Բուժիչ նամակներ

08/12/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Մրգերի թագուհին

Մեր ընթերցողներից հուշեցին, որ անդրադառնալով բազմաթիվ բույսերի օգտակար ու բուժիչ հատկություններին, այնուամենայնիվ, չենք անդրադարձել «մրգերի թագուհու»` խնձորի բուժիչ ու անգնահատելի հատկություններին:

Եվ իրոք խնձորը լայն կիրառում ունեցող միրգ եւ դեղաբույս կարելի է համարել: Բուժական նպատակներով օգտագործում են խնձորենու պտուղները եւ տերեւները: Անտառային խնձորենու պտուղները եւ տերեւները պարունակում են լուծահանվող նյութեր, սպիտակուցներ, կատեխիններ, օրգանական թթուներ (խնձորաթթու, գինեթթու, կիտրոնաթթու, քլորոգենաթթու, սալիցաթթու, արաբինաթթու, բորաթթու, ասկորբինաթթու), կարոտինոիդներ, պեկտինային ու դաբաղային նյութեր, թաղանթանյութ, շաքարներ, երկաթ, ֆոսֆոր, մանգան, պղինձ, B1, B2, B9, P վիտամիններ: Խնձորի սերմերը պարունակում են ճարպանյութեր, տերեւները` վիտամին C, իսկ կեղեւը՝ մեծ քանակությամբ դաբաղանյութեր ու գունանյութեր:

Խնձորը դրականորեն է ազդում սուր եւ քրոնիկ աղիքաբորբերի բուժման ընթացքի վրա: Դրա մեջ գտնվող պեկտինային նյութերը կապակցում եւ օրգանիզմից դուրս են մղում խոլեստերինը, որով եւ բուժիչ ազդեցություն են ունենում աթերոսկլերոզի կանխման ընթացքի վրա: Խնձորը` որպես ցածր կալորիականությամբ սննդանյութ, անփոխարինելի է ճարպակալումը բուժելու գործում: Խնձորի օգնությամբ բուժում են նաեւ այլ հիվանդություններ. քաղցր խնձորն օգտակար է հիպերացիդային ստամոքսի բորբոքման, խոցային հիվանդությունների, լեղուղիների եւ լյարդի հիվանդությունների, իսկ թթու խնձորը` հիպացիդային ստամոքսի բորբոքման, կոլիտի, լեղուղիների դժվարաշարժության բուժման համար:

Հաստ աղիի սուր բորբոքման բուժման համար օգտագործվում է հասուն քաղցր խնձորի մածուկ: Այն արդյունավետ է նաեւ սակավարյունության դեպքում, իսկ եփած խնձորը` փորկապության, ինչպես նաեւ՝ սրտի անբավարարության եւ պոդագրայի ժամանակ: Խնձորի տերեւներն էլ առաջարկում են օգտագործել որպես վիտամինային հումք:

Թթու խնձորից ստանում են խնձորաթթվային հումք, որն օգտագործվում է սակավարյունության բուժման համար: Խնձորի հյութով խյուսանման զանգվածով կարելի է դեմքին դիմակ դնել, քանի որ դա օգնում է դեմքի մաշկի բորբոքումներին:

Ժողովրդական բժշկության մեջ խնձորի եփուկն օգտագործվում է նաեւ որպես մարսողությունը լավացնող ու հազը թեթեւացնող միջոց: Եփած խնձորն օգնում է օրգանիզմին ազատվել միզաթթվից: Խնձոր առաջարկվում է շատ օգտագործել նաեւ այն մարդկանց, ովքեր ունեն սկլերոզ, հոդային եւ քարային հիվանդություններ:

Եթե փորձեք կտրվածքների կամ այրվածքների վրա կտրած խնձոր դնել, կտեսնեք, թե որքան է մեղմանում ցավը: Խնձորի կեղեւն օգտագործվում է գորտնուկների վերացման համար:

Թարմ խնձորների խյուսը` կարագի կամ ճարպի հետ 1:1 հարաբերությամբ, օգնում է քերծվածքների ու ճաքճքած մասերի արագ լավացմանը: Խնձորի հյութը շատ լավ թարմացնող միջոց է համարվում երեխաների ու նաեւ տարեցների համար: Այն խորհուրդ է տրվում խմել նաեւ շաքարախտի ժամանակ: Նշված բուժական հատկություններով օժտված է նաեւ խնձորից պատրաստված գինին եւ քացախը:

Դեմքի մաշկը սնուցող, մաքրող ու տոնական տեսք հաղորդող դիմակ

Լորենու ծաղկի, եղեսպակի խոտի, երիցուկի, դաղձի, կալենդուլայի եւ դաշտային ձիաձետի խառնուրդին (հավասար քանակությամբ) ավելացնել եռջուր եւ թողնել մնա 1 օր փակ ամանի մեջ: Հետո այն քամել, ավելացնել մի քիչ մեղր ու եփած օսլա, որպեսզի ստացվի մածուցիկ քսուք: Այս քսուքը կարելի է առանձնացնել մեկանգամյա օգտագործման չափաբաժիններով, լցնել ապակե տարայի մեջ ու պահել սառնարանում: Մեկ անգամ դիմակ դնելու համար պետք է վերցնել անհրաժեշտ քանակությամբ քսուք, մի քիչ տաքացնել, այնուհետեւ լավ շերտով քսել դեմքին ու պարանոցին: Այս դիմակը պետք է մաքրել 20-25 րոպե հետո` տաք ջրով: Այնուհետեւ դեմքը պետք է սառը ջրով լվանալ ու չորացնել փափուկ անձեռոցիկով: Այս դիմակն ունի մաքրող ու սնուցող հատկություն: Այն հարթեցնում է մաշկն ու մաքրում դեմքը կորյակներից: Սրանից հետո դեմքին կարելի է քսել ձեր սովորական դիմափոշին կամ քսուքը, որը դուք օգտագործում եք սովորաբար: Իհարկե, շատ պրոբլեմատիկ մաշկ ունեցողներին, նախքան դիմակն օգտագործելը, խորհուրդ է տրվում դիմել կոսմետոլոգի: