Երեկ Ազգային ժողովը քննարկում էր Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հարցը: Հայաստանը պետք է ՆԱՏՕ-ի կազմում 40 հոգանոց զորամիավորում ուղարկի այդ երկիր:
Հիշեցնենք, որ Աֆղանստանն աշխարհի ամենաբարդ երկրներից է եւ այդպիսին է եղել վերջին հարյուրամյակների ընթացքում: Դա մի երկիր է, որտեղ պարտություն են կրել անգլիացիները, Խորհրդային Միության բանակը: Անկախ իր աշխարհաքաղաքական շահերից, թե ԱՄՆ-ը ինչո՞ւ է որոշել «գրավել» Աֆղանստանն ու այդ նպատակով ավելացնել զորամիավորումների քանակը, պետք է ընդունել, որ մինչեւ հիմա դրան ուղղված բոլոր հնարավոր փորձերը ցանկալի արդյունք չեն տվել: Եվ վերջապես, ՆԱՏՕ-ի զորքերը Աֆղանստանում են շուրջ 8 տարի: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ն ներկայացնում են, որ նպատակ ունեն այդ երկրում պայքարել ահաբեկչության, նարկոբիզնեսի եւ նման այլ երեւույթների դեմ: Սակայն միջազգային վիճակագրության համաձայն՝ միայն նարկոբիզնեսի ծավալներն այդ տարիներին ավելացել են 42 անգամ: Միջազգային մամուլի հրապարակումների համաձայն` Աֆղանստանը բոլոր առումներով հիմա ավելի վատ վիճակում է, քան կար խորհրդային զորքերի ներկայության պայմաններում: Բացի այդ, Աֆղանստանի կեսից ավելին դեռ վերահսկում են թալիբները, եւ ոչ մի երաշխիք չկա, որ նոր մեծաքանակ զորամիավորումների ավելացման պարագայում ՆԱՏՕ-ի առաքելությունը հաջողություն կունենա: Բացի այդ, դեռ չի արդարացվել Իրաքում պատերազմական գործողություններ իրականացնելու եւ նորից հսկայական զորամիավորումներ այնտեղ պահելու հարցը: Մեր երկիրը խաղաղապահ զորամիավորումներ էր ուղարկել նաեւ Իրաք: Ամեն դեպքում երեկ պատգամավորները տարակուսում էին, թե արդյոք իմաստ ունի՞ միանալ նման առաքելությանը, որը նախապես դատապարտված է ձախողման: «30 տարի առաջ` 1979թ. խորհրդային բանակը մտավ Աֆղանստան: Ու 1989թ. Պոլիտբյուրոյի որոշմամբ երբ դուրս եկավ, թե ԽՍՀՄ-ում եւ թե Արեւմուտքում քննադատություններ էին հնչում, թե Աֆղանստան մտնելու քայլը սխալ էր: Արդյո՞ք 10 տարի հետո այս որոշումն էլ սխալ կհամարվի,- հարցնում է ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը եւ ավելացնում,- Ես համոզված եմ, որ 1979թ. դեկտեմբերին, եթե ԽՍՀՄ-ը չմտներ, հաստատ 5-6 ամիս հետո ԱՄՆ-ը կմտներ: Այստեղ աշխարհաքաղաքական շահերի բախում է: Հիմա արդեն ՌԴ-ն դեմ է ՆԱՏՕ-ի այս քայլերին: Աշխարհաքաղաքական խնդիրներ են: 2001թ. սեպտեմբերի 11-ի տեռորիստական ակտից հետո, որպես Բեն Լադենի ու թալիբան շարժման բնօրրան՝ մուտք գործեցին Աֆղանստան, ԱՄՆ-ը մտավ Աֆղանստան: Հիմա 43 երկիր իր զորամիավորումներն ունի այնտեղ: Մենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք, մեզ օգնում են: Եվ 140 հազար զորամիավորման մեջ 40 հոգին մի բան չէ: Մտահոգություններ կան, բայց, այո, մենք մեր դիվիդենտները կունենանք»:
ԱԺ-ում թեեւ դեմ չէին, որ ՀՀ-ն ՆԱՏՕ-ի կազմում զորամիավորում ուղարկի Աֆղանստան, սակայն այդ քայլը որակեցին որպես ետ չմնալու, աշխարհի հզորներին, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հաճոյանալու քայլ: Այնպես, ինչպես մի քանի տարի առաջ Հայաստանը վարվեց ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի դեպքում եւ զորամիավորումներ ուղարկեց Իրաք: «Եթե դուք գտնում եք, որ այլ պետությունների հետ առանց հարաբերությունների ու համակրանք տածելու հնարավոր է հեղինակության ու վարկի բարձրացման խնդիր կատարել, ես գտնում եմ, որ առանց դրա հնարավոր չէ արտաքին քաղաքականություն վարել: Առաջին հերթին դա մեզ համար ենք անում, որ լավ լինի: Կարծում եմ, որ այս առաքելությունը նպաստելու է մեր խնդիրների իրականացմանը, միջազգային անվտանգության համակարգի ձեւավորման մեջ մենք մեր սեփական մասնաբաժինը կունենանք»,- մեկնաբանեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը պատահական չհամարեց, որ հենց այս օրերին է քննարկվում Աֆղանստան զորամիավորում ուղարկելու հարցը: Ավելին, նա դա նույնիսկ պատմական քայլ համարեց: Երեկ երեկոյան կայացավ Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանդիպումը: Նրանք պետք է քննարկեին Աֆղանստանի դեպքում համագործակցության մասին հարցը: Աֆղանստանն իսլամական երկիր է, եւ Թուրքիան չի ուզում իր կրոնին դեմ դուրս գալ ու այնտեղ զորամիավորում ուղարկել: Սակայն ԱՄՆ-ը Թուրքիային ստիպելու լծակներ ունի, եւ այդ լծակներից մեկն էլ Հայկական հարցն է: Այնպես որ, թե՛ հայ-թուրքական հարաբերություններն ու սահմանի բացումը, եւ թե՛ ԼՂՀ հարցը ինչ-որ առումով կախված են Օբամա-Էրդողան հանդիպման արդյունքներից: Եթե Թուրքիան համաձայնի համագործակցել ԱՄՆ-ի հետ եւ զորամիավորում ուղարկի Աֆղանստան, ուրեմն կպահանջի ու հավանաբար կստանա այս երկու հարցերի` իրենց համար նպաստավոր լուծման երաշխիքներ: Հակառակ դեպքում ԱՄՆ-ը նորից կբարձրացնի Ցեղասպանության ճանաչման հարցը եւ կփորձի Թուրքիային ճնշել՝ Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու համար: