Ակուտագավա Րյունոսկե «Լյուցիֆերը»

10/12/2009 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

«Ի սկզբանե Տերն արարեց աշխարհը, այնուհետեւ` երեսունվեց հոգիները: Այդ հզորագույն հոգիների մեջ առաջինը կոչվում էր Լյուցիֆեր… Նա պնդում էր, որ խելքով հավասար է հենց Տիրոջը: Տերը զայրացավ եւ նրան դժոխք նետեց… Թեեւ, հայտնվելով դժոխքում, Լյուցիֆերն այնտեղ տառապում էր, հոգիների կեսը վերածվեցին դեւերի եւ ախորժանք էին ապրում այս աշխարհի բերկրանքներից:

Նա խուսափում էր բարի մտադրություններով մարդկանցից»:Ջուլիո Ալեսկիի խոսքից եկեղեցական երրորդ պառակտման առթիվ:

1

Քիչ չեն այն մարդիկ, ովքեր լսել են «Հաձուսու», (Անկյալ Տերը) երկի գոյության մասին, որում քննադատվում է կաթոլիկությունը: Այդ երկը գրել է Գեննի վեցերորդ տարում (1620), Ֆաբիան անունով Ձեն բուդդիստ վանականը, ով ապրում էր Կագա գավառում: Սկզբում Ֆաբիանը կաթոլիկ էր եւ ապրում էր Հարավային Բարբարոսների տաճարում, հետո հանգամանքների բերումով թողեց Տեր Դեուսին ծառայելը եւ դիմեց բուդդիզմին: Նրա ստեղծագործություններից պարզ է, որ նա նաեւ զբաղվել է Լաո-ցզիի եւ Կոնֆուցիոսի աշխատություններով եւ բազմակողմանի զարգացած մարդ էր:

«Հաձուսուի» ամենատարածված ցուցակը «Կատյոսան-բունկո» գրադարանից հրատարակվել էր 1868 թվականին Ուգայի Տեցուձեի առաջաբանով: Սակայն դա բնավ էլ չի նշանակում, թե չկան այդ երկի այլ տարբերակները: Օրինակ, իմ հավաքածուում գտնվող հինավուրց ձեռագրում ես որոշ տարաձայնություններ տեսա ընդհանուր ցուցակի հետ:

Այսպես, այդ ստեղծագործության երրորդ բաժնում, որտեղ քննվում է սատանայի ծագման հարցը, իմ ձեռագիրը զգալիորեն տարբերվում է կանոնիկ տեքստից: Բանն այն է, որ այնտեղ պատմվում է այն մասին, ինչը Ֆաբիանն իր աչքերով է տեսել, նաեւ բերվում են նրա կծու քննադատական դիտողություններն ու դատողությունները: Պատճառը, որի համար այդ հաստատումները չեն ներմուծվել ավելի ուշ շրջանի ցուցակի մեջ, հավանաբար, բացատրվում է այն բանով, որ դրանք բովանդակում են կեղծիքի ժխտման եւ ճշմարտության հաստատման ակնհայտ բուդդիստական կոչը, իսկ որոշ տեղերում դրանք անհեթեթության են հասնում:

Ստորեւ ես կփորձեմ, երրորդ բաժնի հիման վրա, ցույց տալ, թե ինչպես էր պատկերացնում Ֆաբիանը ճապոնական սատանային: Իսկ նրանց, ում կհետաքրքրեն Ֆաբիանի կյանքի մանրամասները, առաջարկում եմ կարդալ նրա մասին պրոֆեսոր Սիմուրայի հոդվածը:

Քրիստոնյաները պնդում են, որ Դեուսը /Արարիչը. անգույն եւ անմարմին էություն է, որ իրենով է լցնում երկինքն ու երկիրը այնքան հոծ, որ նույնիսկ մազ անգամ չես կարող այնտեղ խցկել: Դեուսը ամենայն երկինքներից վեր կառուցեց դրախտային աշխարհը, որ «պարայսո» է կոչվում, որպեսզի լավ մարդկանց բերկրանք պարգեւի: Սակայն մարդուց ավելի վաղ, Նա արարեց երկնաբնակների անհամար բազմությունը, որ «հրեշտակներ» են կոչվում (ավետաբերներ), իսկ ինքն իր պատկերը դեռ երեւան չի բերել: Եվ Նա ազդարարեց այն պատգամը, որ պետք չէ ձգտել գերմարդու վիճակին, այլ պետք է առաքինաբար պահպանել երկնային պատգամները, եւ հավատարիմ մնալով առաքինություններին, երկրպագել Դեուսի պատկերը: Այնժամ նրանք կկարողանան ձեռք բերել բարձրագույն երանությունը: Իսկ արգելքները խախտողները կընկնեն դժոխք, որ «ինֆերնո» է կոչվում, չարիքներով եւ տառապանքներով լեցուն, ուր նրանց սարսափելի տանջանքներ են սպասում, անտանելի ցրտով եւ տապով փորձություններ: Բայց չէր հասցրել Նա ավարտել աշխարհի արարումը, երբ անհամար հրեշտակաց մեջ հայտնվեց Լյուցիֆեր անունով մեկը, նա իրեն Դեուս հռչակեց եւ պահանջում էր երկրպագել իրեն: Եվ այդժամ հրեշտակների մեկ երրորդը Լյուցիֆերի կողմն անցավ, իսկ մեծամասնությունը նրանից հրաժարվեց: Եվ այդժամ Դեուսը վտարեց Լյուցիֆերին եւ բոլոր նրանց, ով նրա կողմն էր անցել, հողի տակ, նրանց անվանեց «ինֆերնո»: Այսպես հրեշտակները իրենց գոռոզամտության պատճառով վերածվեցին տենգուներիի, որ «դիաբլո» են կոչվում:

Իսկ երբ դուք, Տիրոջ հետեւորդներ, խոսում եք այս բաների մասին, ապա ձեր իսկ ծուղակն եք ընկնում: Նախկինում դուք ինքներդ էիք պնդում, որ Դեուսն իրենով լցնում է ամենայն ինչ, մի՞թե դուք չեք հիշում, որ նրա ճշմարիտ էությունը շամփրում է երկինքն ու երկիրը եւ ներթափանցում է բովանդակ «աշխարհի վեց ծագերը»: Երբ խոսքն այսպիսի բաների մասին է, դա չի նշանակում, թե դրանք միանման են: Բայց մի՞թե դուք չէիք պնդում, որ Դեուսը «ամենագետն է»` «սապիենտիսիմոն», եւ որ իմաստնությունը նրա թափանցում է երեք աշխարհները` անցյալը, ներկան եւ ապագան: Բայց եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ, հրեշտակներին ստեղծելիս, Նա չէր կանխատեսել, որ նրանք մեղաց գիրկը կընկնեն: Եթե Նա դա չգիտեր, ապա անհեթեթ է երեք աշխարհները ներթափանցող նրա իմաստնության մասին խոսելը: Իսկ եթե նա նրանց արարել էր, գիտենալով, թե ինչով է դա ավարտվելու, ապա դա աներեւակայելի դաժանություն է: Եթե Դեուսը ամենակարող է, ինչո՞ւ Նա չստեղծեց մեղքին չենթակա հրեշտակների: Թույլատրելով նրանց մեղաց գիրկն ընկնել, Նա դրանով չար ոգիների մի ողջ հորդա ստեղծեց: Նա ինքն արարեց անպիտան տենգուներին, ամենայն դավեր նյութող դեւերին, այստեղ այլեւս ի՞նչ հավելես: Իսկ գո՞ւցե, «դիաբլո» կոչվող տենգուները, ի սկզբանե պետք է գոյություն ունենային այս աշխարհում: Սակայն այժմ անիմաստ է դատել, թե ինչու, հրեշտակներին ստեղծելիս, Աստված արարեց հրեշտակ-դեւերին:

Ենթադրենք, թե հենց այդպիսին է սատանայի ծագումը, եւ Նա ստեղծել է այդպիսի նողկալի եւ դաժան հրեշ, ինչպես դուք եք պնդում, բայց ես այդ առթիվ կասկածներ ունեմ: Երբ ես անցած-գնացած տարիներին ապրում էի Նամբաձի տաճարում, ապա իմ աչքերով եմ տեսել դեւ Լյուցիֆերին, եւ նա անձամբ պատմեց ինձ, որ այդ ամենը ամենեւին էլ այդպես չի եղել, որ մարդիկ պարզապես չգիտեն սատանային, եւ հենց այդ պատճառով էլ այդքան սաստիկ վշտանում են: Եվ մի պնդեք, թե Ֆաբիանը պարզապես սատանայի ցանցն ընկավ, նրա հետ պարապ զրույցներ էր վարում: Աստծո անվամբ ահաբեկված, անընդունակ ճշմարիտ Ուսմունքն ընդունելու, Դեուսի հետեւորդները իրենց անգիտության մեջ էին թաղված, գիտցեք, որ ես իմ աչքերով եմ տեսել նրան, իսկ դուք միայն հարգալից աղոթքներ եք հղում Աստվածածնին, եւ թեպետ պատերենների թիվը մեծ է, մեզ հայտնի չէ եւ ոչ մեկը, ով դեւ Լյուցիֆերի հետ վեճի մասնակիցն է եղել: Եթե ինչ-որ կերպ վերնագրեմ իմ հանդիպումը Լյուցիֆերի հետ, ապա Հարավային Բարբարոսների լեզվով դա կկոչվի «պարականոն»:

Ճշտելու կարիք չկա, թե հատկապես երբ է դա տեղի ունեցել: Մի անգամ աշնանային մթնշաղում ես միայնակ զբոսնում էի Հարավային Բարբարոսների տաճարի տարածքի մացառուտների միջեւ, ինչպես դա կաներ յուրաքանչյուր քրիստոնյա, եւ հիշում էի մի ազնվաբարո կնոջ խոստովանանքը: Բոլորովին վերջերս, նա արցունքն աչքերին ասում էր. «Ախ, որքան տարօրինակ է: Զօր ու գիշեր մեկն ինձ շշնջում է` ինչո՞ւ դու հոգ ես տանում միայն քո ամուսնու մասին: Եվ հավատացնում է, որ աշխարհում քիչ չեն արժանավոր տղամարդիկ: Բավ է լսեմ այդ ձայնը, եւ սիրտն իմ, չգիտես ինչու, հիացմունքով է լցվում, եւ ես մեծ դժվարությամբ եմ կարողանում զսպել իմ սիրային մղումները: Եվ այդ ժամանակ ես տխրում եմ, որ չիք մեկը, ում հետ սիրային կապ հաստատեմ եւ ես, դեռեւս երիտասարդ եւ գեղեցիկ, զուր կենում եմ պարտասանքի մեջ»:

Այդժամ ես նրան բացատրեցի քրիստոնեական պատվիրանները եւ խստորեն կշտամբեցի. «Հիշիր, որ այդ ձայնն անշուշտ սատանային է պատկանում: Այդ սատանան տիրապետում է մարդուն առ յոթը սարսափելի մեղքերը ներքաշելու ուժին, որոնցից առաջինը` ամբարտավանությունն է, երկրորդը` չարությունը, երրորդը` նախանձը, չորրորդը` ագահությունը, հինգերորդը` տռփանքը, վեցերորդը` որկրամոլությունը, յոթերորդը` ծուլությունը, դրանցից մեկը բավական է, որ դժոխք ընկնես: Հետեւաբար, Դեուսը` մեծագույն կարեկցանքի ակունքն է, իսկ սատանան` ամենայն չարյաց արմատը: Ընդ որում բոլորը, ովքեր երկրպագում են Արարչի ուսմունքը, երբեք չեն ընկնի սատանայի ճանկերը: Բավ է պարզապես ջանադրաբար աղոթքները կրկնել, հնազանդ մնալ Դեուսի առաքինություններին, եւ դու կկարողանաս խուսափել ինֆերնոյի կարմայական հրից»:

Ինձ բախտ է վիճակվել տեսնելու սատանայի սարսափելի կերպարանքը արտասահմանյան նկարներում, եւ ես փորձեցի ուրվագծել նրան այդ կնոջը. «Այդ էակը չղջիկի թեւեր ունի, այծի սմբակներ, օձի խորխ: Եվ երբ նույնիսկ տեսանելի չէ, նա նստած է կողքիդ եւ շշնջում է անառակ սիրո մասին»։

Եվ ահա, անդադար այդ մասին մտածելով եւ զբոսնելով մթին մարգագետնով ու ինձ անհայտ անուններով անդրծովյան բույսերի միջով, ես հանկարծ աչքերս բարձրացրի եւ ինձանից տասը քայլի վրա պատերենի նման մի մարդ տեսա: Չէի հասցրել աչքս թարթել, երբ նա սրընթաց մոտեցավ ինձ եւ հարցրեց. «Դու ինձ ճանաչո՞ւմ ես»: Ես ուշադիր նայեցի այդ մարդուն, նրա դեմքը թուխ էր, ինչպես «կունդուլինյան ստրուկներինը», արտաքինը բավական առինքնող էր, նա սեւ թիկնոցով էր փաթաթված, վզին` ոսկյա զարդ: Ի վերջո, ես ստիպված եղա ընդունելու, որ նախկինում երբեք նրան չեմ տեսել, եւ այդ ժամանակ մարդն այդ ասես քմծիծաղով արտաբերեց. «Ես հենց դեւ Լյուցիֆերն եմ»: Սարսափելի զարմանալով ես հարցրի. «Բայց դուք ի՞նչ Լյուցիֆեր եք: Չէ՞ որ դուք արտաքնապես ոչնչով մարդուց չեք տարբերվում: Իսկ ո՞ւր են չղջիկի թեւերը, այծի սմբակները, օձի խորխը»:

«Ի սկզբանե սատանան մարդուց չէր տարբերվում,- պատասխանեց նա: -Հաճախ ինձ եղկելի եւ այլանդակ են նկարագրում… Իսկ ես, ինչպես եւ իմ կողմնակիցները, չունենք ոչ թեւեր, ոչ սմբակներ, ոչ խորխ: Դե, նաեւ ծերության նշաններ էլ մեր դեմքին չկա»: Դրան ի պատասխան՝ ես կարողացա սոսկ շշնջալ. «Դա միայն արտաքնապես սատանան մարդուց չի տարբերվում, Բայց քո հոգում, կարիճների պես, գալարվում են յոթ մահացու մեղքերը»: Լյուցիֆերը դարձյալ ծիծաղելով ասաց. «Այդ նույն յոթ կարիճներն ապրում են նաեւ մարդկանց հոգիներում: Մի՞թե հենց քեզ այդ մասին հայտնի չէ: Եվ ես գոչեցի. «Ակնցի սատանա: Իմ սրտում, հանց հայելում, արտացոլվում են Դեուսի ամենայն անհամար առաքինությունները: Անտեղ տեղ չի գտնվի նույնիսկ քո ստվերի համար»: Սատանան բարձրաձայն քրքջաց. «Այ թե տխմարն ես դու, Ֆաբիան: Երբ դու պարսավում ես ինձ, քո սիրտն ամբարտավանությամբ է լեցուն, իսկ դա` յոթ մահացու մեղքերից առաջինն է: Դու ինքդ պետք է հասկանաս, որ մարդու եւ սատանայի միջեւ ոչ մի տարբերություն չկա: Եվ եթե ես` սատանա եմ, ապա դուք` արդյո՞ք սատանի պոչը չեք, ինչպիսին նրանց պատկերացնում են տերտերները: Մեր Երկնատակը երկու մասի է բաժանված` մեկում Տիրոջ հետ դուք եք ղեկավարելու: Քանի որ կա լույսը, ապա անպատճառ կլինի եւ խավարը: Ոչ մի անհնարինություն չկա այն բանում, որպեսզի աշխարհում փոխնիփոխ հաջորդեն Դեուսի օրն ու սատանայի գիշերը: Թեպետ իմ կողմնակիցները չար բնույթ ունեն, բայց բարու մասին էլ նրանք չեն մոռանում: Եվ եթե աջ աչքով մենք տեսնում ենք ինֆերնոյի խավարը, ապա ձախ աչքով, նույնիսկ եւ այժմ, մշտապես նայում ենք երկնային բարձունքներին: Այդ պատճառով մենք մինչեւ վերջ չենք կենում չարիքի մեջ: Նույնիսկ Տերը հաճախ տառապում է երկնաբնակներից: Դե, դու չգիտես, բայց չէ՞ որ հենց ինքը՝ Լյուցիֆերն էր անառակ խոսքեր շշնջում այն կնոջ ականջին, որ վերջերս քեզ մոտ խոստովանանքի էր եկել: Սակայն ոգով ես թույլ եմ եւ չկարողացա մինչեւ վերջ նրան գայթակղել: Միայն մթնշաղին ես մոտենում էի նրան եւ հետեւում էի, թե ինչպես է նա կողքովս անցնում, հիասքանչ տեսիլքի պես, իր մարջանե տերողորմյայով եւ ասես փղոսկրե դաստակներով: Եթե ես այդպիսի վերջացած չարագործ լինեի, ումից վախենում են ձեր տերտերները, ապա այդ կինը, խոստովանանքի ժամանակ քո առաջ հեկեկալու փոխարեն, հենց մեկից կթաղվեր արատավոր հաճույքների ճահճուտում եւ ձեռք կբերեր այն կարման, որը դժոխք է ներքաշում»:

Ինձ այնքան ապշեցրեց Լյուցիֆերի պերճախոսությունը, որ ես մեկեն չպատասխանեցի, այլ միայն զննում էի նրա էբենոսյա ծառի գույնի հարթ դեմքը: Եվ հանկարծ նա արագ գրկեց ինձ եւ տրտմալի շշնջաց. «Ես նույնպիսի հոգի ունեմ, ինչպես եւ նրանք, ովքեր մտածում են, որ իրենք ինֆերնո են ընկնելու, սակայն եւ նման եմ եւ նրանց հոգիներին, որոնք կարծում են, որ ինֆերնո չեն ընկնելու: Արդյո՞ք դու գիտես մեր վշտալի սատանայական ճակատագրի մասին: Երբ ես ջանում էի այդ կնոջը ներքաշել անառակության որոգայթը, ապա ես հասկանում էի, որ ինձ ի վերջո չի հաջողվի դա անել: Քանզի ես սիրում եմ կանանց վսեմագույն մաքրության համար, ապա հատկապես կամենում եմ պղծել նրանց: Եվ երբ դուք կարծում եք, թե ես ուզում եմ նրանց դրդել առ յոթ մահացու մեղքերը, ապա իրականում անընդհատ փորձում եմ նրանց առաջարկել յոթ սարսափելի առաքինությունները: Արդյո՞ք դուք Դեուսը չեք, քանզի միշտ ջանում եք գայթակղել սատանաներին բարիք գործելու: Իսկ գուցե դուք` ոգիներ եք, որոնք Դեուսից վե՞ր են»: Ականջիս շշնջալով այդ խոսքերը, դեւ Լյուցիֆերը նայեց մթին երկնքին, եւ նրա կերպարանքը սկսեց լողալ, հալվելով մշուշի մեջ, մինչեւ որ լրիվ ցնդեց աշնանային խամրած ծաղիկների մեջ:

Ես ահաբեկված սուրացի պատերենների մոտ եւ պատմեցի նրանց այն ամենը, ինչ լսել էի Լյուցիֆերից, բայց անգետ քրիստոնյաներն ինձ չհավատացին: Համարելով, որ ես խախտել եմ հավատի դավանանքը, նրանք ինձ մի քանի օր խոշտանգում էին: Բայց ես ինչպե՞ս կարող եմ կասկածել այն բանում, որ իմ աչքերով եմ տեսել եւ իմ ականջներով եմ լսել դեւ Լյուցիֆերից: Սատանայի մեջ էլ բարի սկիզբ կա, նա բնավ էլ ամենայն չարյաց ակունքը չէ:

Իսկ ձեզ, Դեուսի երկրպագուներ, հայտնի՞ է, թե ով է սատանան: Եվ արդյո՞ք Տիեզերքի Արարիչը չի նրան հորինել: Այստեղ ես ավարտում եմ, կասկածներով ալեկոծված: Ամեն:

Ինչպես էր հավատում Բիսեյը

Բիսեյը կանգնած էր ներքեւում կամրջի տակ ու սպասում էր նրան: Նրա գլխավերեւում, կիսով չափ բաղեղապատ քարե բարձր ճաղաշարի ետեւում, ժամանակ առ ժամանակ պեծկլտում էին կամրջով անցնողների, մայր մտնող արեւով վառ լուսավորված եւ քամու տակ փոքր-ինչ ծածանվող, ճերմակ զգեստների քղանցքները… Իսկ նա դեռ չէր գալիս:

Բիսեյը թեթեւ անհանգստությամբ մոտեցավ հենց ջրին եւ սկսեց նայել անդորրավետ գետին, որի վրայով ոչ մի նավ չէր շարժվում:

Գետի երկայնքով համատարած պատով աճում էր եղեգը, իսկ եղեգնի վրա տեղ-տեղ կլորվում էին ուռիների թավ փնջերը: Եվ թեպետ գետը լայն էր, եղեգներով սեղմված ջրի մակերեսը նեղ էր թվում: Մաքուր ջրի ժապավենը, ոսկեզօծելով միակ սադափե ամպիկի արտացոլքը, լռիկ պտույտ էր գալիս ընդմեջ եղեգների… Իսկ նա դեռ չէր գալիս:

Բիսեյը հեռացավ ջրից եւ նեղլիկ ծանծաղուտով ետ ու առաջ էր քայլում, սկսեց ունկնդրել դանդաղ մթնշաղով լցվող լռությունը:

Կամրջի վրա շարժումն արդեն հանդարտել էր: Ոչ քայլերի ձայն, ոչ սմբակների դոփյուն, ոչ սայլակների դռդռոց` այնտեղից ոչինչ չէր լսվում: Քամու սոսափը, եղեգնի շրշյունը, ջրի ճողփյունը… հետո ինչ-որ տեղ զիլ ճչաց ձկնկուլը: Բիսեյը կանգ առավ, հավանաբար, սկսվել էր մակընթացությունը, դեպ մամռոտ ծանծաղուտը սուրացող ջուրը ավելի մոտ էր փայլում, քան առաջ… Իսկ նա դեռ չէր գալիս:

Զայրացկոտ խոժոռվելով, Բիսեյը սկսեց արագոտն քայլել կամրջատակի կիսախավար ծանծաղուտով: Այդ ընթացքում ջուրը կամացուկ, քայլ առ քայլ ողողում էր ծանծաղուտը: Եվ նրա մաշկին դիպավ տիղմի զովությունն ու ջրի թարմությունը: Նա բարձրացրեց աչքերը` կամրջի վրա արեւմարի պայծառ շողանքը արդեն հանգչել էր, եւ կանաչադալուկ մայրամուտի երկնքում սեւին էր տալիս քարե ճաղաշարի հստակ փորագրված ուրվանկարը… Իսկ նա դեռ չէր գալիս:

Բիսեյը վերջապես կանգ առավ:

Ջուրը, արդեն նրա ոտքերը լիզելով, , պողպատի փայլից առավել պաղ ցոլքով շողալով, դանդաղ վարարում էր կամրջի տակ: Անտարակույս, ժամ անգամ չի անցնի, եւ անողոք մակընթացությունը կողողի նրա թե՛ ծնկները, թե՛ փորը, թե՛ կուրծքը: Ոչ, ջուրն արդեն ավելի ու ավելի բարձր է, եւ ահա արդեն նրա ծնկները անհետել են գետի ալիքների տակ… Իսկ նա դեռ չէր գալիս:

Բիսեյը հույսի վերջին նշույլքով նորիցնոր հայացքն ուղղեց դեպ երկինք, կամրջին: Նրան մինչեւ կուրծքը ողողած ջրի վրա, վաղուց արդեն իջել էր իրիկվա կապույտը, եւ ցնորական մշուշի միջից հասնում էր ուռիների տերեւների եւ թավ եղեգնի թախծոտ շրշյունը: Եվ հանկարծ, Բիսեյի քթին դիպչելով, շողաց ճերմակ փորիկով ջրից դուրս պրծած ձկնիկը եւ փայլկտեց նրա գլխավերեւում: Բարձր երկնքում վառվեցին դեռեւս նոսր աստղերը: Եվ նույնիսկ բաղեղապատ ճաղաշարի ուրվանկարը հալվեց արագ վրա հասնող խավարում… Իսկ նա դեռ չէր գալիս:

***

Կեսգիշերին, երբ լուսնալույսը ողողել էր գետեզերքի եղեգներն ու ուռիները, ջուրն ու զեփյուռը, կամացուկ շշնջալով, հոգածորեն տարան Բիսեյի մարմինը կամրջատակից դեպի ծովը: Սակայն Բիսեյի ոգին խոյացավ առ երկնի սիրտը, առ թախծոտ լուսնալույսը, գուցե թե, այն պատճառով, որ նա սիրահարված էր: Թաքուն լքելով մարմինը, այն սահուն ելավ դեպ դալկորեն լուսավորվող երկինքը, ճիշտ այնպես, ինչպես անաղմուկ գետից բարձրանում է տիղմի հոտը, ջրի թարմությունը…

Իսկ հետո, բյուր հազարավոր տարիներ հետո, անհամար կերպափոխություններ ճաշակած այդ ոգուն, դարձյալ մարդկային կյանք վստահվեց: Դա էլ հենց այն ոգին է, որ ապրում է իմ մեջ, ահա այնպիսինում, ինչպիսին ես եմ: Այդ պատճառով, թող որ ես ծնվել եմ մեր ժամանակներում, այդուհանդերձ, ես որեւէ կարգին բանի պիտանի չեմ. գիշերուզօր ես ապրում եմ երազներում եւ միայն սպասում եմ, որ կգա ինչ-որ զարմանալի մի բան: Ճիշտ այնպես, ինչպես Բիսեյը մթնշաղին, կամրջի տակ սպասում էր սիրեցյալին, ով երբեք չի գա:

Շիլլերի գանգը

Շիլլերի աճյունը, նրա մահվանից հետո, այսինքն` 1805 թվականից գտնվում է Վայմարի մեծ հերցոգների գերեզմանատանը: Սակայն ընդամենը քսան տարի անց, գերեզմանատան վերակառուցման կապակցությամբ, նրա գանգն ընծայվեց Գյոթեին: Վաղեմի ընկերոջ գանգը նա դրեց իր գրասեղանի վրա եւ գրեց «Շիլլեր» վերնագրված բանաստեղծությունը: Բացի այդ, Էբերեյնը, մասնավորապես, քիչ չէ ջանացել, որպեսզի նկարի մինչեւ գոտկատեղն արված մի դիմանկար, որը կոչվում է մոտավորապես այսպես. «Շիլլերի գանգին նայող Գյոթեն»: Սակայն դա Շիլլերի գանգը չէր, այլ մեկ ուրիշ մարդու: (Շիլլերի իսկական գանգը բոլորովին վերջերս հայտնաբերեց մի անատոմիայի պրոֆեսոր Տյուբինգենից): Կարդալով այդ մասին՝ ես զգացի, որ դա նման է սատանի խաղի: Գյոթեն ցնցված, ինչպես պարզվեց, այլ մարդու գանգով, բավական զավեշտական տեսք է առնում: Բայց եթե դա, իրոք, Շիլլերի գանգը չէր, ապա, փաստորեն, Գյոթեի երկերի ժողովածուում պակասում է «Շիլլեր» բանաստեղծությունը:

Մանկությունը

Շատ նովելներ կան, որոնցում ես նկարագրում եմ իմ մանկությունը: Սակայն դրանցից սոսկ քչերն են գրված այնպես, որ ասես թե դրանք մանկան զգացողություններ են: Այդ առումով նոր մոտեցում է առաջարկել Ջեյմս Ջոյսը:

Համենայն դեպս, Ջոյսի «Արվեստագետի դիմանկարը պատանի հասակում» գրված է այնպես, ինչպես տեղի ունեցածն ընկալում է երեխան: Կամ, հնարավոր է, տպավորություն է ստեղծվում, թե թեկուզ եւ մասնակիորեն այդպես է զգացել երեխան: Ամեն դեպքում, դա հազվագյուտ բան է: Հազիվ թե գտնվի այլ մի մարդ, ով ունակ է գրելու նման մի ստեղծագործություն: Կարծում եմ, ես լավ եմ արել, որ ընթերցել եմ այն:

Բասյո

Վերընթերցում եմ «Կապիկի ծղոտե թիկնոցը»: Բասյոյի, Կյորայի, Բոնտյոյի ռենկուների մեջ դյութիչ հասունության շատ տողեր կան: Հատկապես անարտահայտելի տրամադրություն փոխանցող տողերը.

Բրնձով արկղը կիսագոց կափարիչով:

Ես ջարդեցի այն փոքր-ինչ մնալով խրճիթում,

Կյանքը հիասքանչ է, չէ որ կազմված է ծաղկաքաղը:

Այն, թե ինչպես է Բասյոն շարունակել առաջին տողը. «Ես ջարդեցի այն փոքր-ինչ մնալով խրճիթում», հիշեցնում է Դե Շանի փայտի սուլոցն օդում, տառացիորեն շունչդ կտրվում է: Սարսափելի է, որ նրա մտքին այսպիսի տող է եկել: Արդյո՞ք կարող էր նույն Բոնտյոն դրանից հետո աչքերը հառել նրա վրա:

Բոնտյոն այսպիսի տողեր ունի.

Կլորավուն, մոխրավուն կռունկ,

Միջօրեին ննջած,

Մեղմիվ ճոճվում է եղեգը:

Այսպիսի շարունակություն է առաջարկել Բոնտյոն, եւ այն բավականին թույլ է: Շնորհալի, սակայն ոչ երեւելի մարդ, եւ եթե նա թեկուզ հարյուր անգամ էլ շուռումուռ գա, ունակ չէ գտնելու Բասյոյի այդ տողի շարունակությունը:

Կյանք ներշնչել կամ սպանել ընդամենը տասնյոթ վանկով` ինձ ապշեցնում է, թե ինչ ազատորեն է դրան տիրապետում Բասյոն: Արեւմտյան պոետների բանաստեղծությունները ճապոնացիներն այնքան էլ հետաքրքիր չեն համարում, գուցե թե այն պատճառով, որ չեն հասկանում դրանք։ «Այո, իսկապես»,- սոսկ այսպես են նրանք արտահայտում իրենց հետաքրքրությունն առ եվրոպական բանաստեղծությունը: Ճիշտ այդպես էլ, կկարողանա՞ն արդյոք եվրոպացիները, որքան էլ բացատրես նրանց, հասկանալ Բասյոյի մեծությունը` հարցերի հարցն է:

Սարդոստայնը

Մի անգամ Բուդդան միայնակ շրջում էր դրախտային լճակի ափին:

Ողջ լճակը ծածկել էին մարգարտափայլ ճերմակությամբ լոտոսները, նրանց դեղին միջուկները շուրջբոլորն անբացատրելի-անուշ բուրմունք էին սփռում:

Այդժամ դրախտում առավոտ էր:

Բուդդան մտորմունքի մեջ կանգ առավ եւ հանկարծ ջրի հայելում տեսավ, լոտոսի լայն տերեւների մեջ առկայծող, այն ամենը, ինչ կատարվում էր խորը ներքեւում, Լոտոսի լճակի հատակին:

Դրախտային լճակը հասնում էր ընդհուպ մինչեւ դժոխքի ընդերքը:

Նրա բյուրեղյա ջրերի միջից Ասեղնալեռն ու Սանձու գետն այնքան պարզորոշ էին երեւում, ասես մանրադիտակի դիտանցքից:

Այնտեղ, դժոխքի խորխորատում վխտում էր մեղավորների ահռելի բազմությունը: Եվ այնպես պատահեց, որ Բուդդայի հայացքն ընկավ Կանդիտա անունով մի մեղավորի վրա:

Այդ Կանդիտան սարսափելի ավազակ էր: Նա բազում չարիքներ էր գործել` սպանում էր, առեւանգում, կրակի տալիս, բայց այդուհանդերձ նրա արածների մեջ մի բարի գործ գտնվեց:

Մի անգամ նա քայլում էր անտառի թավուտի միջով եւ հանկարժ տեսավ` հենց արահետի մոտ վազում է մի պստլիկ սարդ: Կանդիտան այն է ոտքը վրա էր բերել, որ տրորի նրան, բայց ահա ինքն իրեն ասաց. «Չէ, նա թեեւ փոքր է, բայց ինչ ուզում ես ասա, կենդանի էակ է: Ափսոս է նրան զուր սպանելը»:

Եվ խղճաց սարդին:

Հայելով դժոխքի պատկերը, Բուդդան հիշեց, որ ավազակ Կանդիտան մի անգամ սարդին կյանք է պարգեւել, եւ կամեցավ նա, եթե հնարավոր է, փրկել մեղավորին դժոխքի վիհից` ի հատուցում լոկ այդ բարի գործի համար: Այդ պահին, երջանիկ պատահմամբ, Բուդդայի աչքն ընկավ դրախտային սարդը: Նա հիասքանչ արծաթյա թել էր կախել, նեֆրիտի պես կանաչ լոտոսի տերեւից:

Բուդդան զգուշորեն ձեռքը վերցրեց նրբին սարդոստայնը եւ նրա ծայրն իջեցրեց մարգարտաճերմակ լոտոսներով պատված ջրի մեջ: Սարդոստայնը սկսեց իջնել ուղիղ ներքեւ, մինչեւ որ հասավ դժոխքի ամենահեռավոր խորքերը:

2

Այնտեղ, դժոխքի հատակին, Կանդիտան այլ մեղավորների հետ անողորմ տառապանքներ էր կրում Արյան լճում, մեկ վեր լողալով, մեկ խրվելով հորձանուտը:

Ամենուր, ուր աչքդ կտրի, ականակույր խավար էր տիրում: Սոսկ երբեմն խավարում ինչ-որ բան էր աղոտ պեծկլտում: Դա աղոտ փայլկտում էին սարսափելի Ասեղնալեռան ասեղները: Բառեր չկան, որ նկարագրես այդ տեսարանի մռայլ սարսափը: Շուրջբոլորը լուռ էր, ինչպես գերեզմանում: Միայն երբեմն լսվում էին մեղավորների խուլ հոգոցները:

Շատ տարիներ հետո դժոխքի ամենախորունկ տեղերը նետված հանցավոր հոգիները տնքալու եւ լալու ուժ չէին գտնում:

Ահա թե ինչու նույնիսկ մեծ ավազակ Կանդիտան, արնախեղդ լինելով Արյան լճում, լոկ անձայն ջղաձգվում էր, ինչպես սատկոտող գորտ:

Բայց հանկարծ Կանդիտան գլուխը բարձրացրեց եւ սկսեց զննել Արյան լճի վրա կախված մութը: Այդ անապատային մշուշից, հեռու-հեռավոր երկնքից, հենց դեպ իրեն, նրբին շողով ցոլցլալով, սահուն իջնում էր արծաթե սարդոստայնը, ասես երկյուղելով, որ չլինի թե իրեն նկատեն մյուս մեղավորները:

Կանդիտան ուրախությունից ծափ զարկեց: Պետք է միայն կառչել այդ սարդոստայնից եւ մագլցել դրանով, ավելի ու ավելի վեր բարձրանալով: Այդժամ, հաստատ, դժոխքից կսպրդես:

Իսկ եթե բախտդ բանի, ապա, մեկ էլ տեսար, դրախտ էլ ընկնես: Եվ քեզ այլեւս չեն քշի Ասեղնալեռան գագաթը, չեն նետի դարձյալ Արյան լիճը:

Այդ հույսով գոտեպնդված, Կանդիտան երկու ձեռքով ամուր կառչեց սարդոստայնից եւ սկսեց ողջ ուժով մագլցել վեր:

Ինքնըստինքյան, փորձառու գողի համար դա սովորական գործ էր:

Սակայն դժոխքից մինչեւ դրախտային կացարանը բյուր-տասնյակ հազար ռի է: Որքան էլ նա ջանում էր, նրա համար հեշտ չէր լեռնային բարձունքներ հաղթահարելը: Մագլցում, մագլցում էր Կանդիտան վեր եւ վերջապես նույնիսկ նրան, այդպիսի ուժեղ մարդուն զգետնեց հոգնությունը: Նա չէր կարող առանց շունչ քաշելու հասնել մինչեւ երկինք:

Ճար չկար, հարկ էր հանգստանալ: Ահա նա կես ճամփին կանգ առավ, կախված է սարդոստայնից, հանգստանում է, եւ հանկարծ ցած նայեց, խորունկ վիհին:

Զուր չէր այդպես համառորեն Կանդիտան մագլցում վեր այդ բարալիկ սարդոստայնով: Արյան լիճը, որտեղ նա հենց նոր դաժան տանջանքներ էր կրում, թաքչել էր ականակույր խավարում: Իսկ սարսափելի Ասեղնալեռան գագաթը, որ աղոտ փայլկտում էր դժոխային խորխորատի խավարում, արդեն իր ոտքերի տակ է: Եթե նա հետագայում էլ այդպես ճարպկորեն մագլցի, դե ինչ, թերեւս, իրոք որ հաջողվի դուրս պրծնել դժոխքից:

Ամուր կռչելով սարդոստայնից, Կանդիտան առաջին անգամ երկար տարիների ընթացքում կրկին մարդկային ձայն ձեռք բերեց եւ քրքջալով գոչեց.

– Փրկված եմ, փրկված:

Բայց տեղնուտեղը հանկարծ նկատեց, որ մյուս մեղավորները եւս անթիվ եւ անհամար պատել էին սարդոստայնը եւ, ինչպես մրջյունների տողան, նրա ետքից սողում են վեր ու վեր:

Այդ տեսարանից Կանդիտան վախից եւ զարմանքից որոշ ժամանակ միայն կարողանում էր աչքերը պտտել՝ տխմարավարի բերանը լայն բացած:

Այդ բարալիկ սարդոստայնը միայն նրան էր դժվարությամբ պահում, էլ ուր մնաց՝ մարդկանց այդչափ բազմությանը:

Եթե սարդոստայնը պատռվի, ապա նա ինքը եւս, դառն է մտածելը, նա ինքը, արդեն այդքան վեր ելած, գլխիվայր դժոխք կընկնի: Մնաս բարով փրկության հույս:

Մինչ նա ինքն իրեն ասում էր այդ ամենը, մեղավորները ողջ պարսերով սողոսկում էին Արյան լճի մթին խորքերից: Հարյուր, հազարավոր մեղավորներ, ձգված երկար շղթայով, փութկոտ վեր էին սողում, ինչպես նրբին շող ցոլացող սարդոստայնով: Պետք է արագ ինչ-որ բան ձեռնարկել, կամ էլ սարդոստայնն անպայման կպատռվի, եւ նա կգլորվի անդունդը:

Եվ Կանդատան ողջ ձայնով ճչաց.

– Էյ դուք, մեղավորներ: Սա իմ սարդոստայնն է: Ո՞վ է ձեզ թույլ տվել մագլցել դրանով: Դե, շուտ իջեք: Վայր իջեք:

Բայց ահա թե հենց նույն պահին ինչ կատարվեց:

Մինչ այդ տեղը տեղին եւ անվնաս սարդոստայնը ճայթելով պատռվեց հենց այն մասում, որտեղից կառչել էր Կանդատան:

Ախ քաշել էլ չհասցրեց, երբ, հոլի պես պտտվելով, սուլոցով քամին հատելով, գլխիվայր թռավ ավելի ու ավելի ներքեւ, ականակույր խավարի ամենախորքը:

Եվ միայն սարդոստայնի մի կարճ կտորն էր շարունակում կախված մնալ, ցոլցլալով, հանց բարալիկ շող, դժոխքի անաստղ, անլուսին երկնքում:

3

Լոտոսի լճակի ափին կանգնած, Բուդդան տեսավ այն ամենը, ինչ կատարվեց, սկզբից մինչեւ վերջ: Եվ երբ Կանդիտան, նետած քարի նման, թաղվեց Արյան լճի հենց խորքում, Բուդդան վշտահար դեմքով դարձյալ շարունակեց իր զբոսանքը:

Կանդիտայի սրտում կարեկցանք չկար, նա մտածում էր լոկ այն մասին, թե ինչպես ինքը փրկվի դժոխքից, եւ դրա համար ըստ արժանվույնս պատժվեց` դարձյալ նետված է դժոխքի խորխորատը: Ինչ ամոթալի եւ խղճուկ էր երեւում այդ պատկերը Բուդդայի աչքին:

Սակայն դրախտային Լոտոսի այգու լոտոսներն անհաղորդ էին մնում:

Նրանց մարգարտաճերմակ ծաղկաբաժակները լռիկ օրորվում էին հենց Բուդդայի ոտքերի մոտ:

Եվ նրա ամեն մի քայլափոխին լոտոսների ոսկյա միջուկները շուրջբոլորն անբացատրելի-անուշ բուրմունք էին սփռում:

Դրախտում ժամանակը մոտենում էր կեսօրին: