Կալանավայրի պետը հրահանգել է հանել թերթի էջերը

10/12/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ մեր խմբագրությունը կրկին ահազանգ ստացավ ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Հրաչ Սահակյանի կողմից:

Հիշեցնենք, որ մեր թերթի դեկտեմբերի 1-ի համարում «Դատապարտյալի գլխին սարքո՞ւմ են» վերնագրով հրապարակում էինք տպագրել, ըստ որի` Հ. Սահակյանին «Նուբարաշեն» ք/հ-ից տեղափոխել էին «Վանաձոր» ք/հ եւ վեց ամիս բանտային ռեժիմում պահելու որոշում էին կայացրել: Փակ տիպի կալանքի` բանտային ռեժիմում պահելու ՀՀ Քրեակատարողական վարչության Տեղաբաշխման հանձնաժողովի այս որոշումը հիմնավորվել էր դատապարտյալի փախուստի հակումով: Հ. Սահակյանը միայն վերջերս է իմացել, որ իր անձնական գործում զետեղված է փախուստի հակումի կամ փախուստի փորձի մասին տվյալներ, ինչն իբր արձանագրվել է 2005թ.: Հ. Սահակյանը քրեակատարողական հիմնարկի ղեկավարության այս քայլը որակում է իր դեմ կատարվող բռնություն: «Այդպես ուզում են ճանապարհս փակեն: Իրենք գիտեն, որ Դատախազության սարքած խայտառակ գործը, որով ես դատապարտվել եմ, շուտով Եվրոդատարանը կքննի եւ արդարացման վճիռ կկայացնի: Իսկ բանտային ռեժիմում պահելու իրենց քայլն ինձնից ազատվելու միտում ունի, այսինքն` առողջությունս քայքայելու ճանապարհով ինձնից կազատվեն»,- վրդովված ասում էր Հ. Սահակյանը, ով ահազանգում էր բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին` ասելով, որ Հայաստանում դատապարտյալները կտտանքների են ենթարկվում:

Հիշեցնենք, որ մեր թերթի դեկտեմբերի 1-ի համարում տպագրել էինք Հ. Սահակյանի հայտարարությունն այն մասին, որ իր «գլխին սարքում են» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները: Երեկ Հ. Սահակյանը կրկին ահազանգել էր խմբագրություն` տեղեկացնելով, որ «Վանաձոր» ք/հ պետ Շավարշ Ալչանգյանն արգելել է այդ հրապարակումն իրեն տրամադրել: «Արդեն քանի օր է, ես չեմ կարողանում ձեռք բերել ձեր թերթում տպագրված իմ ներկայացրած բողոքի մասին հոդվածը: Ես իմ հարազատներին խնդրել էի, որ «168 Ժամ» թերթ բերեն կալանավայր եւ ինձ փոխանցեն: Երեք օր առաջ ինձ բերեցին թերթի դեկտեմբերի 1-ի եւ դրան նախորդող համարը, բայց նախորդ, այսինքն` հին թերթն ամբողջությամբ տվեցին, իսկ ամսի 1-ի թերթի միջի էջերը հանած: Այսինքն` այն էջը, որտեղ գրված էր այդ նյութը, պետը հանձնարարել էր հանել ու միայն թերթի չորս էջն էին տվել: Փաստորեն, այն, ինչի համար թերթն ուզել էի` արանքից հանել էին, մնացածն էին փոխանցել»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց դատապարտյալը` ասելով, որ արդեն քանի օր է` կալանավայրի աշխատակիցներից պահանջում է իրեն տրամադրել թերթի մյուս էջերը, բայց անօգուտ: Այս կերպ, փաստորեն, կալանավայրի պետը խոչընդոտում է դատապարտյալների՝ իրենց իրավունքները վերականգնելու համար լրատվամիջոցներին դիմելու գործողություններին: Հ. Սահակյանի բողոքը կարող է մյուս դատապարտյալների համար նախադեպ լինել, եւ շատերը կարող են արդեն իրենց ոտնահարված իրավունքների հարցում պահանջատեր լինել եւ դիմել լրատվամիջոցներին:

Քրեակատարողական հիմնարկում կատարվող անօրինականությունների հրապարակման ենթակա արտահոսքը հեղինակազրկում է հիմնարկի ղեկավարին, դրա համար էլ հիմնարկի պետը փորձում է փակել դատապարտյալի՝ լրատվամիջոցին դիմելու ճանապարհը: Ի դեպ, դատապարտյալ Հ. Սահակյանը միանշանակ պնդում է, որ դեռեւս իր մոտ է գտնվում այն թերթը, որի էջերը հանել են հիմնարկի պետի հրահանգով, եւ կարող է ապացուցել կատարվածը: Ի դեպ, թերթը փոխանցելու ժամանակ ականատես դատապարտյալներ են եղել: