«New York Times»-ի հաղորդմամբ` շախմատի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը վաճառել է Նյու Յորքում գտնվող իր նախկին բնակարանը եւ հենց նույն քաղաքում վարկով, պենտհաուս նոր բնակելի շենքում 3,4 մլն դոլարով բնակարան է ձեռք բերել, որը հատակագծել է ամերիկացի աշխարհահռչակ ճարտարապետ Ռոբերտ Շտերնը (Robert A.M. Stern FAIA): Շտերնի նախագծած պենտհաուսը գտնվում է Ամստերդամ ավենյուի 76-րդ փողոցում: Կասպարովի նոր բնակարանը, որի մակերեսը կազմում է 162 քմ, բաղկացած է երեք ննջասենյակներից: Պենտհաուսը գնվել է 10%-անոց զեղչով` մոտ 350 հազ. դոլար, եւ 1,25 մլն դոլարի վարկով: Ինչպես հայտնի է, 81 քառ. մ մակերեսով նախկին բնակարանը Կասպարովը գնել էր 2005թ. 320 հազ. դոլարով, իսկ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին վաճառել է այն գրեթե կրկնակի թանկ` 630 հազ. դոլարով: Ամերիկյան վերլուծաբանների հավաստմամբ` Կասպարովը հրաշալի գործարք է իրականացրել` կրկնակի գնով վաճառելով այն: Ի դեպ, թերթի հաղորդմամբ` Կասպարովը Նյու Յորքում շախմատային դասընթացներ` մասթեր-քլասներ է անցկացնում, եւ այստեղ են բնակվում նրա նախկին կինը` Մարիա Արապովան, եւ դուստրը` Պոլինան: Իսկ այս նոր բնակարանում Կասպարովն ապրելու է իր կնոջ` Դարյա Տարասովայի հետ, ով գրոսմայստերից 20 տարով փոքր է: Նշենք նաեւ, որ ճարտարապետ Շտերնը ամերիկյան մի քանի համալսարանների, բանկերի, թանգարանների, գրադարանների շենքերի նախագծող ճարտարապետն է եւ սիրում է համագործակցել հատկապես Disney-ի հետ: