«Արվեստագետը պետք է փնթփնթան չդառնա»

10/12/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Մի առիթով ասել էիք, որ թեմայի ետեւում գոյություն ունի ինչ-որ իդեոլոգիա: Այսօր թեմայի եւ իդեոլոգիայի կապերը խեղաթյուրված չե՞ն:

– Կարծում եմ` ոչ: Այսօր էլ գոյություն ունեն այդ կապերը: Մեծ հաշվով Սովետմիության փլուզումը աղետ էր, որը ազդեց ոչ միայն մեզ վրա, այլեւ ամբողջ աշխարհի վրա: Իրականում, սառը պատերազմ կոչվածը իդեոլոգիաների կոնֆլիկտ էր, որի ավարտից հետո խաղի կանոնները փոխվեցին, ավելի ճիշտ` տրանսֆորմացիայի ենթարկվեցին` փորձելով ինչ-որ ձեւաչափեր ձեռք բերել: Իսկ այսօր աշխարհում տեղի ունեցող քաղաքական եւ տնտեսական փոխհարաբերությունները ցույց են տալիս այդ հակամարտությունների պատկերացումները: Եվ, բնականաբար, մշակույթն էլ իր կառուցվածքով մտնում է այդ հարաբերությունների մեջ, այսինքն` կամա-ակամա այն իդեոլոգիաների պայքարի մեջ ունի ինչ-որ դերակատարում: Հակառակ այն հստակ իդեոլոգիաների, որոնք ձեւավորվել էին խորհրդային տարիներին, որոնք այսօր լղոզված են: Հասարակությունը նոր ձեւափոխությունների փուլում է:

– Ի՞նչ ձեւափոխությունների:

– Մեր հասարակության հիմնախնդիրներից մեկն այն է, որ նրա մտավոր գիտակցության մեջ դեռեւս գործում են սովետական հասարակարգի պատկերացումները` չհասկանալով, որ տնտեսական եւ քաղաքական իրավիճակ է փոխվել: Այդ իմաստով խնդիրները քիչ չեն, գիտակցությունը փոխելու ցանկություն եւ ժամանակ է անհրաժեշտ, բայց դրա համար պետք չէ մեղադրել մարդկանց, ովքեր ի վերջո ապրում են իրենց անցյալի ձեռքբերումներով ու տեսակետներով:

– Ասում եք` Սովետմիության փլուզումը աղետ էր: Աղետը սովորաբար բացասական իմաստ ունի, իսկ Դուք կարծես «աղետին» դրական երանգավորում եք տալիս:

– Իհարկե, դրական երանգավորում եմ տալիս, ավելին` դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ Սովետմիությունը սկսել էր վերարտադրել արատավոր ձեւեր: Դա պայմանավորված է ոչ միայն մարդկանց ցանկություններով ու պայքարով, այլեւ հակամարդկային ու հակաժողովրդավարական երեւույթների վերարտադրողականությամբ, որոնք կոծկվում էին բազմաթիվ կեղծ լոզունգներով: Բայց այդ նույն հասարակարգում մարդիկ շարունակում են հավատալ ուտոպիստական գաղափարներին` եղբայրություն, արդարություն եւ այլն: Այդպիսի ուտոպիստական գաղափարները որեւէ տեղ չեն կորչում: Աշխարհում փնտրտուք է սկսվել: Շատերը փորձում են այդ ուտոպիաները վեր հանել` գտնելով ելքեր: Լիբերալ հասարակությունն էլ իր հերթին ունի լուրջ խնդիրներ, որոնք եւս առաջացնում են հակամարտություններ:

– Բայց այդ հակամարտությունների ընթացքում արատավոր երեւույթները չեն սպառվել, ավելին` մարմնավաճառությանն ու թմրամոլությանն ենք «զարկ տալիս»: Հիմա ի՞նչ փուլում է հասարակությունը:

– Այդ երեւույթները միշտ էլ կային, այլ բան է, որ դրանք Սովետմիությունը քողարկում էր: Ընդհանրապես, Խորհրդային տարիներին միշտ էլ գոյություն ունեցել է ստվերային քաղաքականություն: Դա գաղտնիք չէր: Դրանք հանցավոր խմբավորումների կողմից կառավարվող իրավիճակներ էին: Պարզապես, սոցիալական անապահովությունն ավելի շատ նպաստեց դրան, եւ դա կապել իդեոլոգիայի հետ` ասելով, թե կապիտալիզմն է պատճառը, սխալ է:

– Ի՞նչ սոցիալական անապահովության մասին է խոսքը, երբ ՀՀ Կառավարությունն ամեն տարի արձանագրում է տնտեսական աճ, այն էլ` երկնիշ: Ասում են` մենք համարյա հաղթահարել ենք աղքատությունը:

– Ի՞նչ հաղթահարման մասին է խոսքը, երբ աշխատավարձերն ու այն ամենը, ինչի վրա աշխատավարձերը ծախսվում են, անհամատեղելի փոխհարաբերությունների մեջ են: Ու հետո միայն արձանագրելով չէ, դա էական իրավիճակ է, որը տեսնում է անգամ Կառավարությունը: Այլ բան է, որ մարդիկ փորձում են նույնիսկ այդ իրավիճակներում ելքեր փնտրել: Դա ոչ թե պետական համակարգի արժանիքն է, այլ մարդկանց կազմակերպողական ունակությունների արդյունքն է:

– Այնուամենայնիվ, բնությունից կինն ավելի զգայուն է, քան տղամարդը: Դուք` որպես մայր, կին, արվեստագետ, հայաստանցի, նշված երեւույթների ազդեցությունը կրո՞ւմ եք Ձեր նկարներում:

– Անշուշտ: Ես ինքս վերը նշված հասարակության անդամներից մեկն եմ, որը կրում է տեղի ունեցող փոփոխությունները: Ու մտածել, որ կարելի է վերադառնալ սովետական կարգերին, ուղղակի անմտություն է, ավելին` անհնար է: Բայց մարդիկ այդ տարիներին հավատում էին այն ինստիտուցիոնալ կառույցներին, որոնք գործում էին: Գոյություն ունեին խաղի կանոններ, որոնց շրջանակներում կարող էիր աշխատել: Այսօր այդ ամբողջ ինստիտուցիոնալ համակարգը բարեփոխումների կարիք ունի, քանի որ հիմա արդեն անհնարին է աշխարհի ու երկրի ներսում փոխհարաբերվել այդ խաղի կանոններով, որոնք քայքայում են նաեւ տնտեսությունը:

– Իսկ նոր խաղի կանոններ առաջադրվո՞ւմ են:

– Մասամբ չեն առաջադրվում, մասամբ փորձ են անում կոմպրոմիստական ձեւով խաղալ` եւ՛ աջ, եւ՛ ձախ:

– Այսինքն` իշխանություններին ձեռնտո՞ւ է սովետական հոգեբանությունը ժառանգած հասարակության գիտակցությունը:

– Այո, ձեռնտու է: Եթե իրենց մտավոր առումով ձեռնտու չլինի, ապա գոնե պայքարի կանոնները կփոխվեն: Մեր հասարակության մեջ ամեն վայրկյան պայքարելու տեղ կա: Մարդիկ տասնամյակներ շարունակ սովորել են այդ ձեւերը, ինչը հանգեցնում է վնասակար իրավիճակների: Ես նախընտրում եմ խոսել մշակույթի ոլորտում տեղի ունեցող երեւույթների մասին, որտեղ լիովին տարբեր պահանջներ էին դնում: Այդ իմաստով Հայաստանում պարփակված վիճակ է: Կարծես աշխարհում տեղի ունեցող գործընթացները լրիվ ուրիշ գործընթացներ են, մեզ մոտ` մեկ ուրիշ: Այդպես չի կարող լինել: Թեեւ ունենք արվեստագետներ, ովքեր խնդիրներ են առաջ բերում, բայց որպեսզի այդ խնդիրները մտնեն մշակութային համագործակցության մեջ, նախ պետք է տեղի ունենա ինստիտուցիոնալ համագործակցություն:

– Ո՞ւմ հետ:

– Տարբեր կառույցների հետ, սկսած կրթական համակարգի փոփոխությամբ, թանգարանների, պատկերասրահների հետ համագործակցելով եւ այլն: Դրանք մեկը մյուսին շաղկապված են: Արվեստը չի կարող լինել դահլիճը կամ պարզապես իրադարձությունը զարդարող միջոց: Այդ գործառույթը չի կարող կատարել անգամ մշակույթը, որովհետեւ գործընթացները տեղի են ունենում շատ արագ: Գրեթե ամեն տասնամյակ իր հետ բերում է նոր բանաձեւեր, նոր մոտեցումներ, նոր կասկածներ, նոր վերլուծություններ, եւ դուրս գալ այդ գործընթացներից` չես կարող:

– Ի՞նչ եք դնում Ձեր արվեստի հիմքում:

– Իմ արվեստի հիմքում, որպես կանոն, ես դրել եմ նույն խնդիրը` երկխոսության մեջ մտնել հասարակության հետ: Իսկ թե ինչպիսի խոսակցություն եմ ես տանում` տարբեր արտահայտչամիջոցներում` տարբեր է: Ես աշխատում եմ բազմաթիվ միջոցներում` թե՛ ավանդական` կտավ-յուղաներկ, թե՛ ինստալյացիաներ, թե՛ վիդեոարտ: Այս ամբողջի հիմքում ընկած է երկխոսությունը: Իրականությունն այլ էր Սովետական տարիներին, երբ արվեստագետին կաղապարների մեջ էին դնում, երբ արվեստագետը իր ամբողջ կյանքում աշխատում էր այն ուղղությամբ, որն ընտրել էր կամ մասնագիտական կրթություն էր ստացել: Չկար ընտրության հնարավորություն: Այսինքն` եթե դու գեղանկարիչ ես, պետք է մտնեիր Նկարիչների Միություն ու շարժվեիր` ըստ քո ստացած կրթության: Ու եթե դու նույնիսկ հայտ էիր ներկայացնում այլ միջոցներում դրսեւորվելու համար, դու հայտնվում էիր անհասկանալի ու տարօրինակ կացության մեջ: Փաստորեն, մեր սերնդի հիմնական ընդվզումը պայմանավորված էր այդ հանգամանքով, երբ դու ասելիքի համար ընտրում էիր ոչ կարծրացած միջոցներ, որովհետեւ յուրաքանչյուր ասելիք պարտադրում է իր արտահայտչամիջոցը:

– Իսկ բացի արտահայտչամիջոցների սահմանափակ լինելուց, ուրիշ ի՞նչ պատնեշներ ուներ սովետական հասարակարգի արվեստագետը:

– Այսօր դա վերածվել է ուսումնասիրությունների նյութի: Երբեմն ինձ համար զվարճալի է, երբ հետահայաց մտածում եմ այդ մասին: Դեռ անցյալ տարի, երբ համակարգում էի պոստսովետական դիմանկարի մասին մի ցուցահանդես, սկսեցի գիտակցել, թե ինչ երեւույթ էր այդ գործերի հիմքում: Հասկանալի էր այն, որ այդ գործերում` 1990-ական թթ. մինչ օրս, վախի ինչքան մեծ արձագանք կար: Այդ գործերի մեջ չկային ուղիղ հաղորդագրություններ: Նման գործեր չկային սովետական տարիներին, որովհետեւ, երբ արվեստագետը ցույց է տալիս վախը, տագնապը, ճնշվածությունը, պետական համակարգի մոտ անմիջապես ի հայտ է գալիս երկրորդ ռեակցիան, որը հասկանում է այսպես` եթե այսպիսի գործեր կան, ուրեմն` ես վախեցնում եմ, ու դրան զուգահեռ արդեն ձեւավորվում է նոր ու լուսավոր երեւույթների լուսաբանում: Սովետական տարիներին գոյություն ունեին կոնկրետ ցուցասրահներ, ու չկար նաեւ բազմազանություն: Այսօրվա հասարակությունը հենց այդ բազմազանությունը ցույց տալու հնարավորությամբ էլ տարբերվում է խորհրդային հասարակությունից: Իսկ երբ խաղի կանոնները փոխվում են` հրապարակ բերելով նոր ձեւաչափեր, մարդիկ շփոթվածության մեջ են ընկնում: Բայց ժամանակն է սովորել, որ բազմազանությունը այլեւս չի անհետանալու եւ պետք է աշխատել տարբեր ձեւաչափերով:

– Այնուամենայնիվ, հիմա էլ վախի մթնոլորտ կա:

– Այսօր ամեն ձեւով փորձ են անում հետ բերել նախկին ձեւաչափերը, եւ հասարակության հետ սարքել խառնուրդ: Ի դեպ, դա ստեղծվում է նաեւ կոպիտ կապիտալիզմի հետեւանքով:

– Լավ, տվյալ հասարակության հետ ինչպե՞ս է տեղի ունենում Ձեր երկխոսությունը:

– Հասարակություն ասվածը մեզ մոտ ընկալվում է խիստ տարօրինակ ձեւով: Կան ինչ-որ խմբավորումներ, միջնորդներ, որոնք հանդես են գալիս հասարակության անունից: Ու երբ ինչ-որ գործ ես ներկայացնում, նույն խմբավորումը կարող է այսպես արձագանքել` «Ժողովուրդը չի հասկանում»: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ են ժողովրդի անունից հանդես գալիս: Դա եւս տոտալիտար մտածողության խնդիր է: Իրենք առաջնորդի գործառույթներ են ստանձնել ու ժողովրդի անունից անվստահություն են հայտնում:

– Դուք նկատի ունեք մեր այն էլիտայի՞ն, որը նույնիսկ դասական համերգների ընթացքում չի ձանձրանում` իր հետ տանելով նաեւ ամսագրեր, ընդ որում` ռուսական:

– Որպես կանոն` արվեստագետը միշտ պայքարում է այդ էլիտիզմի դեմ, որովհետեւ արվեստը, այսպես ասած, համարվում է այն անպետք ապրանքը, որը երկար ճանապարհ անցնելուց կարող է իմաստավորվել կամ պարզապես խեղաթյուրվել:

– Այսինքն` արվեստագետը դառնում է խաղաքարտը:

– Հենց դա է ամբողջ խնդիրը, եւ այն, թե արվեստագետը ինչքան կարող է դիմադրել դրան:

– Ի՞նչ պետք է անել:

– Նախ պետք է հասկանալ, որ հասարակության հետ ուղիղ աշխատանք տեղի է ունենում բազմազանության ի հայտ գալուց հետո: Մինչեւ չլինի այդ բազմազանությունը, մենք չենք կարող հասկանալ ջերմաստիճանը: Եվ այն, թե մշակութային իմաստով ինչպե՞ս պետք է հարաբերվել աշխարհի հետ: Այսօր գոյություն ունի ժամանակակից արվեստ, որը Հայաստանում հասկացվում է շատ մակերեսային ու պարզունակ ձեւով, ավելին` ձեւաչափով: Բայց դա ուղղակի տգետ մոտեցում է: Ժամանակակից արվեստը հիմնված է արվեստագետի բարձրացրած խնդրի վրա, թե ինչպես է արվեստագետը հարաբերվում հասարակության հետ: Դա ենթադրում է տեսական աշխատանք: Իսկ այս նոր հասարակարգի ոչ ճիշտ հասկացված խնդիրներից մեկն էլ այն է, որ ամեն գնով ուզում են հասնել հաջողության: Նախեւառաջ պետք է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում «ամեն գնովը», որը պետք է վճարել, որպեսզի լինի այդ ամեն գնովը: Բայց եթե չեն վճարում գինը, այդ պարագայում` ինչպես կարող է լինել «ամեն գնովը»: Այսինքն` ստացվում է մեկը մյուսի հաշվին ինքնահաստատում, որը մեզ մոտ ոչ փող, ոչ ճանաչում է տալիս: Գո՞ւցե դա էլ գործընթաց է:

– Եվ վերջում, քանի որ Ձեր անվան մեջ մեծ լույս կա, լավատես եք:

– Կարծում եմ` արվեստագետի համար կարեւորագույն հատկություն է փնթփնթան չդառնալը, այլ դեպքում` չես կարող գտնել ելքեր: Իրականում չկան վատատեսության հիմքեր, որովհետեւ աշխարհն ավելի վատ ժամանակներ է ապրել: Պարզապես պետք է չչարանալ ու գտնել ելքը, եւ չսպասել, թե տնտեսությունը կզարգանա, արվեստագետների վիճակն էլ կբարելավվի։ Սա է հաստատուն բանաձեւը։