Պարզվում է՝ հայ կանայք օրական կտրվածքով ուսման վրա միջինը ավելի շատ ժամանակ են ծախսում, քան տղամարդիկ։ Այսպես, եթե տղամարդիկ ուսման վրա օրական ծախսում են
36 րոպե, ապա կանայք այդ նպատակին հատկացնում են 43 րոպե։ Սակայն, արի ու տես, որ ուսման պակասը չի խանգարում, որպեսզի տղամարդիկ եկամտաբեր աշխատանքի վրա ծախսված ժամանակով մի քանի անգամ գերազանցեն կանանց (տղամարդիկ՝ օրական 4 ժամ 51 րոպե, կանայք՝ 1 ժամ 41 րոպե)։
Այս տվյալները ներկայացրել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ «Հայաստանում 2008թ. հոկտեմբերի 1-31-ը ժամանակի օգտագործման հետազոտության արդյունքները» զեկույցում։ Սակայն վիճակագիրները տղամարդկանց գլուխ գովելու տեղ չեն թողել՝ անմիջապես ավելացնելով, որ տնային տնտեսության եւ ընտանիքի խնամքի կամ չվճարվող աշխատանքների վրա կանայք ծախսում են օրական 5 ժամ 12 րոպե, այսինքն՝ 5 անգամ ավելի, քան տղամարդիկ (1 ժամ 03 րոպե): Արդյունքում ստացվում է, որ ընդհանուր աշխատանքը (վճարովի եւ չվճարվող աշխատանքների հանրագումարը) տղամարդկանց համար կազմում է 5 ժամ 54 րոպե, իսկ կանանց համար՝ 6 ժամ 53 րոպե։
Կարդալով այս տվյալները՝ առաջին հայացքից կարելի է եզրակացություն անել, որ Հայաստանում գործազրկությունը շատ ավելի բարձր է, քան պաշտոնական վիճակագրության տվյալներով։ Դասական իմաստով՝ գործազրկություն կարելի է համարել ոչ միայն այն դեպքը, երբ մարդն ընդհանրապես աշխատանք չունի, այլ նաեւ՝ երբ նա մասամբ է զբաղված։ Եթե նկատի ունենանք, որ միջին աշխատաժամանակը կազմում է օրական 8 ժամ, ապա ստացվում է, որ տղամարդն օրական զբաղված է եկամտաբեր աշխատանքով՝ 60%-ով, իսկ կինը՝ 25%-ով։ Սակայն դա այնքան էլ այդպես չէ։ Բանն այն է, որ այս ցուցանիշը հաշվարկվում է որպես միջին թվաբանական՝ 15-80 տարեկան բոլոր տղամարդկանց եւ կանանց համար, հաշվի չառնելով այն, թե զբաղվո՞ւմ են նրանք եկամտաբեր աշխատանքով, թե՞ ոչ: Այսինքն՝ այս ցուցանիշի հաշվարկման համար հիմք են ծառայում թե՛ միջին տարիքի աշխատանք ունեցող մարդկանց, եւ թե՛ առավոտից երեկո տանը նստած թոշակառուների տվյալները։ Ըստ ԱՎԾ զեկույցի, օրվա ընթացքում փաստացի միջին հաշվով զբաղված են կանանց 33%-ը եւ տղամարդկանց 60%-ը։ Եվ եթե հաշվարկը կատարվում է հենց այս՝ աշխատող խմբերի համար, ապա ստացվում է, որ միջին աշխատանքային օրը տղամարդկանց համար կազմում է 8 ժամ 08 րոպե, իսկ կանանց համար՝ 5 ժամ 4 րոպե։
Տվյալները, թե Հայաստանի կանայք եւ տղամարդիկ օրական կտրվածքով որքան ժամանակ են տրամադրում տարբեր գործողություններին, կարելի է գտնել աղյուսակում, որտեղ երեւում է, որ տղամարդիկ օրվա մեջ միջին հաշվով 1.5 ժամով ավելի ազատ ժամանակ են ունենում, քան կանայք։ Հուսով ենք՝ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անհասկանալի կազմակերպությունները այս տվյալը չեն դարձնի մատի փաթաթան։ Հատուկ նրանց համար շեշտենք, որ ի հեճուկս տարածված կարծիքի, հայ տղամարդկանց կեսից ավելին (53%-ը) զբաղվում է տնային տնտեսության եւ ընտանիքի խնամքով։ Ճիշտ է, տղամարդիկ միջին հաշվով դրան հատկացնում են օրական շուրջ 2 ժամ՝ կանանց 5 ժամ 24 րոպեի դիմաց, սակայն դա էլ վատ չէ։ Հետազոտության արդյունքներով, աշխատանքային օրերին տղամարդկանց եւ կանանց ազատ ժամանակի տարբերությունն ավելի քիչ է: Ի դեպ, ազատ ժամանակի գերակշռող մասն ընկնում է պասիվ ժամանակի անցկացմանը, այն է` հեռուստացույց դիտելուն:
Նշենք նաեւ, որ օրական ժամանակը տնօրինելու հարցում բավական մեծ տարբերություն կա քաղաքային եւ գյուղական բնակավայրերի միջեւ։
Օրինակ՝ գյուղական բնակավայրերում տղամարդկանց 72%-ն է զբաղվում եկամտաբեր աշխատանքով, իսկ քաղաքային բնակավայրերում՝ ընդամենը 54։ Կանանց դեպքում տարբերությունն ավելի մեծ է. գյուղական համայնքներում՝ 50%, քաղաքներում՝ 26։ Սակայն, մյուս կողմից, քաղաքկի մարդիկ օրական միջին հաշվով ավելի շատ են աշխատում, քան գյուղերում։ Քաղաքային բնակավայրերում կանայք եկամտաբեր աշխատանքի վրա ծախսում են միջինը 6 ժամ 11 րոպե, տղամարդիկ՝ 9 ժամ 16 րոպե։ Մինչդեռ գյուղական համայնքներում պատկերն այսպիսին է՝ կանայք՝ 3 ժամ 46 րոպե, տղամարդիկ՝ 6 ժամ 28 րոպե։ Ընդ որում, սրան զուգահեռ, գյուղական բնակավայրերում տղամարդիկ տնային տնտեսության եւ ընտանիքի խնամքի վրա ավելի շատ ժամանակ են ծախսում (2 ժամ 37 րոպե), քան քաղաքի այրերը (1 ժամ 38 րոպե)։
Հետազոտությունը արտացոլել է նաեւ այնպիսի իրողություններ, որոնք, այսպես թե այնպես, հայտնի են բոլորին։ Օրինակ այն, որ ամուսնանալուց հետո տղամարդը սկսում է ավելի շատ ժամանակ տրամադրել եկամտաբեր աշխատանքին, իսկ կինը՝ ընտանիքին։ Ըստ հետազոտության արդյունքների, աշխատանքի վրա ժամանակի համեմատաբար փոքր ծախսը, միայնակ անզավակ տղամարդկանց դեպքում, հասնում է իր առավելագույն մեծությանը ամուսնացած/համատեղ ապրողների խմբերում, հատկապես մինչեւ 6 տարեկան երեխա ունեցող տղամարդկանց համար: Կանանց դեպքում՝ տնային տնտեսության եւ ընտանիքի խնամքի վրա ծախսված ժամանակը երեխա ունեցող ամուսնացած կանանց համար 2.3 անգամ ավելի շատ է, քան միայնակ, առանց զավակների կանանց համար: Իսկ ազատ ժամանակի տեւողությունը համապատասխանաբար 1.4 անգամ պակաս է:
Աղյուսակ 1. Գործունեությունների վրա ծախսված միջին ժամանակը տնային տնտեսությունների
15-80 տարեկան բոլոր անդամների հաշվով, ինչպես նաեւ գործունեություններ իրականացրած անձանց տեսակարար կշիռը եւ նրանց կողմից ծախսված միջին ժամանակը միջին օրվա ընթացքում, ըստ սեռի (ներառյալ շաբաթվա բոլոր օրերը):