– Պրն Հակոբյան, օգոստոսի 29-ին ԱԺ արտահերթ նիստում Սահմանադրական
փոփոխությունների փաթեթի 2-րդ ընթերցման քննարկմանը
մասնակցել-չմասնակցելու հարցում խորհրդարանական եւ արտախորհրդարանական
ընդդիմության կարծիքները բաժանվում են: Ո՞րն է Մարքսիստական կուսակցության
դիրքորոշումը:
– Այդ փաթեթի ընդունման դեպքում կարող է Երեւանի քաղաքապետի եւ վարչապետի
փոփոխության հարց առաջանալ: Այս տեսակետից իշխանությունը եւ ընդդիմության
մի մասը կարող է կոմպրոմիսի գնան: Տոտալ բոյկոտի քաղաքականության
կողմնակից Արամ Զավենիչը ոչ թե բովանդակության առումով ընդդիմադիր
կեցվածքի համար չի ուզում մասնակցել այդ քննարկումներին, այլ նրա համար,
որ իշխանությունները, որոնք արել են այդ սահմանադրական փոփոխությունները,
լեգիտիմ չեն: Մենք ասում ենք. լեգիտիմ են, թե լեգիտիմ չեն, հարցը դրա մեջ
չէ, հարցը ներկայացվող տարբերակի քաղաքական բովանդակության մեջ է, որը
նրանք չեն քննարկում: Միեւնույն է, նրանք 2,5 տարի այդ ամբիոնը
չօգտագործեցին: Կարեւորն այն չէ` բոյկոտել, թե ոչ, կարեւորն այն է, թե ինչ
է տվյալ կուսակցությունն առաջարկում: Իսկ Հայաստանի Մարքսիստական
կուսակցությունը թախանձախնդրորեն պահանջում է վերականգնել Խորհրդային
Հայաստանի գերբը եւ օրհներգը, վերանայել նախկին 40 շրջանների քաղաքական
անկախության հարցը: Սահմանադրությունը պետք է ապահովի իշխանափոխության
էվոլյուցիոն գործընթացը, որպեսզի իշխանափոխությունը Հայաստանում տեղի
ունենա ոչ թե վերեւից` խունտիզմի սկզբունքով, այլ ներքեւից`
ժողովրդավարական սկզբունքով, ընտրական իրավունքի գործադրմամբ: 15 տարի
շարունակ իշխանափոխությունը Հայաստանում տեղի է ունենում ոչ թե ընտրական
իրավունքի, այլ բլանկիզմի, ավանտյուրիզմի, բոնապարտիզմի, քաղաքական
կատակլիզմների սցենարով: Գործող Սահմանադրության պատճառով Հայաստանում
տեղի ունեցան 3 պետական հեղաշրջումներ (սեպտեմբերի 26, փետրվարի 4,
հոկտեմբերի 27), որոնք Հայաստանը դարձրեցին արյունոտ շահատակությունների
թատերաբեմ: Այս Սահմանադրությունը սահմանադրական միապետության
Սահմանադրություն է: Հաջորդ ընտրությունները Հայաստանում լինելու են ոչ թե
քվեաթերթիկներով, այլ լոմով: Բարձր դռան ետեւում կանգնած պարոնայք
ներքեւից իշխանափոխության ճանապարհը խուլ փակում են եւ ընդդիմությանը
պարտադրում են մերկացնել սուրը, անցնել բռնի իշխանազավթման:
– Ինչպե՞ս գործող Սահմանադրությունը նպաստեց նրան, որ մեր երկրում «Հոկտեմբերի 27» տեղի ունեցավ:
-Բանակը, բանակի գեներալիտետը քաղաքականությանը միջամտելիս պետք է քրեորեն
պատժվեին: Փետրվարի 4-ին նախագահն իր տեղում նստած, պաշտպանության
նախարարը լրագրողների հետ միասին ուլտիմատում է դնում իշխանություններին.
«Ուզում եք հազարավոր ղարաբաղցիներ եղաններով ու գերանդիներով գան-լցվեն
Երեւա՞ն», հետո 98-ին երկրապահների սվինների ծայրերով գահակալության տարավ
2-րդ նախագահին:
– Դուք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ձեր վերոնշյալ առաջարկները ներկայացրե՞լ եք համապատասխան հանձնաժողովին:
– Ես 2-3 տարի շարունակ դա հեռուստատեսությամբ ներկայացնում եմ: Բայց նրանք արտապառլամենտական ուժերի հետ հաշվի չեն նստում:
Ես ուժեղ նախագահական համակարգի կողմնակից եմ: Այս անցումային էտապում
անցնել անգլիական պառլամենտարիզմին, հիմնավորված չէ, որովհետեւ այսօր
քաղաքական դաշտը ձեւավորված չէ, խունտիզմի սկզբունքով է գործում: 3-րդ
հազարամյակի սկզբում մեր երկրի առաջ ծառացած գերխնդիրներից մեկն էլ
պատմաաշխարհագրական տարածքների միջավայրի տարածքային ամբողջականության
վերականգնման գերխնդիրն է:
– Ծովից ծով Հայաստա՞ն եք ուզում:
– Ոչ: Դրա մեջ մտնում է Արցախյան հարցի դիվանագիտական փուլը (որպես
Հայկական հարցի բաղկացուցիչ մաս), 1921-ին Հայաստանը մասնատող 3 անեքսիոն
պայմանագրերի դենոնսացիայի հարցը: Մեր գերբի մեջ պետք է անպայման լինեն
Մասիսները: Դրանք պահանջատիրության խորհրդանիշն են:
– Վերջերս մտավորականների ֆորումն ընդդիմադիր կուսակցություններին կլոր
սեղանի հրավեր էր ուղարկել: Ֆորումի ավագանու անդամ Ռաֆայել Ղազարյանն
ասել էր, որ բոլոր ընդդիմադիր կուսակցություններին (բացի ՀՀՇ-ից) այդ
հրավերն ուղարկվել է: Դուք նման հրավեր ստացե՞լ եք:
– Ոչ: Դա համարում եմ ստախոսություն: Եվ նրանք` ՀՀՇ-ական Ռաֆայելն էլ,
մնացածն էլ, կեղծ մտավորականներ են: Ո՞վ է հայտարարել, որ այդ Լենսերն ու
ֆիզիկոս Ռաֆայելը մտավորականներ են: Ո՞ր մտավորականության մասին է խոսքը.
տեխնիկակա՞ն մտավորականության, թե՞ քաղաքական մտավորականության: Դրանք
ի՞նչ քաղաքական մտավորական են:
Ես հայտարարում եմ, որ Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը կգնա
նախագահական ընտրություններին իր սեփական թեկնածուով, ԱԺ
ընտրություններին՝ իր սեփական ցուցակով: Ելնելով գաղափարական եւ
տակտիկական սկզբունքից` մենք ոչ մեկի հետ բլոկ չենք ձեւավորելու: