Պողոս Սեմյոնի Հակոբով (1926 թ.)

10/12/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Թե ինչպես Պետբանկը հրաժարվեց 10 միլիարդ դոլարից

1983 թ.-ին Գրոմիկոյի առաջին օգնական Մակարովը հայտնում է Հակոբովին, որ նա նշանակվում է դեսպան, բայց ոչ թե Եգիպտոսում, որը նա գիտեր հինգ մատի պես, եւ այնտեղ նրան լավ գիտեին, այլ` Քուվեյթում` ավելացնելով, որ դա «նախարարի նվերների ֆոնդից» է:

Տարածաշրջանում իրադրությունը ծայրաստիճան լարված էր: Չէր երեւում Իրանի եւ Իրաքի միջեւ ընթացող պատերազմի վերջը: Բաղդադը զավթողական դավեր էր նյութում ոչ թե իր հնարավոր ախոյանների` Եգիպտոսի եւ Սիրիայի, ոչ թե նույնիսկ Իսրայելի դեմ, ինչը տրամաբանական կլիներ, այլ հայացքն ուղղում էր Հարավ` Իրանի եւ Սաուդյան Արաբիայի կողմը` նրանց կուլ տալու եւ Պարսից ծոցում միահեծան իշխանություն հաստատելու մեծ ախորժակով: Հակոբովի առաջ դրված էր բարդ խնդիր. վաճառել խորհրդային զենք, երբ այդ ապրանքից ունեին եւ՛ ամերիկացիները, եւ՛ եվրոպացիները, եւ՛ չինացիները: Մյուս կողմից` հեռու պահել նրան հնարավոր ռազմական գործողությունների մեջ ներքաշվելուց, ինչը կարող էր հանգեցնել պատերազմի աստիճանական ծավալման ողջ Մեծ Մերձավոր Արեւելքում: Քուվեյթը սկսեց ստանալ խորհրդային արտադրության զենք: «Ախորժակը բացվում է ուտելիս»: Էմիրը դեսպանից պահանջեց 450 կմ շառավղով միջուկային մարտագլխիկներով հրթիռներ` «անհրաժեշտության դեպքում Բաղդադը հողին հավասարեցնելու համար»: Հակոբովից մեծ ջանքեր, համբերություն եւ ժամանակ պահանջվեց էմիրին այդ գայթակղությունից հեռու պահելու համար: Որքան էլ հոխորտար էմիրը, նրա երկիրը դատապարտված էր: Իրաքը 90-ի օգոստոսին գրավեց Քուվեյթը եւ հայտարարեց այն իր գավառներից մեկը: Ի տարբերություն Իրանի հետ պատերազմի պատճառով առաջացած միջազգային ռեակցիայից հակազդեցությանը` այս անգամ Բաղդադն իր դեմ հանեց ողջ համաշխարհային հանրությանը, այդ թվում` արաբական աշխարհին: Մեկ տարի անց ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն զորքերը (Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Քուվեյթ, Սիրիա) «Փոթորիկ անապատում» օպերացիայի արդյունքում գլխովին ջախջախեցին իրաքյան զինված ուժերը եւ ազատագրեցին Քուվեյթը: Բաղդադը կորցրեց 27 դիվիզիա, գերիների թիվը մոտենում էր 100 հազարի: Այս իրադրությունում, հետաքրքիր է, որ «աշխարհաքաղաքական տեսակետից կոալիցիան, հատկապես նրա մեջ մտնող արաբական պետությունները, երբեք չեն ցանկացել ներխուժել Իրաք եւ օկուպացնել այն»,- գրում է նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը: Իրաքը գրավելու, ինչպես նաեւ Սադամ Հուսեյնին չեզոքացնելու համար Վաշինգտոնից պահանջվելու էր եւս տասը տարի:

Երբ իրաքյան զորքերը ներխուժեցին Քուվեյթ, Հակոբովն արդեն այնտեղ չէր: Սխալ կլինի կարծել, որ Հակոբովը, Քուվեյթում զբաղվելով ռազմական դիվանագիտությամբ, մոռացել էր իր հիմնական կոչումը` տնտեսական դիվանագիտությունը: Ամենեւին: Մշտապես ծանրաբեռնված սեփական երկրի տնտեսական զարգացման հոգսով` նա համոզել է էմիրին ֆինանսական համագործակցության գնալ Ռուսաստանի հետ, որն այդ ժամանակ խոշոր ներդրումների խիստ կարիք ուներ:

– Դուք,- ասել է նա էմիրին,- բոլոր ձվերը դնում եք ամերիկյան զամբյուղի մեջ, իսկ եթե այն վա՞յր ընկնի: Մի՞թե Ռըզա շահ Փեհլեւիի օրինակը Ձեզ համար դաս չի եղել: Չէ՞ որ նա կորցրեց 90 միլիարդ դոլար: Ունենալով Խորհրդային Միության հաստատուն երաշխավորությունը, Դուք կարող եք Ձեր կապիտալը դեպոզիտի ձեւով զետեղել մեր Պետբանկում:

Վերջիվերջո, էմիրը տվել է իր համաձայնությունը, որոշվել է գումարի չափը եւ սկսվել է «առեւտուրը» տոկոսների շուրջը: Քուվեյթցիներն առաջարկել են միջազգային շուկայի այն ժամանակվա տարեկան 11-18%-ը: Թե ինչպես է դեսպանը նրանց համոզում իջնել 5%-ի, զարմանալ կարելի է, բայց ավելի շատ զարմանք է առաջացնում գումարի աստղաբաշխական չափը` 10 միլիարդ ամերիկյան դոլար:

Երբ Հակոբովը շտապ թռել է Մոսկվա եւ Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովին զեկուցել կատարվածի մասին, վերջինս ուրախությունից համբուրել է նրան` չնայած հանդիպում էին առաջին անգամ: (Հայաստանում ծանոթ են Ռիժկովի զգայուն բնավորությանը): Այնուհետեւ դեպքերը զարգացել են` ինչպես վատ երազում: Հակոբովը, մեծ գործ կատարածի զգացողությամբ, ընտանիքի հետ մեկնել է արձակուրդ:

Չանցած մեկ շաբաթ նրան գտել են հեռավոր Սուխլիս գյուղում եւ շտապ կանչել Մոսկվա:

– Պավել Սեմյոնովիչ,- ասել է Շեւարդնաձեն,- Կենտկոմում, Արտգործնախարարությունում եւ Արտաքին հետախուզությունում այն կարծիքին են, որ Ձեզ անհրաժեշտ է տեղափոխել Լիբիա: Կադաֆիի հետ մեր հարաբերությունները չեն ստացվում, հույս ունենք, որ Դուք նրա հետ լեզու կգտնեք: Մեկնումը մի ուշացրեք:

Հակոբովի բոլոր փաստարկները, որ ինքը ընդամենը երեք տարի է՝ ինչ Քուվեյթում է, որ այդ ժամկետը շատ քիչ է հարաբերությունները համապատասխան մակարդակի հասցնելու համար, եւ ամենակարեւորը` լուծվում է 10 միլիարդի հարցը, արդյունք չեն տվել: Նախարարը հավաստիացրել է, որ ամեն ինչ կարգին է, եւ առանց Հակոբովի կվերջացնեն ֆինանսական գործարքը:

Այս ամենն ինձ պատմելով` Հակոբովը նկատեց.

– Ես հետո հասկացա, որ երբ որեւէ լուրջ խնդիր է հասունանում կապված արաբական աշխարհի հետ, մեր համապատասխան մաֆիան ի սկզբանե ձախողում է այն: Կան ուժեր, որոնք դեմ են ռուս-արաբական հարաբերությունների զարգացմանը, նրանք էլ տապալեցին այդքան հաջողությամբ սկսված նախաձեռնությունը:

Մնում է միայն գուշակել, թե ինչ դրդապատճառներով քաղաքական-գաղափարախոսական բարձրաստիճան պետական գործիչները կարող էին ի օգուտ ռուս-իսրայելյան հարաբերությունների, երկրի համար ծանր ժամանակներում հրաժարվել նման ֆինանսական ներարկումից:

Վլադիմիր Շիշովի հետ աշխատում էինք Ալժիրում, հետո ԱԳՆ-ի՝ 1-ին Աֆրիկյան բաժնի Ալժիրի ենթաբաժնում, որտեղ նա իմ անմիջական ղեկավարն էր: Շիշովը Հակոբովից հետո նշանակվեց Ռուսաստանի դեսպան Քուվեյթում: Նա պատմում է:

– Պավել Սեմյոնիչը ուժեղ դեսպան էր, հմուտ արաբագետ: Նա բարի անուն է թողել Քուվեյթում եւ մեծ աշխատանք է կատարել այդ երկրի հետ մեր հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Էմիրը մինչեւ հիմա հիշում է նրան:

Հարցրի 10 միլիարդի մասին:

– Ես ծանոթ եմ այդ պատմությանը,- ասաց Շիշովը,- Այն տարիներին տեղի ունեցածը non sense էր, քաղաքական իդիոտիզմ: Ծրագրի ձախողումը, միեւնույն է` ոչինչ չավելացրեց ռուս-իսրայելյան հարաբերություններին, ոչ էլ Ռուսաստանում պակասեցրեց անտիսեմիթիզմը, հրեատյացությունը:

Հեղինակի անձնական արխիվից

Ամենահաջողակ դեսպանը Լիբիայում

Այն տարիներին խորհրդային արտաքին քաղաքականության ասպարեզում կար երկու գույն` սեւ եւ սպիտակ: Ով մեր դասակարգային թշնամու թշնամին էր` մեր բարեկամն էր, եւ` հակառակը:

Գնդապետ Մուամար Կադաֆին 69-ին թագավոր Իդրիսին գահընկեց անելուց հետո երկրից վռնդել էր ամերիկացիներին եւ անգլիացիներին, փակել էր նրանց ռազմական բազաները, ազգայնացրել էր անհատնում նավթը եւ հայտարարել, որ Լիբիայում կառուցում է արաբական սոցիալիզմ: Այսքանը բավական էր` նրան Խորհրդային Միության ռազմավարական դաշնակիցների շարքին դասելու համար: Բայց այդ չէր խորհրդա-լիբիական բարեկամության հիմնական գրավականը: Այդ բարեկամությունը զոդված էր հնչուն ոսկով, որը Տրիպոլիին վաճառվող խորհրդային զենքի դիմաց միլիարդների համարժեքով հոսում էր պետական գանձարան:

Այդ էր հիմնական պատճառը, որ Մոսկվան մատների արանքով էր նայում Լիդերի (այդպես էին անվանում Կադաֆիին իր երկրում) անգուշակելի քաղաքական զիգզագներին, ահաբեկչական գործողություններին, որոնք դատապարտում էր ողջ քաղաքակիրթ աշխարհը: «Արհամարհելով դիվանագիտական նորմերն ու կանոնները, ամենուրեք, ուր որ կարող էր, նա խառնվում էր` օգնություն ցուցաբերելով (առաջին հերթին պաղեստինցիներին) կամ հարվածելով (նավթային կոմպանիաներին, կոմունիստներին, Իսրայելին, եւ դասական վարչակարգերին` հատկապես թագավորություններին)»,- այսպես է բնութագրել Կադաֆիին հայտնի պատմաբան Պիտեր Կոլվոկորեսին:

Կադաֆին, տառապելով ժողովուրդների առաջնորդը լինելու բարդույթով, տարիներ շարունակ ձգտում էր ստեղծել Արաբական միություն, ապա` Մեծ իսլամական Սահարայի կայսրություն: Բնականաբար, այդ բոլոր փորձերը տապալվեցին: Սակայն ահաբեկչության մեջ նա հաջողակ էր: Կադաֆիի գործակալները Շոտլանդիայի (Լոկերբի) եւ Նիգերիայի վրա պայթեցրին մարդատար ինքնաթիռներ, կործանելով` համապատասխանաբար 270 եւ 170 մարդկային կյանքեր: Այսպիսով, նա ուղղակի պատուհաս էր դարձել ողջ երկրագնդի գլխին: Նախագահ Ռեյգանը որոշեց Կադաֆիի` «այդ կատաղած շան առաջն առնել». ամերիկյան ռազմանավերը մտան Սիրտ ծոցը, Արեւմուտքը տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Լիբիայի դեմ (Մոսկվան շարունակում էր նրան զենք վաճառել), իսկ ԱՄՆ-ը օդային կենտրոնացած հարված հասցրեց Լիբիային` փլատակների վերածելով Տրիպոլին եւ Բենգազին: Կադաֆին հրաշքով փրկվեց: Այս ամենը ունեցավ իր որոշակի դրական արդյունքը. Լիդերը կարծես թե «խելոքացավ»: Ինչպես նշում է Մարգարետ Թետչերն իր «Պետության կառավարման արվեստը» գրքում՝ «Ըստ երեւույթին, Կադաֆին վերջին տարիներին ժամանակավորապես դադարել է ահաբեկչությանն օժանդակելուց եւ մասսայական ոչնչացման զենքի ստեղծման ծրագրից», սակայն նույն Թետչերի կարծիքով՝ «Գնդապետ Կադաֆիի գլխավորած Լիբիան ոչ մի դեպքում չի կարելի համարել «անվտանգ»: Այսուհանդերձ, Կադաֆին 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո 180 աստիճանով փոխեց իր քաղաքական դիրքորոշումը` հայտարարելով, որ Լիբիան հրաժարվում է մասսայական ոչնչացման զենքից, եւ ամերիկացիներին փոխանցելով հետախուզական տվյալներ Իրաքի վերաբերյալ: Այնուհետեւ, գնդապետը փակեց իր տարածքներում տեղակայված ճամբարները, որոնք պատրաստում էին ահաբեկիչներ, դադարեց սպառնալ Իսրայելին, խոստացավ ֆինանսական աջակցություն ցույց տալ Լոկերբիի զոհերի ընտանիքներին: «Այլեւս չեն լինի պատերազմներ, ռեյդեր, ահաբեկչական գործողություններ»,- հավաստիացրեց Կադաֆին: Ի պատասխան, Վաշինգտոնը Լիբիային հանեց «իզգոյ» երկրների ցուցակից: Բոլոր դեպքերում բարեկիրթ աշխարհը չի ընդունում Կադաֆիին: Նրան կարծես թե ներել են, բայց արածները չեն մոռացել: Այս ամառ նա մեծ հանդիսավորությամբ տոնեց լիբիական հեղափոխության 40-ամյակը: Տրիպոլիում պատրաստվում էին ընդունել Նիկոլա Սարկոզիին, Անգելա Մերկելին, Դմիտրի Մեդվեդեւին եւ էլի մի քանի տասնյակ պետությունների լիդերների: Եվրոպացիներից եկան միայն Յուլյա Տիմոշենկոն եւ Մալթայի նախագահ Ջորջ Աբելը, եւ հայտնվեցին նույն կոմպանիայում Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի, Սուդանի լիդեր Օմար Բաշիրի եւ Վենեսուելայից Ուգո Չավեսի հետ: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են: Կադաֆիի ռազմատենչությունը, իսկապես, կարծես պակասել է, սակայն մեծապետական ամբիցիաները մնում են. նա իրեն անվանում է «արաբական առաջնորդների առաջնորդ, աֆրիկյան թագավորների թագավոր, համայն մահմեդականների իմամ»: Իսկ երկրի ներսում նա «հեղափոխության Եղբայր եւ Լիդեր է», պաշտոնապես չզբաղեցնելով որեւէ պաշտոն: Դրանով են մասնագետները բացատրում Կադաֆիի քաղաքական երկարակեցության գաղտնիքը` 40 տարի: Այդ տարիների ընթացքում գնդապետը փառքի դափնեպսակները պահել է իրեն, իսկ երբ պետք է եղել նախարարներից սարքել քավության նոխազ: Թերեւս, դա այդպես է: Բայց ես ավելի համամիտ եմ Վաշինգտոնի` Մերձավորարեւելյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի էքսպերտ Դանա Մոսի այն կարծիքի հետ, որ «Կադաֆին այդքան տարի դիմացավ որպես լիդեր՝ շնորհիվ իր դաժանության, նավթի եւ արտակարգ խորամանկության»:

…Հակոբովը Լիբիա ժամանեց նկարագրված դեպքերից դեռ շատ առաջ, երբ Կադաֆին գտնվում էր իր «խենթության եւ ահաբեկչական գործողությունների ծաղկման շրջանում»: Նախ, նա մեկ անգամ եւս ուշադրությամբ կարդաց Կադաֆիի հեղինակած «Կանաչ գիրքը», որում վերջինս շարադրում է իր փիլիսոփայությունն ու քաղաքական սկզբունքները` զարգացնելով, այսպես կոչված, «երրորդ համաշխարհային տեսություն», որը նրա կարծիքով՝ փոխարինելու էր իրենց սպառած Ադամ Սմիթի կապիտալիզմին եւ Կարլ Մարքսի կոմունիզմին, հանդիսանալու էր «նոր դարի Ավետարան»: Վերջին հաշվով, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ տեսությունը: Հայտարարելով, որ ի վերուստ իրեն է տրված արաբ ժողովուրդների վերածննդի մեսիա-փրկչի պատմական դերը, Կադաֆին այդ տեսությունը կառուցում է սոցիալ-ուտոպիզմի, գռեհիկ մարքսիզմի, Ղուրանի, եւ մեկ էլ Ալլահը գիտե, թե ուրիշ ինչ փիլիսոփայությունների «վինեգրեդի» վրա:

Տեսությունը ժխտում է օրենսդիր ու գործադիր իշխանությունների, կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների տեղն ու դերը պետության զարգացման մեջ: Փոխարենը, որպես կառավարման գործիք՝ առաջարկվում է ժողովրդական համապարփակ հսկողություն կյանքի բոլոր ոլորտների վրա: Ստեղծվում է կառավարման բուրգ, որի վերեւում գտնվում է Համաժողովրդական համագումարը: Այն հավաքվում է տարին մեկ անգամ եւ իր որոշումները փոխանցում հաջորդ կառույցին` Ժողովրդական համագումարին, սա էլ իր հերթին` բուրգի ստորոտում գտնվող Ժողովրդական սկզբնական կոմիտեին: Այսպիսի կառույցը «բնականորեն լուծում է կառավարման միջոցների խնդիրը եւ վերջ է դնում բռնապետական կառավարման ձեւերին»,- գրում է Կադաֆին: Տեսությունը սուր քննադատության է ենթարկում հանրաքվեները` որակելով դրանք որպես ժողովրդավարության խեղաթյուրում: «Հանրաքվեները,- ըստ Կադաֆիի,- հնարված են նրա համար, որպեսզի քողարկեն ժողովրդավարության հաստատման անհաջող փորձերը»:

Այս մտքերը, իմիջիայլոց, համահունչ են 2006 թ. Հայաստանում անցկացված հանրաքվե-շոուին: Գրքում մեծ տեղ է հատկացված ազգային հարցին: «Արդի դարաշրջանում ազգային ազատագրական շարժումները հանդիսանում են հասարակական շարժումներ: Դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ազգային հասարակությունը չի ազատվել մեկ այլ հասարակության տիրապետությունից: Այլ խոսքերով, աշխարհը ներկայումս գտնվում է պատմական գործընթացի փուլերից մեկում` ազգային ինքնագիտակցության հաղթանակի համար պայքարի փուլում»,- գրում է Կադաֆին` համարելով, որ «ազգային ինքնագիտակցությունը ազգի պահպանման հիմքն է: Այն ազգերը, որոնք կորցնում են ազգային ինքնագիտակցությունը, դատապարտված են կործանման»:

Չի կարելի չհամաձայնել լիբիական առաջնորդի այս պարզունակ տեսակետի հետ: «Երրորդ համաշխարհային տեսության» կասկածելի եւ վիճելի պոստուլատների կողքին կան մտքեր, որոնք որոշակի հետաքրքրություն ներկայացնում են: Գրեթե ոչինչ չի ասվում իսլամի, մանավանդ` մարտնչող իսլամի մասին: Գրքում կրոնին նվիրված գլուխ անգամ չկա: Հետո Կադաֆին մերժում է հեղափոխությունները, որոնք իշխանության են բերում կառավարման մեկ ուրիշ ձեւ, իսկ դա նշանակում է, որ «կառավարման միջոցը առաջվա նման մնում է բռնատիրական»: Հասարակության կյանքում եւ ժողովուրդների փոխհարաբերություններում նա բացառում է բռնությունն ու ահաբեկչությունը` չնայած նախկինում մեկ անգամ չէ, որ անձամբ դիմել է դրանց:

Շարունակելի