Մեկ հայի անուն է գրանցվել

08/12/2009

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը շարունակում է դեռեւս ճշտել դեկտեմբերի 5-ին Պերմում գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի արդյունքում տուժածների մեջ իր քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Գեւորգ Մինասյանը: Ըստ նրա` իրավիճակը բավական լարված է, տուժածներին տեղավորում են երկրի տարբեր մարզերի հիվանդանոցներում, իսկ որոշներին էլ` տեղափոխել են Մոսկվա: Մինասյանը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանի ԱԻՆ կայքում տեղադրված տուժածների ցանկում նշվում է 1974թ. ծնված Էդուարդ Ղազարյանի անունը, եւ այս պահին դեսպանատունը փորձում է պարզել նրա քաղաքացիությունը: Նշենք, որ համաձայն նախարարության տեղեկատվության, Ղազարյանը տեղափոխվել է Պերմի Ինդուստրիալ շրջանի հիվանդանոցի տոքսիկոլոգիայի բաժանմունք, նրա մարմինն այրվել է 90 տոկոսով: Հիշեցնենք, որ Պերմի զվարճանքի վայրերից մեկում բռնկված հրդեհին, ճշտված տվյալներով, զոհ են գնացել 103 հոգի, իսկ 130-ը այրվածքներ են ստացել: Միջադեպի նախնական վարկած էր համարվում, այսպես կոչված` «սառը հրավառությունը», կազմակերպիչները չէին հաշվարկել հաստատության առաստաղի բարձրությունը, հրավառության շիթը հասել էր առաստաղին, որն էլ վայրկենապես բռնկվել էր: Այնուհետ որպես վարկած սկսեց քննարկվել լուսավորող սարքերի հոսանքալարի պոկվելը: