Լուժկովը համալիրի հետ ոչ մի կապ չունի

27/08/2005 Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մասնավորեցման
շուրջ կրքերը շարունակում են բորբոքվել: Հիշեցնենք, որ մոսկվահայ
գործարար, «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Մուրադ Մուրադյանը նախորդ շաբաթ
մեր թերթին տված հարցազրույցում հաստատել էր տեղեկությունները, որ ինքը
համալիրը սեփականաշնորհելու առաջարկով դիմել է ՀՀ նախագահին եւ սպասում է
հայկական կողմի պատասխանին: Պրն Մուրադյանն ասել էր նաեւ, որ այս շաբաթ
ինքը մտադիր էր այցելել Երեւան եւ խնդրի վերաբերյալ մամուլի ասուլիս
հրավիրել: Սակայն Մուրադ Մուրադյանը իր ասած ժամկետում Հայաստան չեկավ:
Թերեւս նաեւ այդ պատճառով մեր մամուլում տեղեկություններ հրապարակվեցին,
թե Մուրադ Մուրադյանին Ռուսաստանի իշխանություններն արգելել են
Հայաստանում խոշոր սեփականություն ձեռք բերել, քանի որ Կրեմլի
փորձագետները Հայաստանում առկա հակառուսական տրամադրությունները
պայմանավորել են «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով ՌԴ-ին հանձնված հայկական
ձեռնարկությունների ոչ արդյունավետ աշխատանքով: Նշվում էր նաեւ, թե այդ
նպատակով անցած հինգշաբթի Հայաստան պետք է ժամանեին «ՌԱՕ ԵԷՍ»-ի նախագահ
Անատոլի Չուբայսը (որը հայկական իշխանությունների հետ պետք է քննարկեր
նաեւ բաշխիչ ցանցերի վաճառքի հետ կապված հարցեր) ու Մոսկվայի քաղաքապետ
Յուրի Լուժկովը, որի կինը՝ Բատուրինան էլ, իբր հովանավորում է Մուրադ
Մուրադյանին:

«Դրանք բացարձակապես անհեթեթ խոսակցություններ են»,- նշված
տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան, մեզ հետ
հեռախոսազրույցում հայտարարեց Մուրադ Մուրադյանը: «Իհարկե, ես այդ
ընտանիքին լավ ճանաչում եմ, երբեմն իրար հետ աշխատանքային
հարաբերություններ ենք ունենում, բայց կոնկրետ այդ ընկերության հետ (խոսքը
Բատուրինայի ղեկավարած ընկերության մասին է-Գ.Գ.) կոնֆլիկտային
հարաբերության մեջ եմ: Ինձ այդպիսի «տանիքներ» երբեք պետք չեն եղել ու
պետք էլ չեն լինի: Ես ինքս զրոյից հիմնադրել եմ իմ ընկերությունը, ավելի
մեծ կապեր ունեմ ողջ Ռուսաստանի մակարդակով: Բայց ես դրա կարիքը չունեմ:
Այդ գրած տեղեկությունները՝ Լուժկովի միլիարդատեր կնոջ եւ այլնի մասին,
հիմարություններ են: Կարող էին չէ՞, նման լուրեր հրապարակողները նաեւ իմ
կարծիքը հարցնել»,- ասում է Մուրադ Մուրադյանը: Իսկ ինչո՞ւ են Հայաստանում
իր մասին նման տեղեկություններ տարածվում եւ արդյոք դրա մեջ ինչ-որ միտում
կա՞: «Գիտեք, ասացվածք կա. Շունը որ ընկնում է գայլի հետեւից, տեղյակ չի,
որ գայլը շուռ եկավ՝ ինչ է անելու: Թող այդ թերթերի տերերն այնքան գրեն,
մինչեւ իմանանք, թե ինչ աստիճանի կարող են իրենք իջնել»: Ինչ վերաբերում է
այդ տեղեկությունների ուղղորդված լինելուն, ապա պրն Մուրադյանը նման
միտում տեսնում է: «Իհարկե, միտում կա: Այդ մարդիկ իշխանությա՞ն դեմ են,
թե՞ իմ դեմ են, ես դա չեմ ուզում մեկնաբանել: Ես արհամարհում եմ այդ
խոսակցությունները: Առայժմ սպասում եմ Հայաստանի կառավարության պաշտոնական
պատասխանին,- հայտարարեց «ԲԱՄՕ»-ի նախագահը՝ ավելացնելով։ -Ես այն մարդը
չեմ, որին կարող են մանիպուլյացիայի ենթարկել»:

Ինչ վերաբերում է մարզահամերգային համալիրի սեփականաշնորհման գործընթացին,
ապա Մուրադ Մուրադյանն ասում է, որ «on line» ռեժիմով իրենք աշխատում են
Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ՝ կառավարության որոշման
նախնական տարբերակի շուրջ, եւ վերջնական պատասխանն ակնկալում են մոտ մեկ
շաբաթից: