Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բնականոնացման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցությունների գործընթացները փոխկապակցելու` Ադրբեջանի մոտեցումն ընկալելի չէ միջազգային հանրության համար: «Թրենդին» տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել երկրի Դիվանագիտական ակադեմիայի արտաքին քաղաքական ծրագրերի տնօրեն Ֆարիզ Իսմաիլզադեն: «Արեւմուտքի կարծիքով, երկու խնդիրները միանգամից լուծելն ավելի դժվար է, քան` առանձին-առանձին: Ուստի սահմանների բացման ու Լեռնային Ղարաբաղի հարցերի կապի մասին մեր դիրքորոշումն այնտեղ չի ընկալվում ու աջակցություն չի ստանում,- ասել է Ֆարիզ Իսմաիլզադեն ու հավելել,- Արեւմուտքի ու Թուրքիայի նման մոտեցումը կարող է հարցականի տակ դնել ռազմավարական այնպիսի կարեւոր նախագծի իրականացումն, ինչպիսին «Նաբուկոն» է, եւ ժամանակի ընթացքում Ադրբեջանը կարող է մեծացնել Ռուսաստանին մատակարարվող գազի ծավալը»:
Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին` փորձագետն ասել է. «Թուրքիան թերագնահատեց Ադրբեջանին: Թուրքական կառավարությունը կարծում էր, որ կարող է հեշտությամբ արձանագրություններն անցկացնել խորհրդարանում, եւ չէր սպասում Ադրբեջանի այսպիսի ակտիվ ու սուր արձագանքին: Իմ կարծիքով, պաշտոնական Բաքվի դիրքորոշումը բացարձակապես ճիշտ էր, քանի որ այդ արձագանքից հետո թուրքական կառավարությունը ստիպված եղավ հաշվի նստել Ադրբեջանի կարծիքի հետ: Թուրքիայում կառավարող կուսակցության սխալն այն էր, որ նրանք հույս ունեին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում առաջընթաց կլինի: Նրանք հաշվի չէին առել, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում զիջումների չի գնալու: Ապրիլին մոտ Թուրքիայի վրա ճնշումները կմեծանան եւ, ի վերջո, Անկարան կարող է տեղի տալ, սահմանները բացել` փոխելով սեփական քաղաքական հայտարարությունների տոնայնությունը»: