Ռուսաստանի Դաշնության տարածքում ՌԴ քաղաքացիների եւ այլազգիների միջեւ ամուսնությունների քանակը նվազում է, սակայն սերը ուկրաինացիների, հայերի եւ տաջիկների հանդեպ ռուսների մոտ չի մարել։ ՌԴ Պետդումայում տեղի ունեցած «կլոր սեղանի» ժամանակ Դումայի փոխնախագահ Նադեժդա Գերասիմովան նշել է, որ ռուսաստանցիների եւ օտարերկրացիների միջեւ 2007թ. գրանցվել է 68.499 ամուսնություն, 2008թ.՝ 60.627, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ 29.317 ամուսնություն։
Կլոր սեղանի ընթացքում ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ ռուսները նախապատվությունը տալիս են իրենց նախկին հայրենակիցներին՝ նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներին։ Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, ռուսաստանցիներն առաջին հերթին նախընտրում են ուկրաինացիներին՝ 7298 ամուսնություն։ Երկրորդ տեղում Հայաստանի քաղաքացիներն են՝ 4144 ամուսնություն։ Եռյակը եզրափակում են տաջիկները, որոնց դեպքում առաջին 6 ամիսների ընթացքում գրանցվել է 3473 ամուսնություն։
Ռուսներն անտարբեր չեն նաեւ ադրբեջանցիների (3033 ամուսնություն), ուզբեկների (2881), մոլդովացիների (2439) եւ ղազախների (1239) նկատմամբ։
Հետաքրքիր կապ է նկատվում քաղաքական զարգացումների եւ ամուսնությունների վիճակագրության միջեւ։ Այսպես, ռուս-վրացական հարաբերությունների վատթարացմանը զուգահեռ՝ տարեցտարի նվազում են այս երկրների քաղաքացիների միջեւ ամուսնությունները։ Եթե 2006թ. Ռուսաստանում գրանցվել էր ռուսների եւ վրացիների միջեւ 1375 ամուսնություն, ապա 2007-ին դրանց թիվը նվազել է՝ հասնելով 1287-ի, 2008թ.՝ 1233-ի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է ընդամենը 431 ամուսնություն։ Հակառակ սրան՝ մեծացել են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի քաղաքացիների հետ ամուսնությունները։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ռուսաստանցիները «սառում» են Մերձբալթյան երկրների՝ Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի քաղաքացիների նկատմամբ։ Եթե 2008թ. այս երկրների ներկայացուցիչների հետ գրանցվել էր ընդհանուր առմամբ 654 ամուսնություն, ապա այս տարվա առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 194։ Փոխարենը՝ ռուսաստանցիները սկսել են հետաքրքրություն ցուցաբերել գերմանացիների, թուրքերի, հրեաների, բրիտանացիների, չինացիների, ամերիկացիների, ճապոնացիների եւ չեխերի նկատմամբ։
Ավելացնենք նաեւ, որ այս տարի չի արձանագրվել ոչ մի ամուսնություն՝ ռուսաստանցիների եւ հետեւյալ երկրների քաղաքացիների միջեւ՝ Գաբոն, Գամբիա, Գվատեմալա, Զիմբաբվե, Նամիբիա, Քուվեյթ, Թայվան։ «Մերժվածների» թվում են նաեւ Հոլանդիայի, Լիխտենշտեյնի եւ Լյուքսեմբուրգի ներկայացուցիչները։