Բա մե՞ր հաշվով ինչ որոշեցիք

08/12/2009

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը երեկ ժամանել է Վաշինգտոն։ Ըստ ԶԼՄ-ների, Էրդողան-Օբամա հանդիպման առանցքային թեմաներն են եղել Իրանի միջուկային խնդիրը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, Ղարաբաղի, Կիպրոսի, քրդական հարցի կարգավորման, Աֆղանստան հավելյալ զորքեր ուղարկելու, Իսրայել-Թուրքիա լարված հարաբերությունների խնդիրները։ Հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ՝ Ամերիկյան լրատվամիջոցները նշել են, որ օգոստոսին ստորագրված արձանագրությունները կարելի է համարել ԱՄՆ արտաքին քաղաքականության վերջին շրջանի ամենամեծ հաջողություններից մեկը՝ նկատի ունենալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական ներդրումը դրա կայացման մեջ։ «Օբաման ճնշում կգործադրի Էրդողանի վրա, որպեսզի Թուրքիայի խորհրդարանը որքան հնարավոր է շուտ վավերացնի արձանագրությունները»,- գրել է Times.com-ը։ Թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին կարծիք են հայտնել, որ Էրդողանը ԱՄՆ-ից խնդրելու է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ զորքերը Լեռնային Ղարաբաղից եւ հարակից շրջաններից դուրս բերելու հարցում։ Իհարկե, հանդիպումից հետո հնչած դեկլարատիվ հայտարարությունները թույլ չեն տա իմանալ՝ իրականում ինչ են խոսել Էրդողանն ու Օբաման եւ ինչ համաձայնությունների են եկել։ Հանդիպման արդյունքների մասին հնարավոր կլինի գուշակել միայն իրադարձությունների հետագա զարգացումը վերլուծելով։ Ի դեպ, հայկական դիվանագիտության վերջին տասնամյակի «փայլուն ձեռքբերումների» շնորհիվ այսօր մեզ միայն դա էլ մնում է անել՝ կողքից հետեւել ու գուշակել, թե ուրիշները ինչ են պայմանավորվում, այդ թվում՝ նաեւ մեր հարցով։ Մեր դիվանագետներն էլ կարող են «բարի նախանձով» հետեւել, թե Թուրքիայի վարչապետը ինչպես է Ջոն Հոպկինսի համալսարանում դասախոսություն կարդում «21-րդ դարում դիվանագիտության ճանապարհով խաղաղության նախաձեռնող Թուրքիան» թեմայով։ Միգուցե ուշադիր լսելու համար նաեւ «պոնչիկի» արժանանան։