Երեկ օրվա երկրորդ կեսին սպասվում էր, որ Ազգային ժողովը լսելու է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամների յոթ թեկնածուներին ու նրանց հարցեր է ուղղելու: Համենայնդեպս, ԱԺ-ից թեկնածուներին այդպես էին տեղեկացրել, եւ նրանք պարտաճանաչ ներկայացել էին քննարկմանը:
Հիշեցնենք, որ ՀՌԱՀ անդամների 4 թափուր տեղի համար պայքարում են 7 թեկնածուներ: Թեկնածուներից երեքը ներկա կամ նախկին լրագրողներ են. «Ստերեո ստուդիայի» հիմնադիր Կարեն Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի օգնական, լրագրող Գոհար Արշակյանը եւ «Հայոց աշխարհ» թերթի լրագրող Գեւորգ Հարությունյանը: Հաջորդը` «Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ Կորյուն Առաքելյանն է, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Արմեն Մկրտչյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հայկ Քոթանյանը եւ Հարկային ծառայության պետի նախկին տեղակալ Արամ Մելքոնյանը: Երեկ, սակայն, թեկնածուներին խոսելու հերթ չհասավ: Նրանք պետք է ելույթ ունենային եւ ասեին, թե ինչո՞ւ են ուզում դառնալ ՀՌԱՀ անդամ, ինչպե՞ս են պատկերացնում ոլորտի զարգացումները եւ այլն: Ամենայն հավանականությամբ, թեկնածուներին ելույթի եւ պատգամավորների հարցերին պատասխանելու հնարավորություն կընձեռվի այսօր կամ վաղը: Դրանից հետո պատգամավորները պետք է փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեն ՀՌԱՀ ապագա 4 անդամներին:
Ու թեեւ դեռեւս այդ փակ-գաղտնի քվեարկությունը տեղի չի ունեցել, երեկ արդեն ԱԺ-ում խոսակցություններ կային, թե ո՞ւմ է բախտ վիճակվելու դառնալ ՀՌԱՀ անդամ: Ասում էին, որ արդեն ՀՀ նախագահական նստավայրից ԱԺ խմբակցություններին հրահանգել են ընտրել Կ. Առաքելյանին, Ա. Մկրտչյանին, Ա. Մելքոնյանին եւ Հ. Քոթանյանին: Կ. Առաքելյանին այդ հնարավորությունը տվել են, որովհետեւ «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն այլեւս ընդդիմադիր չէ եւ անմնացորդ նվիրված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ա. Մելքոնյանը 2 տարի առաջ է դուրս եկել «Հանրապետություն» կուսակցությունից եւ այժմ, իր իսկ խոսքով` զբաղվում է հասարակական գործունեությամբ: Իսկ թե ինչո՞ւ են նախագահականից որոշել, որ վերջինս լինի ՀՌԱՀ անդամ, երեկ ԱԺ-ում երկու վարկած կար. մեկ, որ նա արդեն համագործակցում է իշխանությունների հետ, եւ երկրորդ, որ եվրոպական կառույցների պահանջն է, որպեսզի ՀՌԱՀ անդամներից մեկը ունենա գոնե ընդդիմադիր անցյալ: Թեկնածուներից Ա. Մկրտչյանն առաջին մարդն էր, ով Եվրոդատարանում Հայաստանի դեմ հայց է շահել: Հաջորդ թեկնածուն` Ա. Մելքոնյանը, 2003-2007թթ. եղել է ՀԾ պետի տեղակալը: Դրանից առաջ 4 տարի եղել է նախկին նախագահ Ռ. Քոչարյանի օգնականը: Նա Ռ. Քոչարյանի հետ է աշխատել նաեւ այն ժամանակ, երբ վերջինս եղել է ՀՀ վարչապետ: ԱԺ-ում երեկ կատակում էին, թե Ա. Մելքոնյանը ՀՌԱՀ-ում Ռ.Քոչարյանի ներկայացուցիչն է: Երեկ մենք զրուցեցինք բոլոր 7 թեկնածուների հետ: Նրանցից 4-ի հետ, բնականաբար, զրուցեցինք այն մասին, որ իրենք արդեն համարվում են ՀՌԱՀ անդամ, քանի որ իշխանությունների կողմից հավանության արժանացած թեկնածուներն են: «Շատ շնորհակալ եմ լավ լուրի համար: Եթե երեկ ասեիք, ես այս գիշեր նորմալ կքնեի ու 3 ելույթ չէի պատրաստի»,- պատասխանեց Ա. Մկրտչյանը:
Նա պատրաստել է 3, 5 եւ 10 րոպեանոց ելույթներ: Եթե ընտրվի` վերջին ելույթը պետք է կարդա: Կ.Առաքելյանն էլ մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ դա իր համար անծանոթ թեմա է եւ առաջին անգամ մեզանից է լսում: «Ինձ համար անակնկալ էր ձեր ասածը: Ինձ թվում է, որ տրամաբանական է, երբ առաջին հերթին նախկինում պետական պաշտոն զբաղեցրածներն ունենան այդ հնարավորությունը»,- ասաց ՀԾ պետի նախկին տեղակալ Ա. Մելքոնյանը: «Ես կուրսի չեմ, թե որտեղից դաբրո կա: Ես պարզապես դիմել եմ»,- ասաց մյուս թեկնածուն` ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հայկ Քոթանյանը:
ՀՌԱՀ-ի անուն լսելիս հայ հանրությունը միանգամից հիշում է «Ա1+» հեռուստաընկերության հետ կատարվածը: 2002թ. եթերից զրկվելուց հետո «Ա1+»-ը բազմիցս մասնակցել է հեռուստաեթերի համար ՀՌԱՀ հայտարարած մրցույթներին, բայցեւ միշտ պարտվել է: Իշխանությունները որոշել են, որ ՀՀ-ում չպետք է գործի իրենց վերահսկողությունից դուրս գտնվող որեւէ հեռուստաընկերություն: Եվ այս բոլոր տարիներին ՀՌԱՀ-ը ամեն ինչ արել է, որպեսզի «Ա1+»-ը եթեր չունենա: Այդ իսկ պատճառով ՀՌԱՀ հանձնաժողովին անդրադառնալիս առաջին հերթին հիշում ենք «Ա1+»-ին: Այնպես որ, ՀՌԱՀ անդամների ընտրության դեպքում էլ անհնար է շրջանցել «Ա1+»-ի թեման: Փորձեցինք բոլոր 7 թեկնածուների կարծիքը ճշտել «Ա1+»-ի եթերազրկման կապակցությամբ: Թեկնածուներից հինգը խուսափեցին կոնկրետ պատասխան տալուց: Որքան էլ տարօրինակ է` նրանք հիմնականում պատասխանում էին, թե լավ ծանոթ չեն գործի էությանը: Առավել խուսափողական պատասխաններ տվեցին այն 4 թեկնածուները, ովքեր մեր տեղեկություններով՝ ՀՀ նախագահականի «դաբրոյով» դառնալու են ՀՌԱՀ անդամ: «Եթե անկեղծ լինեմ, ես իրավունք չունեմ ասել` արդարացվա՞ծ էր, թե՞ ոչ: Ախր սա իրավական պրոցես է, մրցույթ է եղել, եւ հայտեր են քննարկվել»,- ասաց ՀԾ նախկին պաշտոնյա Ա. Մելքոնյանը: «Բավական ժամանակ ես չեմ զբաղվել այդ հարցերով: Եթե Աստված տա՝ ես անցնեմ, նորից կվերանայեմ: Դուք պատասխանատու բան եք հարցնում: Խորանամ-տեսնեմ, թե ի՞նչ վիճակ է»,- մեր հարցին պատասխանեց Կ. Առաքելյանը:
Հիշեցնենք, որ երբ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Ա.Գեղամյանը ընդդիմության դիրքերից էր հանդես գալիս, դատապարտում էր «Ա1+»-ի փակումը: Հիմա երբ նա պատեհ-անպատեհ առիթներով գովաբանում է գործող իշխանություններին, ՀՀ բոլոր եթերները բաց են նրա համար: Եվ նա այլեւս այդ հեռուստաընկերության կարիքը չունի: Հավանաբար հենց այդ պատճառով էլ նրա կուսակիցը մոռացել է «Ա1+»-ին եթերազրկելու հանգամանքները: Այդ հանգամանքները չէր հիշում նաեւ Հ. Քոթանյանը: «Ա1+»-ի եթերազրկման հանգամանքներին, որքան էլ տարօրինակ է, լավ ծանոթ չէին նաեւ լրագրողներ Կ. Վարդանյանը ու Գ. Հարությունյանը: Եվ այս 7 թեկնածուներից միայն Գ. Արշակյանն ուներ հստակ կարծիք. «Պետք է «Ա1+»-ին եթերի հնարավորություն տալ: Բազմակարծությանն ի սկզբանե կողմ եմ: Ավելին, կարող եմ առաջարկել, եկեք Հանրային հեռուստատեսությունում տեղ տվեք, թող բյուջեի հաշվին լինի այլակարծությունը: Այ դա կհասկանամ՝ որպես իսկական ժողովրդավարություն»: