Գինու բուժական հատկությունները մարդկությանը հայտնի են եղել դեռեւս հնագույն ժամանակներից, իսկ հանրահայտ ֆրանսիացի միկրոկենսաբան Լուի Պաստերը գինու մասին գրել է. «Դիետիկ տեսանկյունից խաղողի գինին իր բաղադրությամբ, հեշտամարսությամբ համարվում է շատ օգտակար: Այն կարող է համարվել ըմպելիքներից ամենահիգիենիկը»:
Գինու չափավոր օգտագործումը ոչ միայն վնասակար չէ, այլ նույնիսկ համարվում է դեղ: Հայտնի հույն բժիշկ Հիպոկրատն ասում է. «Գինին անհրաժեշտ է ինչպես առողջներին, այնպես էլ հիվանդներին, իհարկե, եթե այն օգտագործվում է նշանակված քանակությամբ ու ժամանակին»:
Գինու բաղադրության մեջ կան բոլոր այն նյութերը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեությունը ապահովելու համար` սպիտակուցներ, անփոխարինելի ամինաթթուներ, ածխաջրեր, խնձորաթթու, կիտրոնաթթու, վիտամիններ եւ այլ շատ կենսաբանական ակտիվ միացություններ:
Կատարվող հետազոտությունները ցույց են տվել, որ գինու չափավոր օգտագործումը նվազեցնում է սրտամկանի կաթվածի, ուղեղի արյան զեղման, ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականության վտանգը: Այսօր շատ առողջարաններում ճաշի, ընթրիքի հետ պարտադիր մատուցվում են բնական չոր գինու տեսակներ, եւ գոյություն ունեն հատուկ էնոթերապիայի կուրսեր:
Իսկ այժմ այն մասին` թե որ հիվանդության համար կոնկրետ որ գինին պետք է օգտագործել:
Գինու խերես տեսակը ոչ մեծ չափաբաժնով կարող է կարգավորել արյան բարձր ճնշումը, իսկ մեդերա տեսակը բարձրացնում է տոնուսը: Սեղանի սպիտակ գինիները եւս բարձրացնում են տոնուսը: Վարդագույն գինիներն ավելի շատ նախատեսված են նեւրոզների բուժման համար, ինչպես նաեւ` ստամոքսի, լյարդի, հիպերտոնիայի վիճակը թեթեւացնելու համար: Իսկ ահա սպիտակ աղանդերային գինիները սրտամկանը սնուցում են գլյուկոզայով: Նաեւ հաճախակի արյունահոսություն ունեցողներին խորհուրդ է տրվում օգտագործել սպիտակ գինի:
Կարմիր գինիներն առհասարակ շատ լավ են ճարպակալման ու աղիքային հիվանդությամբ տառապողների համար: Իսկ ընդհանրապես կարմիր գինին ավելի օգտակար է, քան սպիտակ գինին, քանի որ դրանք օժտված են բակտերիոցիդային հատկություններով եւ դրականորեն են ազդում աղիների լորձաթաղանթի վրա:
Արյունատար անոթների հիվանդությունների, օրինակ` անեմիայի դեպքում շատ լավ են կարմիր գինու մեդոկ, պոմերոլ, սենտ-էմիլիոն տեսակները` 50գր յուրաքանչյուր ուտելուց: Սրտային անբավարարության ոչ ծանր դեպքերի ժամանակ կարելի է խմել կարմիր գինու օրդինար կամ գրավ տեսակները: Ընդհանրապես շատ բժիշկներ կարմիր գինին խորհուրդ են տալիս` որպես պրոֆիլակտիկ միջոց օգտագործել սրտանոթային համակարգի հիվանդություն ունեցողներին (աթերոսկլերոզ, սրտի կաթված), ինչպես նաեւ մրսածության դեպքում շատ լավ օգնում է տաք գինին: Այն համարվում է գերազանց հակաբիոտիկ եւ կարող է վերացնել ժանտախտային վիբրիոններ, աղիքային վտանգավոր մանրէներին ու տիֆի հարուցիչներին: Այն կարող է 100 տոկոսով վնասազերծել ու մաքրել նեխած ջուրը: Նախկինում մարդիկ Ղրիմում ժանտախտից փրկվել են կարմիր գինու օգնությամբ` ավելացնելով այն խմելու ջրին: Բացի այդ, ապացուցված է, որ կարմիր գինին հիանալի պրոֆիլակտիկ միջոց է քաղցկեղածին բջիջները վերացնելու համար:
Իզուր չէ, որ միջերկրածովյան երկրներում, որտեղ խմում են կարմիր գինի` Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, սրտանոթային համակարգի հիվանդություններն ավելի քիչ են հանդիպում, քան այն երկրներում, որտեղ գինու փոխարեն խմում են գարեջուր, վիսկի, օղի` Անգլիա, Ռուսաստան, ԱՄՆ եւ այլն:
Գինին հատկապես ցուցված է օգտագործել տարեցներին` քունն ու նյութափոխանակությունը կարգավորելու համար: Ֆրանսիացիներն ասում են.«Գինին ծերերի կաթն է»: Համաձայնելով նրանց հետ` ամեն դեպքում պետք է հիշել չափի մասին: