Նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների առաջին հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ելույթ է ունեցել նաեւ ՀՀ արտգործնախարարը` նշելով, որ ՀՀ-ն ձգտում է առավել ամրապնդել ԵՄ հետ հարաբերությունները: Ըստ նրա` Գործընկերության նախաձեռնությունը ստեղծում է Եվրոպական միության հետ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար հարթություններում համագործակցության լրացուցիչ հնարավորություններ: Նա ուշադրություն է հրավիրել մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման հարցի վրա, քանի որ դա, ըստ նրա` էապես կխթանի հասարակությունների եւ մարդկանց միջեւ շփումները: «Կրթական, երիտասարդական եւ մշակութային փոխանակումները կարեւոր նշանակություն ունեն, եւ մենք պետք է քաջալերենք դրանք խթանող նախաձեռնություններին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նաեւ կարեւորել է Արեւելյան գործընկերության շրջանակներում ռեգիոնալ համագործակցությունը` ընդգծելով, որ Ադրբեջանի հրաժարումը ծրագրով նախատեսված փոխգործակցությունից կարող է վտանգի տակ դնել Գործընկերության հաջողությունը. «ԵՄ գործընկեր պետության կողմից նման վարքագիծը վարկաբեկում է համագործակցության բուն գաղափարը, իսկ մասնակից երկրների կողմից արձագանքի բացակայությունն էլ ավելի է այն արժեզրկում»: