսաշրջության տոնավաճառին, որը կազմակերպվում է Թուրքական ճամփորդական գործակալների միության, Մշակույթի եւ արվեստի հարցերով Իզմիրի տոնավաճառների ծառայության եւ Hannover-Messe ընկերության կողմից: Տոնավաճառին կմասնակցի 6 անդամից բաղկացած հայկական պատվիրակությունը, որը գլխավորելու է Ճամփորդական գործակալների հայկական ասոցիացիայի նախագահ Եղիշե Թանաշյանը: Ըստ տոնավաճառի կազմակերպիչների` հայկական պատվիրակությունը Ադրբեջանի եւ Վրաստանի պատվիրակությունների կողքին իրեն հատկացված տաղավարում ներկայացնելու է Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունները: Տոնավաճառը կազմակերպող ընկերություններից մեկի ներկայացուցիչը «Անադոլու» գործակալության հետ զրույցի ժամանակ ասել է, որ իրենք դրական են գնահատում Հայաստանի մասնակցությունը տոնավաճառին` նշելով, որ «դա կարեւոր քայլ կլինի երկու ազգերի հարաբերությունների բարելավման գործընթացում: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուգրուլ Գյունայը նույնպես կմասնակցի տոնավաճառին եւ անպայման կկանգնի հայկական տաղավարի մոտ: Հուսով ենք, որ Հայաստանն էլ, իր հերթին, թուրքական պատվիրակություններ կհրավիրի հայաստանյան տոնավաճառներին»: