ՀՀ կառավարությունը երեկ ԱԺ էր ուղարկել 2010թ. բյուջեի վերաբերյալ պատգամավորների եւ խմբակցությունների առաջարկների ամփոփաթերթիկը: Դրանք սովորաբար լինում են դպրոցների կամ ուսումնական այլ հաստատությունների, երբեմն նաեւ՝ առողջապահական հիմնարկների, ջրագծերի վերանորոգման առաջարկներ: Սովորաբար դրանք պետական հաստատություններին վերաբերող ծրագրային առաջարկներ են: Շատ չմանրամասնելով այս փաստաթղթի էությունը` միայն նշենք, թե ՀՀ կառավարությունը խորհրդարանական հատկապես որ խմբակցությունների առաջարկներն է ընդունել: ՀՀԿ կուսակցության 104 առաջարկներից 100-ը ընդունվել է: Ընդամենը 2 առաջարկ չի ընդունվել, որոնցից մեկը վերաբերում է ԱԺ-ին: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկել էր 2010թ. ԱԺ-ի բենզինի ծախսերն ավելացնել 70 մլն դրամով: Կառավարությունը չի համաձայնել: Կառավարությունը նույն առատաձեռնությունն է դրսեւորել նաեւ ԲՀԿ խմբակցության նկատմամբ ու համաձայնել է ֆինանսավորել նրանց 69 առաջարկներից
65-ը: Բայց կոալիցիոն մյուս գործընկեր ՕԵԿ-ի նկատմամբ նման առատաձեռնություն չի ցուցաբերվել: Ֆինանսավորել է այս խմբակցության 36 առաջարկներից ընդամենը 11-ը: Մյուսների դեպքում կառավարությունից պատասխանել են, թե հարցը կքննարկվի, կամ պարզապես առաջարկը մերժվել է: Նման վերաբերմունքից արդեն իսկ կարելի է եզրակացնել, թե իշխանությունները որ կուսակցության նկատմամբ` ինչպիսի վերաբերմունք ունեն: Ու քանի որ այս առաջարկներն ու իրականացվող ծրագրերը հիմնականում նպատակ ունեն հաջորդ ընտրությունների համար քվեներ ապահովել, կարելի է նաեւ եզրակացնել, որ ՕԵԿ-ին դժվար օրեր են սպասվում: ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններից առաջ իր շարքերն ընդունեց վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրա թիմին: Այժմ Տ. Սարգսյանի միջոցով իշխող կուսակցությունը որոշել է, որ բյուջեի փողերը պետք է ծախսվեն իրենց առաջարկների վրա: Մեխանիզմը պարզ է. այդ դպրոցների կամ հաստատությունների վերանորոգվելուց հետո հանդիսավոր բացում կկազմակերպվի, որին ներկա կգտնվեն ՀՀԿ-ական պատգամավորները: Եվ կհայտարարվի, որ այդ ամենը եղավ ՀՀԿ-ի շնորհիվ: Այդպիսով վերանորոգված դպրոցներին կհրահանգվի ընտրել իրենց բարերար ՀՀԿ-ին: Ավելի տխուր վիճակ է խորհրդարանական ընդդիմության դեպքում: «Ժառանգության» 56 առաջարկներից ընդունվել է ընդամենը 3-ը, իսկ ՀՅԴ-ի 24 առաջարկներից եւ ոչ մեկը չի ընդունվել: Նրանց առաջարկներից մի քանիսի դեպքում պարզապես նշված էր, որ արդեն նախատեսված է ֆինանսավորում: