Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխություններից հետո
հետխորհրդային տարածքի դեռեւս «չհեղափոխված երկրների իշխանությունների
հիմնական խնդիրը դարձավ հակահեղափոխական քարոզչությունը: Մերձբալթյան
հանրապետություններից բացի, նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր պետությունններում
հիմնականում իշխում են կասկածելի լեգիտիմությամբ ավտորիտար վարչակարգեր,
եւ հեղափոխությունների նկատմամբ նրանց վերաբերմունքը միանգամայն բնական ու
հասկանալի է:
Աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակը եւ նախկին հեղափոխությունների
համակարգվածությունը հիմնավոր են դարձնում բոլոր կանխատեսումները, որ
գունավոր հեղափոխությունների ալիքը տարածվելու է նաեւ մյուս հետխորհրդային
պետություններում, եւ վերջիններիս իշխանություններն ամեն ինչ անում են՝
հասարակության մեջ հակահեղափոխական տրամադրություններ ստեղծելու համար: Եվ
հետաքրքիր է, որ այդ հակահեղափոխական քարոզչությունը գրեթե բոլոր
երկրներում իրականացվում է գրեթե նույն մեխանիզմներով եւ նույն
շեշտադրումներով:
Բավական է անգամ մակերեսային զուգահեռներ անցկացնել Ռուսաստանի,
Ուզբեկստանի, Բելառուսի, Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների,
նախագահների ելույթների միջեւ, համոզվելու համար, որ հեղափոխության դեմ
նրանք պայքարում են նույն մեթոդոլոգիայով եւ որ ամենակարեւորն է՝
միջոցների մեջ խտրություն չդնելով:
Առավել ակնհայտ են Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների՝
«հակաիմպերիալիստական» պայքարի արտահայտչամիջոցների նմանությունները: Ի
վերջո, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, Հայաստանն էլ՝
Ռուսաստանի ռազմավարական ֆորպոստը: Օրինակ՝ հեղափոխությունների շարժիչ ուժ
համարվող երիտասարդությունը Հայաստանում միավորվել է խորհրդային կոմսոմոլ
հիշեցնող «Բազեների» մեջ, Պուտինը ստեղծել է ազգայնական ուղղվածություն
ունեցող «ծՈՔՌ» երիտասարդական շարժումը: Երկուսն էլ նույն ֆունկցիան
ունեն՝ փչացնել երիտասարդությանը եւ իշխանական կերակրատաշտի փշուրներին
մոտ թողնելու գայթակղությամբ նրանց հեռու պահել քաղաքականությունից ու
հեղափոխությունից: Նույն պատկերն է նաեւ քարոզչական դաշտում. «Ա1+»-ի
փակվելուց հետո Հայաստանում մնացին միայն ազատ եւ պատասխանատու
լրատվամիջոցները, որոնք ազատ են միայն ընդդիմությանը վարկաբեկելու հարցում
եւ պատասխանատու են ոչ թե հեռուստադիտողի, այլ միայն նախագահի աշխատակազմի
շատ որոշակի պաշտոնյայի առաջ: Ռուսաստանում նույն իրավիճակն է՝ գերթե
բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները գտնվում են Պուտինի աշխատակազմի կամ
իշխանական օլիգարխների վերահսկողության ներքո եւ իրականացնում են նույն
քարոզչությունը՝ հեղինակազրկել հատուկենտ ընդդիմադիրներին (ՇԽԿհ-ի ու
Խոդորկովսկու դատարավարությունը դրա լավագույն օրինակն է): Այս հարցում
ռուսներն ավելի առաջ են անցել. Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հունիսի
24-ի հրամանագրով առաջիկայում ստեղծվելու է «Երիտասարդական Մոսկվա»
անունով հեռուստաընկերություն, որի հիմնական նպատակը, ըստ գաղափարի
հեղինակների, լինելու է երիտասարդության շրջանում հակահեղափոխական
տրամադրությունների ստեղծումը: Կարծում ենք, Հայաստանում նման
հեռուստաալիք բացելու կարիք չկա, քանի որ գործող մոտ 20
հեռուստաընկերությունները՝ Քոչարյանին գովաբանելուն զուգահեռ, զբաղված են
բացառապես հեղափոխությունների դեմ քարոզչություն իրականացնելով:
Հակահեղափոխական քարոզչությանը զուգահեռ, ինչպես Հայաստանում, այնպես էլ
ավտորիտար վարչակարգեր ունեցող մնացած երկրներում, իշխանություններն ու
նրանց սպասարկող քարոզչամիջոցները վարկաբեկում են հեղափոխությունների
ճանապարհով անցած երկրների, առայժմ միայն՝ Վրաստանի եւ Ուկրաինայի
առաջնորդներին ու հեղափոխությունից հետո այդ երկրներում ստեղծված
իրավիճակը: Թվում էր, թե Ռուսաստանն արդեն կիրառել է Սահակաշվիլիին ու
Յուշչենկոյին վարկաբեկելու բոլոր տեխնոլոգիաները, սակայն պարզվում է՝
ռուսներն ավելիին են ընդունակ: Մինչեւ վերջերս ռուսական (նաեւ՝ հայկական)
մամուլը հեղեղված էր Միխայիլ Սահակաշվիլիի անձնական կյանքին վերաբերող
հրապարակումներով եւ Ուկրաինայի նախագահի որդու թանկարժեք մեքենաների
լուսանկարներով: Սեպտեմբերին էլ ռուսները պատրաստվում են «Յուլիա» անունով
մի էրոտիկ ֆիլմ նկարահանել, որի հիմնական սյուժեն գլխավոր հերոսուհի
Յուլիայի եւ ազդեցիկ քաղաքական գործիչ Միշայի ինտիմ հարաբերություններն
են: Այս մտահղացման հեղինակն էլ ՌԴ Պետդումայի Լիբերալ-Դեմոկրատական
խմբակցության նախագահ Ալեքսեյ Միտրոֆանովն է: Համաձայնեք, որ ավելի
լիբերալ եւ ավելի սեւ քարոզչություն դժվար է պատկերացնել:
Արժե՞ հիշեցնել, որ տարբեր ժամանակներում Հայաստանի իշխանությունները
նույնպես կիրառել են նույնաբովանդակ տեխնոլոգիաներ. իհարկե, կինոյի
մակարդակին դեռ չեն հասել:
Ինչ վերաբերում է հեղափոխությունների արդյունքներին, ապա ռուս-հայկական
քարոզչությունը կենտրոնացած է Վրաստանի եւ Ուկրաինայի սոցիալ-տնտեսական
իբրեւ թե ծանր իրավիճակների վրա: Սակայն նույն ռուսական ու հայկական
ԶԼՄ-ները ծպտուն չեն հանում այն մասին, որ հեղափոխությունից հետո
Վրաստանում մի քանի անգամ կրճատվել է կոռուպցիայի մակարդակը, տասնյակ
նախկին պաշտոնյաների հանդեպ քրեական գործեր են հարուցվել ու նախկինում
նրանց «աշխատած» գումարները վճարվել են պետբյուջե: Վրաստանում, օրինակ, մի
քանի անգամ կրճատվել է ստվերային տնտեսությունը եւ համապատասխանաբար
ավելացել են օտարերկրյա ներդրումներն ու դրամաշնորհները: Իսկ “Heritage
Foundation” միջազգային հեղինակավոր կազմակերպության գնհատականով,
Վրաստանում տնտեսական ազատության մակարդակը մի քանի անգամ ավելի բարձր է,
քան Ռուսաստանում: Եվ ըստ այդ կառույցի փորձագետների, Ռուսաստանից մի քանի
անգամ աղքատ Վրաստանը տնտեսական ազատության բարձր մակարդակի շնորհիվ
բնակչության կենսամակարդակի ցուցանիշով շատ շուտով առաջ կանցնի նույն
Ռուսաստանից: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այնտեղ տնտեսության
զարգացման համար միանգամայն այլ՝ ավելի հեռանկարային պայմաններ են
ստեղծվել: Օրինակ, վերջերս Ուկրաինայում 50 մլն դոլար նախնական ներդրում
անելու պատրաստակամություն է հայտնել ամերիկյան վենչուրային բիզնեսի
ամնախոշոր ընկերություններից մեկի՝ 3 մլրդ դոլար շրջանառություն ունեցող
Draper Fisher Jurvetson (DFJ) ընկերության սեփականատեր Թիմ Դրեյփերը: Իսկ
վենչուրային ներդրումները տնտեսության վրա ունենում են մուլտիպլիկատիվ
ազդեցություն, այսինքն՝ գիտական նորարարության մեջ ներդրումները շղթայաբար
տարածվում են նրան սպասարկող տնտեսության ենթակառուցվածքների վրա: Սա՝ այն
դեպքում, երբ Հայաստանում օտարերկրյա խոշոր ներդրումներ արվում են միայն
պետական ձեռնարկությունների վաճառքի դեպքում, ընդ որում, որպես կանոն,
դրանց հետեւում կանգնած են լինում կասկածելի ծագում ունեցող տեղական
գումարներ, ինչպես օրինակ՝ վերջերս բացված «Golden Palace» հյուրանոցի
պարագայում: Ռուսաստանն էլ հարստանում է միայն նավթի համաշխարհային գների
թանկացումից, սակայն չի կարողանում նույնիսկ արդյունավետ բաշխել բյուջեի
ավելցուկը:
Այնպես որ, պետք է ըմբռնումով մոտենալ հեղափոխության նկատմամբ «հզոր
ղեկավարների» ու նրանց վարչակարգերի, մեղմ ասած, ոչ բարյացակամ
վերաբերմունքին: Նրանք ոչ թե պայքարում են հեղափոխության դեմ, այլ
վախենում են հեղափոխությունից: Այստեղ են ասում՝ երկու ահը մի մահ է: