Վաղը կայանալիք «Արդարություն» դաշինքի նիստից առաջ երեկ ՀԺԿ-ն առանձին
նիստ է անցկացրել, որտեղ բացի ՏԻՄ ընտրություններին
մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշումներ կայացնելուց, քննարկել է
նաեւ օգոստոսի 29-ին ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ
նիստին մասնակցելու հարցը: Ըստ ՀԺԿ լրատվական ծառայության ղեկավար Ռուզան
Խաչատրյանի, քանի որ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների
վերաբերյալ ընդդիմության ներկայացրած առաջարկներն ընդունել են միայն
«կիսով չափ»` անտեսելով օրինական հանրաքվե անցկացնելու համար համապատասխան
մթնոլորտ ձեւավորելու, այսինքն` ընտրակեղծարարներին պատասխանատվության
ենթարկելու հարցը, ՀԺԿ-ն որեւէ հիմք չի տեսնում սահմանադրական
փոփոխությունների քննարկումներին «բովանդակային, առարկայական
մասնակցություն ցուցաբերել»: «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը
ո՛չ այդ նիստով սկսվում է, ո՛չ էլ ավարտվում: Մենք նիստին մասնակցելու
ենք, որպեսզի հանրությանն իրազեկենք, թե ինչ է իրականում տեղի ունենում,
իսկ բովանդակային քննարկումներից զերծ ենք մնալու»,- ասաց Ռ. Խաչատրյանը:
Իսկ ինչ վերաբերում է ՏԻՄ առաջիկա ընտրություններին` «այն տեղերում, որտեղ
մենք չունենք կոնկրետ թեկնածուներ, ՀԺԿ վարչությունն առաջարկեց պաշտպանել
անկուսակցական այն թեկնածուներին, ովքեր վարկաբեկված չեն»,-ասաց Ռ.
Խաչատրյանը: