«Մենք արժանի չենք ՀՀ քաղաքացի լինելու պարգեւին»,- ասում է Բաքվի փախստական Ռոբերտ Խաչատուրյանը

08/12/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ռոբերտ Խաչատուրյանն իր երկու որդիների եւ 84-ամյա հաշմանդամ հոր հետ 1996 թվականից բնակվում է Ավան համայնքի հոսպիտալի շենքում: 1988թ. դեկտեմբերի 6-ին նրա ընտանիքը Բաքվի ջարդերից մի կերպ փրկվելով` տեղափոխվել է Հայաստան: Ասում է` «Երեւանում հանգրվանեցինք հարազատների տանը, հետո տեղափոխվեցինք ուրիշ բարեկամների տուն, հետո որոշ ժամանակ՝ մեկ այլ բարեկամի տուն, թափառականի նման… Հետո քեռիս, որը նույնպես փախստական էր, Մասիսում մի քրդի տուն էր գնել. մեզ թույլ տվեց որոշ ժամանակ էլ այնտեղ ապրել: Հետո տեղափոխվեցինք Աբովյանում ապրող մեկ այլ բարեկամի տուն»: 1991թ. Ռոբերտն ընտանիքի հետ տեղավորվել է Ազատության պողոտայում գտնվող մի գիշերօթիկ դպրոցի շենքում, որն, ի դեպ, բնակեցված էր հիմնականում Բաքվի փախստականներով: Երկու տարի անց դպրոցի շենքում ծնվել է Ռոբերտի առաջնեկը` Ալեքսանդրը, որն օրեր շարունակ մթության ու սոսկալի ցրտի մեջ ապրելու հետեւանքով ձեռք է բերել բրոնխիալ ասթմա հիվանդությունը: «Սարսափելի օրեր էինք անցկացնում: 15 հոգով փայտ ու վառելիք էինք հայթայթում, կրակ էինք վառում, որ երեխաները մի քիչ տաքանան: Տղաս չդիմացավ ցրտին ու ծանր հիվանդացավ: Նա մշտապես հիվանդ էր, դրա համար էլ 5 տարեկանից հաշվառված է որպես հաշմանդամություն ունեցող անձ: Մանկուց հաշմանդամ է եւ երկու տարին մեկ անգամ հաշվառման է անցնում համապատասխան բժշկական հանձնաժողով` հաշմանդամությունը հաստատելու համար»,- ասում է Ռոբերտը: Որդու` Ալեքսանդրի 16 տարին լրանալուց հետո հաշմանդամությունը հաստատելու համար առողջապահական բոլոր հաստատությունները պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ, որից, սակայն, Ռոբերտը հրաժարվում է: Ռ. Խաչատուրյանը դիմել էր մեր խմբագրություն` հայտարարելով, որ խախտվել է միջազգային կառույցների կողմից հաստատված եւ Հայաստանի կողմից որպես պարտավորություն ընդունած իր որդու իրավունքները: Բանն այն է, որ Բաքվի փախստականի վկայական ունեցող Ռ. Խաչատուրյանի որդիներին մեր պետությունը տալիս է ոչ թե փախստականի կարգավիճակ, այլ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որից, սակայն, նրանք հրաժարվում են: Ռ. Խաչատուրյանը պնդում է, որ փախստականների ժառանգներն ունեն ընտրության իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ-ի կողմից հաստատված միջազգային իրավունքով: Այսինքն` փախստականի ընտանիքը դիտարկվում է իբրեւ մեկ միավոր, եւ փախստական ծնողների ժառանգները նույնպես դիտարկվում են որպես փախստականներ: «Որդիս սովորում է համալսարանում, որտեղից նույնպես անձնագիր են պահանջում: Ցանկացած հարցով դիմելիս անձնագիր են ուզում, բայց նա միջազգային բոլոր իրավունքներով կարող է որոշել` ունենալ փախստականի՞ վկայական, թե՞ ՀՀ քաղաքացիություն: Արդյո՞ք ՄԱԿ-ի հռչակագրերը ՀՀ պաշտոնյաների համար պատասխանատվություն չեն ենթադրում: Ի վերջո, կարելի՞ է մարդուն ստիպել դառնալ ՀՀ քաղաքացի, եթե նա չի ցանկանում դա անել: Չէ՞ որ մենք մինչ այսօր փախստականի, թափառականի կենցաղով ենք ապրումգ եւ Հայաստան պետությունը մեզ չի էլ ճանաչում, ուրեմն` ինչո՞ւ պիտի ցանկանանք դառնալ ՀՀ քաղաքացիներ»,- դժգոհում է Ռ. Խաչատուրյանը, ում այս դիտարկումը գուցեեւ խորամանկ քայլ է, այդուհանդերձ վերջինս պարզապես պահանջում է, որ ՄԱԿ-ի կողմից հաստատված միջազգային կոնվենցիայով իր որդիներին ընտրության հնարավորություն տան: Ռ. Խաչատուրյանը վերջերս դիմել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանին. «Հարցնում եմ` իմ երեխան պարտավո՞ր է ընդունել ՀՀ քաղաքացիություն: Պատասխանում են` ոչ, ՀՀ քաղաքացիություն ընդունելը կատարվում է կամավոր սկզբունքով, եւ որեւէ մեկը չի կարող պարտադրել Ձեզ եւ Ձեր ընտանիքի անդամներից որեւէ մեկին ընդունել ՀՀ քաղաքացիություն»: Չնայած Գ. Եգանյանի բանավոր այս պատասխանին, այդուհանդերձ, ՀՀ ՏԿՆ Միգրացիոն գործակալության պետի տեղակալ Դ. Հակոբյանը Ռ. Խաչատուրյանի գրավոր դիմումին ի պատասխան՝ պարզաբանել է. «Ի պատասխան Ձեր 2009թ. նոյեմբերի 2-ի դիմումի հայտնում եմ, որ ինչպես 1999թ. մարտի 3-ի «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով, այնպես էլ 2008թ. նոյեմբերի 27-ի «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն փախստական է ճանաչվում այն օտարերկրյա քաղաքացին, որը ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետեւանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս եւ չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով չունենալով քաղաքացիություն եւ գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ: Մինչդեռ Ձեր որդին` Ալեքսանդր Խաչատուրյանը, ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, եւ Ադրբեջանը ոչ նրա քաղաքացիության երկիրն է, եւ ոչ էլ մշտական բնակության երկիրը: Ելնելով վերոգրյալից` Ա. Խաչատուրյանը չի կարող ունենալ փախստականի կարգավիճակ»: Հակադրվելով Միգրացիոն գործակալության պետի տեղակալի մեջբերած փաստարկներին՝ Ռ. Խաչատուրյանն էլ ներկայացնում է 1951թ. ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված «Ընտանիքի միասնության սկզբունքը» հոդվածն, ըստ որի` հասարակության մեջ պաշտպանվում է փախստականի միասնական ընտանիքի կարգավիճակ ունենալու իրավունքը: Այսինքն` փախստականի կարգավիճակ կարող է ունենալ նաեւ փախստականի ինչպես կինը, այնպես էլ` ժառանգները, որով պաշտպանվում է միասնական ընտանիքի սկզբունքը: Այդուհանդերձ, Ռ. Խաչատուրյանի կարծիքով` փախստականների ՄԱԿ-ի կողմից հաստատված միասնական ընտանիքի սկզբունքի կիրառումը Հայաստանում չի կատարվում մեկ պատճառաբանությամբ. որպեսզի փախստականների հարցը փակվի, այսինքն` այդ սերունդն ինքնին կվերանա, իսկ նրանց ժառանգների հանդեպ արդեն որպես ՀՀ քաղաքացիների` մեր պետությունը ոչ մի պարտավորություն չի ունենա: «Շատ պարզ տրամաբանություն է. մեր երեխաներին կստիպեն ընդունել ՀՀ քաղաքացիություն, այնուհետեւ կհայտարարեն` վերջ, մենք այլեւս չունենք փախստականներ եւ չունենք պարտականություններ: Ի վերջո, փախստականների սերունդը կամաց-կամաց մոտենում է իր վախճանին, իսկ փախստականների ժառանգներն արդեն փախստականի կարգավիճակ չունեն, նրանք ՀՀ քաղաքացիներ են: Հասկանո՞ւմ եք, սա նույնպես ուժային մեթոդ է, ստիպում են ընդունել ՀՀ քաղաքացիություն, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունն այսքան տարիների ընթացքում մեզ չի ճանաչում, մեզ արհամարհում է: Ես հիմա բնակվում եմ հոսպիտալի շենքում, եւ պետությունն ինձ բնակարան չի տրամադրում: Վաղը ես չեմ լինի, իսկ իմ երեխաները կշարունակեն թափառականի կյանքով ապրել, բայց չէ՞ որ Բաքվում ունեցել եմ տուն ու տեղ»: Ռոբերտն ասում է, որ կինը լքել է իրեն եւ երեխաներին՝ միայն այն պատճառով, որ այլեւս ի զորու չի եղել գոյատեւել հոսպիտալի շենքում եւ անմարդկային սոցիալական պայմաններում: Ի դեպ, նրա ընտանիքը միայն հոսպիտալի տնօրենի բարի կամքի դրսեւորման շնորհիվ է 10 տարուց ավելի բնակվում այդ շենքում: Նրա ծանր հաշմանդամություն ունեցող մայրը վերջերս է մահացել, իսկ տարեց հայրը մահամերձ վիճակում է: Մեր հարցին, թե արդյո՞ք ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը եւ փախստականի վկայական պահանջելը չի ենթադրում որդիներին զինվորական ծառայությունից ազատելու կամ որպես փախստականներ այլ երկրում հանգրվան գտնելու միտում` վերջինս պատասխանում է` «Հասկացե՛ք` ինչպես ուզում եք, ենթադրեք` ինչ ուզում եք: Կա միջազգային իրավունք, որը Հայաստանում ոտնահարվում է եւ, որը տղաներիս տալիս է փախստականի կարգավիճակ: Ես հոգնել եմ, չեմ էլ ուզում արդարանալ կամ Ձեր նշած հարցի պատասխանը տալ, որովհետեւ բոլորն ուզում են դրդապատճառներ գտնել, իսկ մենք, պարզապես, մեր իրավունքից օգտվել ենք ուզում: Հայաստանում մշտական բնակության վայր հատկացնելուց մեր իշխանությունները հրաժարվում են, այդ հարցը փակ է: Այսինքն` մարդը, որն ուզում է իրեն պաշտպանել օրենքով` բոլորը հարցնում են` իսկ ի՞նչ նպատակով ես դա անում: Ուրեմն` փակեք դատարանները, որտեղ մարդիկ փորձում են պաշտպանել իրենց իրավունքները, որովհետեւ դատարանն էլ կարող է օրենքով պաշտպանվել ցանկացող մարդու գործողություններում նպատակ փնտրել: Դուք ընդունել եք ՀՀ քաղաքացիություն, եւ որեւէ մեկը Ձեզ չի ստիպել. ուրեմն` մենք էլ ունենք իրավունք, ընտրություն, ազատություն: Միգրացիոն գործակալությունից էլ նման հարց հնչեցրին, եւ ես պատասխանեցի` շնորհակալություն ՀՀ իշխանություններին, որ մեզ ՀՀ քաղաքացիություն են տալիս, բայց ես եւ իմ ընտանիքը արժանի չենք այդ բարձր պարգեւին` ՀՀ քաղաքացի լինելուն: Հասկացեք՝ ինչպես ուզում եք…»:

Ինչեւէ, Ռոբերտ Խաչատուրյանը վրդովված հայտարարում է, որ Բաքվի հայությունը Հայաստանի ճանապարհը «բռնելու» հարցում մեծ սխալ է թույլ տվել, քանի որ փախստականները մինչեւ այսօր ՀՀ-ում ընկալվում են որպես 3-րդ «սորտի» մարդիկ, հետեւաբար գործատուներն էլ նրանց տրամադրում են միայն «սեւ» գործեր, իսկ շատերն էլ գործազրկության եւ աղքատության պատճառով հիվանդանում ու մահանում են. «Մենք ճակատագրով խորտակված մարդիկ ենք: Մեր հոգիները ավերված, ջարդված են: Թող հանգիստ թողնեն մեզ եւ առհասարակ մոռանան մեր գոյության մասին: Մինչեւ հիմա չեն հիշել, որ մենք կանք, ուրեմն` այլեւս թող չհիշեն փախստականների գոյության մասին»: