– Որեւէ բան կշահի՞ Հայաստանի տնտեսությունը Թուրքիայի հետ լիարժեք հարաբերությունների հաստատումից:
– Բնականաբար այո, ազատական որեւէ տնտեսության համար բաց սահմանը, լիարժեք հարաբերությունները ինքնին զարգացման նախապայման են: Առավել եւս Հայաստանի պես երկրի համար, որն այս դեպքում ստանում է ճանապարհ դեպի Եվրոպական տնտեսություններ: Բացի այդ, երբ նայում ես առանձին երկրների տնտեսությունների զարգացման պատմությունը, որպես կանոն, փոքր երկրները, որոնք ունեցել են մեծ ու հզոր հարեւաններ եւ կարողացել են լիարժեք հարաբերություններ հաստատել այդ հարեւանների հետ, դրանով իսկ զարգացման երաշխիքներ են ապահովել: Թուրքիան աշխարհի 20 խոշորագույն տնտեսություններից մեկն է, ՀՆԱ ծավալներով հավասարազոր է ՌԴ տնտեսությանը եւ ավելի քան հարյուր անգամ գերազանցում է Հայաստանի տնտեսությանը: Այսինքն` ռազմավարական իմաստով մենք պետք է գիտակցենք, որ այսօր կաթվածահար վիճակի հասցրած, զարգացման որեւէ ներքին երաշխիք ու միտում չունեցող տնտեսության համար այսպիսի հնարավորություն է ստեղծվում: Սակայն խոսքը միայն հնարավորության մասին է, որը կարող է նաեւ իրականություն չդառնալ: Անհրաժեշտ է կատարել լուրջ աշխատանք, մանրամասն վերլուծել, թե մեր տնտեսության հատկապես որ ոլորտները ունեն համեմատական առավելություններ, որոնք կարող են զարգանալ: Օրինակ ՀՀ սահմանից շուրջ 200 կմ շառավղով Թուրքիան չունի խոշոր շինանյութերի, մասնավորապես` ցեմենտի արտադրություն: Ակնհայտ է, որ գրագետ քաղաքականության պարագայում այս պահանջարկը ՀՀ-ն կարող է բավարարել: Հետաքրքիր է ֆինանսական հատվածը, արդյունաբերությունը, հատկապես այն հատվածները, որ ԽՍՀՄ ժամանակ բուռն զարգացում ապրեցին (մեքենաշինություն, ռադիոէլեկտրոնիկա, մեծ քիմիա եւ այլն): Այսօր այդ ճյուղերը կաթվածահար վիճակում են, վաղեմի այդ կարողությունից շատ քիչ բան է մնացել, թերեւս՝ միայն ավանդույթները եւ հուշերը, բայց դա էլ ինչ-որ մի բազա է: Եթե մտածում ենք, որ ՀՀ-ն մի երկիր է լինելու, որի վերջնական արտադրանքը մրցունակ լինի համաշխարհային շուկայում, կարծում եմ՝ դա միայն բարի ցանկություն է: Առավել արդյունավետ է, երբ դու համագործակցում ես զարգացող տնտեսական համակարգի հետ: Այս առումով մեր հարեւանությամբ գտնվող առավել ճկուն եւ դինամիկ զարգացող տնտեսական համակարգը Թուրքիան է: Ի դեպ, Ռուսաստանի տնտեսությունը դեռ չի առանձնանում նման արդյունավետությամբ: Այստեղ մենք բազմաթիվ անելիքներ ունենք, օր շուտ պետք է մտածենք օրենսդրության մերձեցման մասին, գնանք հարկային ռեժիմների նույնացմանը, առնվազն հավասար պայմաններ պետք է լինեն մեր եւ Թուրքիայի արտադրողների համար: Բայց ամենակարեւորն այն է, որ լիարժեք հարաբերությունների հաստատման պարագայում մենք ընդամենը հնարավորություն ենք ստանում, որը կարելի է օգտագործել միայն խելամիտ լինելու պարագայում, հակառակ դեպքում այն հղի է վատ հետեւանքներով, կորուստներով: Այս առումով, եթե մեր երկրի ընդհանուր տնտեսական ու քաղաքական պատկերը չփոխվի, մենք ոչ մի արդյունքի չենք հասնի, որեւէ բան չենք շահի: Մի 5-10 տարի հետո կունենանք երկիր, որը հեղեղված է թուրքական թեեւ էժան, սակայն, բնականաբար, ամենացածրորակ արտադրանքով, որի անգամ այսօրվա փոքրաթիվ արտադրությունները կանգնած կլինեն, եւ որը համարյա ոչինչ չի արտահանի: Անգամ մենաշնորհները, որ այսօր շահեկան վիճակում են, ոչ մի բան չեն կարողանալու անել ու քայքայվելու են: Մեր պարագայում կլինի ճիշտ այնպես, ինչպես եղավ ԽՍՀՄ տնտեսության հետ, երբ մենաշնորհային տնտեսությունը, զրկվելով արտոնյալ պայմաններից, չդիմացավ մրցակցության նվազագույն դրսեւորումներին եւ քայքայվեց: Այսինքն` եթե իշխանությունները խելքի չգան եւ կտրուկ միջոցների չդիմեն, դատապարտված ենք լինել մի երկիր, որի քաղաքացիները իրենց ապագան կապելու են այլ երկրների հետ, իսկ մնացողները բարեկամներից փող ստանալով են յոլա գնալու: Եթե դա չլինի, ոչ մի արդյունք չի կարելի ակնկալել հարաբերությունների բարելավումից:
– Չե՞ք կարծում, որ ամենահավանականը հենց այդ տարբերակն է:
– Ոչ, կարծում եմ հակառակը` իշխանության եկած ցանկացած ուժ միգուցե սկզբում հաշիվ չտա, թե ինչ է անում, բայց, ի վերջո, ուշքի պետք է գա: Մտածում եմ, որ այսօրվա իշխողները, որոնք առանձնանում են առավելապես փողա- եւ փառասիրությամբ, ու որոնց որակական հատկանիշների մասին դրական շատ քիչ բան կարելի է ասել, դրանք էլ կգիտակցեն, որ այսպես շարունակել չի կարելի, որ կորուստները լինելու են անդարձելի: Ի վերջո, նոր սերունդ է գալիս, նոր մարդիկ, լավ թե վատ՝ նոր պատկերացումներով, նոր պահանջներ են դնում: Նաեւ գիտակցում եմ, որ փոփոխություններ չիրականացնելը խորացնելու է այս անտանելի վիճակը, անհանդուրժողականությունը, հանգեցնելու է քաղաքական մերժողականության, եւ ի վերջո՝ ֆաշիզմի, որը շատ կարճ կյանք է ունենալու:
– Առաջընթաց տեսնո՞ւմ եք այդ առումով:
– Ընդհանուր առմամբ` այո: Կարող եմ ասել, որ հասարակության տեսակետից ՀՀ-ն այսօր շատ ավելի լավ վիճակում է գտնվում, քան 5 տարի առաջ: Թեեւ մարտի 1 ապրեցինք, բայց դա հասարակության մեջ դրական զարգացումների հետեւանք էր` առաջին հերթին տգիտության ու կեղծիքի նկատմամբ անհանդուրժողականության արդյունք: Տասնամյա մի շրջան ապրեցինք, երբ որեւէ խնդիր, ծրագիր քննարկելու ցանկություն անգամ չկար, որի արդյունքը հանդիսացավ մարտի 1-ը: Հիմա մի քիչ ձգված են: